ՎԱԳՈՆՈՒՄ Է ԱՊՐՈՒՄ, ԱՆՑՈՐԴՆԵՐԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՎԱՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի` անապահով վիճակում գտնվող հերթական զրուցակիցը Բուզանդ փողոցում մուրացող մի կին է, որը Լենինգրադից է եկել Հայաստան` հուսալով, որ  այստեղ կապրի արժանապատիվ կյանքով: Մեր զրուցակցին այդ փողոցում արդեն ճանաչում են, եւ տեսնելով, որ «Ժողովուրդ»-ը զրուցում է կնոջ հետ, անցորդները մոտենում էին եւ ասում.  «Լավ կին ա,  ոչ մեկին չի խանգարում, իրա համար գալիս ա, մի քանի կոպեկ հավաքում, թողում-գնում, պետք չի իրան նեղացնել: Էս տարածքի մարդիկ իրան լավ գիտեն, ինքը վատ բան չի անում, ուղղակի տուն-տեղ չունի»: Եվ հասկանալով, որ մենք տիկնոջը չենք  նեղացնում, հանգիստ սրտով հեռանում էին: Մեր զրուցակից 60-ամյա Ռիտա Ամիրյանն ասաց, որ Սովետաշենում է բնակվում ու  մի մեծահասակ կնոջ  է օգնում` նրան տրամադրելով այն տարածքի մի մասից, որտեղ ինքն է ապրում: Մուրացիկ կինն ասաց, որ  որդիները լքել են իրեն` թողնելով փողոցներում. «Մի հատ վագոնի մեջ ենք մնում, լավ ա մի քանի տղերք կային, էդ վագոնը տվեցին մեզ, հիմա ըտեղ ես եմ ապրում, ու իմ հետ մի հատ կին ա մնում, ես ամեն օր գալիս եմ էս փողոց, փող եմ հավաքում, տանում, մեզ հաց եմ առնում»: Տիկին Ռիտան նշեց նաեւ, որ այդ վագոնը չունի ո՛չ լույս, ո՛չ էլ ապրելու որեւէ  հարմարություն. «Մի հատ կառավաթ ունենք, երկուսով ըտեղ ենք քնում, էլ ոչ մի բան չունենք: Լույս էլ չունենք: Բայց ոչինչ, մի ժամանակ փողոցում էինք քնում, լավ ա, որ էդ վագոնն էլ ճարեցինք»: Մեր զրուցակիցը շնորհակալություն հայտնեց ժողովրդից, որի տված գումարով  կարողանում է ապրել ու օգնել իր հետ ապրող կնոջը. «Հա, բալա՛ ջան, օրական մի էրկու հազար դրամ հավաքում եմ, լավ ա, որ ինձ ու իմ հետի տատուն օգնում են, թե չէ չգիտեի` ի՞նչ պետք է անեինք»:  Պարզվեց, որ տիկինը Հայաստանում կատարվող ոչ մի իրադարձության տեղյակ չէ, չգիտի անգամ, թե ով է մեր երկրի նախագահը. «Որտեղի՞ց իմանամ, թե  ով ա, ո՛չ տելեվիզր ունենք, ո՛չ լույս: Ինձ չի էլ հետաքրքրում` ով ա, ես մենակ ուզում եմ, որ իմ ու էդ տատու համար հացի փող տան, ինձ պետք չի ոչ մեկի օգնությունը»:  62-ամյա կինն ասաց, որ եթե գոնե Լենինգրադում լավ լինեին ապրելու պայմանները, անպայման կգնար այնտեղ, ոչ թե կմնար փողոցներում ու փող կմուրար: Կնոջ խոսքերով` եթե Հայաստանում ժողովուրդը խղճում ու փող է տալիս իրենց, ապա այնտեղ ոչ մեկը ուշադրություն անգամ չի դարձնում իրենց «նմաններին»: «Չէ հա, էնտեղ էլ լավ չէր, չէին օգնում, ստեղ էլ լավ չի, բայց ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ»,-վրդովված ասաց մուրացիկ կինը: Տատիկի խոսքերով` ինքը ոչ մեկին չի դիմելու օգնության համար, որովհետեւ չգիտի էլ, թե ով կարող է իրեն օգնել. «Ոչ մեկին էլ չեմ դիմի, ի՞նչ ասեմ, ինձ պետք չեն դրանք, մենակ ուզում եմ, որ էս տարածքի մարդիկ ինձ չասեն գնա՛, խնդրում եմ, դուք էլ իրանց ասե՛ք, որ ինձ չնեղացնեն»:  Ռիտա տատիկը մեզ հետ խոսում էր շատ արագ ու խնդրում, որ ինչ հարցեր ունենք, անհապաղ տանք ու  հեռանանք` չխոչընդոտելով իր «աշխատանքը». «Ցա՛վդ տանեմ, ախր գործիս ես խփում, ասա՛ ինչ ասում ես ու  գնա՛,  անցնում են ու փող չեն տալիս»: «Ժողովուրդ»-ը հեռացավ` փորձելով տատիկի «գործին չխփել», իսկ նրան դեռեւս երկար ու «բազմաչարչար»  «աշխատանքային» օր էր սպասվում:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս