Երկու դեպք` ԱԻՆ-ում. նախարարը ռիսկային խմբում է. տանից կաշխատի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունից հետո ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում, կարելի է ասել, աշխատանքային ֆորմատի փոփոխություն է տեղի ունեցել: Բանն այն է, որ օրվա մեջ երկու անգամ՝ առավոտյան եւ երեկոյան, ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները ախտահանում են Երեւանի եւ մարզերի ավտոկայանները, կանգառների տաղավարները:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ, որը նախօրեին մասնակցել է կառավարության նիստին ու արդեն երեկվանից որոշել է իր աշխատանքներն իրականացնել տանից, քանի որ նախարարի տարիքը ռիսկային է, շփումներն աշխատակիցների հետ՝ վտանգավոր:

-Պարո՛ն Ցոլակյան, ի՞նչ աշխատանքներ է իրականացնում այս օրերին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, կա՞ն կոնկրետ աշխատանքներ, որը ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության պայմաններում իրականացնում է Ձեր ղեկավարած գերատեսչությունը:

-Գերծանրաբեռնված աշխատում ենք, ամբողջ համակարգը բերված է բարձր պատրաստականության, բոլոր մարզերում խմբեր են ստեղծված, որոնք պատրաստ են ամեն րոպե ե՛ւ ախտահանման, ե՛ւ մյուս բոլոր աշխատանքները կատարելու համար: Այն հատվածը, որը շփվում է հասարակության հետ, մարդկանց հետ, իրենց մենք բոլորին ապահովել ենք պաշտպանական այն միջոցներով, որն անհրաժեշտ է: Առաջին օրվանից, երբ սկսվել է ասենք տարհանում, կարանտին, մենք այդ ժամանակվանից սկսել ենք ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ աշխատել, սերտ համագործակցել ենք:

Մեր տրանսպորտային միջոցներով, մեր աշխատողների միջոցով այդ ամենը մենք կազմակերպել ենք՝ օդանավակայանից տեղափոխել ենք Ծաղկաձոր, Դիլիջան եւ այլն, մենք ենք այդ ամենի կեսն անում: Պլանները, որոնք այս ժամանակահատվածի համար կիրառում են, բոլորը, այդ ամենը մենք իրականացնում ենք: Մենք անում ենք ախտահանումներ ամբողջ հանրապետության ավտոկանգառներում, պետական հիմնարկների ախտահանումները, այսպես է կարգը. եթե դիմում է պետական հիմնարկը, ապա մենք դա իրականացնում ենք: Այսինքն՝ իրենք դիմում են մեզ ախտահանման համար, մենք դա իրականացնում ենք:

-Այսինքն՝ պետական կառույցների ախտահանումն անում եք այն դեպքում, երբ որ դիմո՞ւմ է լինում ձեր նախարարությանը. եթե չկա դիմում, ապա նման բան ձեր գերատեսչությունը չի՞ իրականացնի:

-Մեզ, օրինակ, կարող է դիմել մարզպետարանը, ասել, որ այսինչ հիմնարկում անհրաժեշտություն կա ախտահանման, մենք էլ դա իրականցնում ենք: Կամ կարող է մեզ դիմի ինչ-որ մի նախարարություն ու ասի, որ մեր այսինչ գրասենյակը կամ այսինչ տեղն անհրաժեշտ է, մենք այդ ժամանակ անում ենք: Այս օրերին ծանրաբեռնված աշխատում է նաեւ 911 ծառայությունը, նաեւ ուսուցում ենք կազմակերպել Առողջապահության նախարարության միջոցով, որպեսզի մերոնք, նաեւ կորոնավիրուսի հետ կապված, քաղաքացիների ուղղած հարցերին պատասխան տան: Ուսուցումից հետո մերոնք արդեն պատասխանում են այդ հարցերին, մոտավորապես 600-ից ավելի զանգ է եղել կորոնավիրուսի հետ կապված, որին պատասխանել են մեր աշխատակիցները:

-Իսկ ի՞նչ հարցեր են ուղղում բնակիչները Ձեր գերատեսչությանը՝ վիրուսի հետ կապված:

-Մարդիկ դիմում են վիրուսի հետ կապված, մեկը ջերմություն ունի, մեկը էս, մյուսը էն, մենք խորհուրդ ենք տալիս՝ ուր գնա, ինչ անի եւ այլն: Ուզում եմ նշել, որ ախտահանումները, որոնք մենք իրականացնում ենք Երեւանում, այդ նույն թվով իրականացրել ենք մարզերում. ընդհանուր թվով 660-ից ավել կանգառներ կար, որից 320-ը Երեւանում էր, իսկ մնացածը մարզերում էր:

Մենք դա անում ենք ամենօրյա ռեժիմով՝ առավոտյան եւ երեկոյան, անձրեւների դեպքում մենք դա չենք անում, սպասում են, դրանից հետո ենք մեր աշխատանքներն իրականացնում: Հետո շատ կարեւոր է մեր անձնակազմի պաշտպանության հարցը: Մենք արդեն ունենք երկու դեպք վարակված, ունենք մեկուսացվածներ: Մեկուսացրել ենք մեր հինգերրորդ՝ Արաբկիրի ջոկատը, այնտեղից 11 հոգու մենք մեր ուժերով ենք մեկուսացրել, մեր բժիշկներն են հսկողության տակ պահում: Աշխատում ենք, որպեսզի հերթափորխերն այնպես կազմակերպենք, որպեսզի մի հերթափոխը մյուսին չհանդիպի, այսինքն՝ մի հերթափոխը դուրս է գալիս, ախտահանում է իրականացվում ջոկատում, որից հետո նոր խումբը մուտք է գործում:

-Ձեր նշած երկու դեպքերը ի՞նչ շրջանակից են վարակվել, արդյոք քաղաքացիների հետ աշխատանքի միջոցո՞վ է այն փոխանցվել:

-Չէ, կնոջից է փոխանցվել, կինն էլ արտադրամասի աշխատող է եղել, ինքը եկել է աշխատանքի չիմանալով, ինչի համար էլ վարակել է մեկ ուրիշին, մեր փրկարար ծառայության աշխատակիցներն են, մենք կանխարգելիչ բոլոր միջոռացումները ձեռնարկել ենք, արդեն դրա մասին խոսեցի: Վիճակները լավ է, բողոքներ առանձնապես չկան: Այն կառույցները, որոնք աշխատում են բնակչության հետ, նրանք ռիսկի գոտում են: Մենք նաեւ պատրաստ պետք է լինենք

ՀՀ-ում տեղի ունենալիք արտակարգ իրավիճակներին, որոնց մենք անպայման արձագանքում ենք, դա մեր աշխատանքն է, մենք այն իրականացնում ենք:

-Պարո՛ն Ցոլակյան, Դուք ե՞ւս տանից եք աշխատում:

-Այո, երեկվանից արդեն տանից եմ աշխատում, կառավարության նիստի եմ եղել ու արդեն եկել տուն, հեռախոսով անընդհատ աշխատանքի մեջ եմ, տարիքս ռիսկային խմբում է, դրա համար տանից պետք է աշխատեմ: Կաբինետում էլ էլի հեռախոսով պետք է աշխատեի, դա անում եմ տանից: Անընդհատ կապի մեջ եմ, տեղյակ եմ այն իրավիճակից, ինչ կա, ամեն բան վերահսկվում է:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս