Դեռեւս մարտի 16-ից Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը, կարելի է ասել, սթափության մեջ է պահում նաեւ հայրենի օրենսդիրներին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հատկապես իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին գործադիրից հորդորել են այնպես կազմակերպել իրենց աշխատանքները, որ ցանկացած պահին, երբ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը որոշում կայացնի՝ արտակարգ դրության պայմանների հետ կապված, այն արագ խորհրդարան բերվի ու քվեարկվի:
Ըստ մեր տեղեկությունների՝ պատգամավորներին տեղեկացրել են, որ ցանկացած պահի հնարավոր է անհրաժեշտություն լինի կրկին խորհրդարան ներկայանալ արտահերթ նիստերի ու քննարկումների մասնակցելու համար, պիտի մեկ մարդու պես արվի: Ու իշխանական պատգամավորները մեզ հետ մասնավոր զրույցներում նշում էին, որ իրենք իրենց օրը այնպես են պլանավորում, որ զանգի դեպքում շտապեն խորհրդարան:
Այս օրերին խորհրդարանում պետք է տեղի ունենան ԱԺ հանձնաժողովի նիստերը, քանի որ ապրիլի 14-ին խորհրդարանում պետք է սկսվի ԱԺ հերթական նստաշրջանը: Կարելի է ասել՝ դեռեւս հայրենի օրենսդիրները չեն կենտրոնացել նստաշրջանի օրակարգի հարցի վրա, քանի որ արտակարգ դրության պայմաններում ամեն մեկն այլ գործունեությամբ է զբաղված: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ապրիլի 7-ին դեռեւս միայն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նիստ կանի:
Մենք տեղեկացանք, որ օրակագում մի քանի հարց է: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը առաջարկում է «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչել: Թե առաջիկայում հանձնաժողովի ինչ նիստեր են սպասվում, դեռեւս անհայտ է:
Նյութը ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ