Կանանց միամսյակ հարկավոր չէ, դա պարտավորեցնող մի բան է. Քեթրին Մանասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կարծում եմ՝ կանանց միամսյակ հարկավոր չէ: Դա պարտավորեցնող մի բան է: Տղամարդիկ, որոնք ցանկանում են գովերգել, նվերներ մատուցել կանանց, դա կարող են անել իրենց նախընտրելի օրերին. պարտադիր չէ՝ հատուկ օր կամ ամիս սահմանել»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեսակետ հայտնեց դերասանուհի Քեթրին Մանասյանը:

Հարցին, թե ինչն է կնոջը երջանիկ դարձնում, մեր զրուցակիցը պատասխանեց, որ կյանքի տարբեր շրջաններում տարբեր բաներ են նրան երջանկացնում. «Մի ժամանակահատվածում դա կարող է լինել սիրելի աշխատանքը, մեկ այլ էտապում՝ սիրելի տղամարդը: Երջանկությունը մի քանի բաղադրիչներ ունի: Ամեն դեպքում, այն նյութականի հետ կապված չէ, համենայնդեպս իմ դեպքում: Սովորաբար կինն ուզում է այն, ինչ ինքը չունի: Թեպետ ասեմ, որ ճանաչում եմ կանանց, որոնք ունեն ե՛ւ լավ աշխատանք, ե՛ւ լավ ընտանիք, բայց, արի ու տես, որ երջանիկ չեն»:

Մենք հետաքրքրվեցինք՝ որն է եղել ամուսնու կողմից ստացած ամենահիշարժան նվերը. «Քանի որ, ինչպես նշեցի, նյութականն ինձ համար այդքան էլ կարեւոր չէ, որեւէ շոշափելի նվեր առանձնացնել չեմ կարող: Գնահատում եմ անգամ ամենափոքր մանրուքները: Ամենասովորոական օրերին ստացած մի ծաղիկը կարող է ինձ համար ավելի հիշարժան լինել, քան ցանկացած նվեր»,-մեկնաբանեց Քեթրինը:

Հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանում կանանց մասնակցությունը հասարակական-քաղաքական կյանքին, դերասանուհին պատասխանեց. «Ես վիճակագրությանը ծանոթ չեմ, բայց այնպիսի տպավորություն ունեմ, որ պատկերն այդ առումով կարող էր ավելի հուսադրող լինել: Կանայք դեռ կարող են ավելի ու ավելի ակտիվորեն մասնակցել պրոցեսներին, ավելի որոշիչ դեր ունենալ երկրի համար վճռական պահերին: Կարծում եմ՝ հատկապես մարդասիրական նախաձեռնություններում կանայք կարող են բավական հաջող դրսեւորվել, պարզապես նրանց պետք է ավելի մեծ հնարավորություններ ընձեռել»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս