Իրավական կարգավորումները դեռ մի բան էլ պետք է խստացվեն, որպեսզի ժողովուրդը մնա տանը. Ռոզի Ավետիսովա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կարծում եմ՝ իրավական կարգավորումները նույնիսկ պետք է ավելի խստացվեն, որպեսզի մեր ժողովուրդը մնա տանը: Մարդիկ, որքան էլ գիտակցեն իրավիճակի լրջությունը, պետք է ունենան սթափեցնող ազդակներ: Մեզ մոտ շատ ավելի փափուկ միջոցներ են կիրառում, քան պետք է: Նույնիսկ հասկանալով պահի լրջությունը՝ շատերը մտածում են, որ իրենց, այնուամենայնիվ, ոչինչ չի պատահի, ուստի ժողովրդին տանը պահելու գործընթացը պետք է իրականացվի ղեկավարության ճնշմամբ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեսակետ հայտնեց դերասանուհի Ռոզի Ավետիսովան: Նրա համոզմամբ՝ որքան խիստ լինեն կիրառվող միջոցները, այնքան շուտ մենք կվերադառնանք մեր բնականոն կյանքին:

Դերասանուհին այս օրերին զբաղվում է ինքնակրթությամբ, զարգացնում է անգլերենը, նաեւ զբաղվում է մարմնամարզությամբ: Ի վերջո, հիմա բարենպաստ շրջան է նաեւ հանգստանալու համար. «Ինձ համար շատ դժվար է մնալ «քառակուսու» մեջ, բայց հիմա դադարի շրջան է, ոչինչ չեմ պլանավորում: Չեմ կարող ասել՝ այս ամենը որքան կտեւի. եթե նույնիսկ շուտ դուրս գանք ստեղծված իրավիճակից, երկար ժամանակ պետք կլինի վերականգնվելու համար»,-նկատեց Ռոզին:

Նա նշեց մի քանի գիրք, որոնք կարելի է ընթերցել, եւ ֆիլմ, որոնք կարելի է դիտել այս օրերին: Այսպիսով, Ռոզին առաջարկում է կարդալ Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» եւ «Բիլի Միլիգանի մտքերը» ինչպես նաեւ Մարկ Լեւիի «Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը» գործերը եւ դիտել «Երիտասարդ պապը», «Նոր պապը» հեռուստասերիալները:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս խոսել էր կորոնավիրուսի հետ կապված դրական դինամիկայի մասին. «Առաջիկա շաբաթվա ընթացքում, եթե պահպանենք պարետատան սահմանափակումները, երկուշաբթի օրվանից կսկսենք ռեժիմների թուլացումը եւ կմտածենք բնականոն կյանքին վերադառնալու մասին», – ասել էր վարչապետը։

Աննա Բաբաջանյան




Լրահոս