ՀԱՐՑ. Կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ բակալավրի կրթական ծրագրով բուհ ընդունվելու համար:
Նելլի Մնոյան (38 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրով բուհ ընդունվելու համար դիմորդը ներկայացնում է հետեւյալ փաստաթղթերը`
• լուսանկարով տեղեկանք՝ ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ),
• 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի),
• անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական):
• անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում՝ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից տրվող, անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ,
• զինվորական գրքույկ եւ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի եւ ծառայողական բնութագրի մասին,
• արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր,
• միջազգային եւ հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները,
• ներբուհական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու, ինչպես նաեւ փաստաթղթերն ընդունելու եւ ձեւակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈւՐԴ». Նշենք, որ դիմորդներն ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ եւ ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են մասնագիտությունները՝ ըստ ուսուցման անվճար եւ վճարովի համակարգերի: Համաձայն ընդունելության դիմում-հայտի` դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի` մինչեւ երկու անվճար եւ մինչեւ ութ վճարովի մասնագիտությունների մրցույթին` հանձնելով այդ մասնագիտությունների համար սահմանված բոլոր քննությունները։
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: