ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Կարախանյանն ազատման դիմում է գրել։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ Կարախանյանն ազատման դիմում գրել է կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի հորդորով. պարզվում է նրանք չեն կարողացել իրար հետ աշխատել։ Բացի այս, Կարախանյանից Թովմասյանը շտապել է ազատվել այն պատճառով, որ նա եղել է նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի միակ կադրը, որը նրա ազատումից հետո մնացել էր կոմիտեում։ «Այլընտրանք կադաստր» նախաձեռնող խմբի ղեկավար, կոմիտեի նախկին աշխատակից Գուրգեն Պողոսյանից ArmLur.am-ը հետաքրքրվեց Կարախանյանի ազատման պատճառների մասին։ «Կարախանյանը Սարհատ Պետրոսյանի «մարդն է» և մենք երկար ժամանակ պահանջել եք Կարախանյանից ազատվել։
Ինչպես կոմիտեի ներսում են ասում՝ Սարհատ Պետրոսյանի «ականջն» է եղել։ Բայց Սուրեն Թովմասյանն ազատվելով Սարհատ Պետրոսյանի կադրերից, համակարգ է բերում նախկին ամենակոռումպացված և թալանչի աշխատակցի, որին Սարհատ Պետրոսյանն ազատել էր աշխատանքից։ Խոսքը Արմեն Ալեքսանյանի մասին է։
Չբավարարվելով այդ ամենից` Սուրեն Թովմասյանը երկրորդ խորհրդականի հաստիքի պաշտոնին է ուզում նշանակել Արթուր Ալեքսանյանին, որը ժամանակին կոմիտեում է աշխատել։ Դա ամենաչարաբաստիկ հրամանը կլինի Սուրեն Թովմասյանի կողմից։
Ինչպես է պատահում, որ ղեկավար պաշտոններին նշանակում է մարզային ստորաբաժանման ղեկավարի տեղակալներին։ Ցավում եմ, որ նման կադրային քաղաքականություն է վարվում Սուրեն Թովմասյանի կողմից։ Այն կբերի բացասական հետևանքների և կազդի ոչ միայն իր, այլև՝ կոմիտեի հեղինակության վրա։ Էս ի՞նչ է անում, ու՞մ է բերում պաշտոնի Թովմասյանը. համակարգի կոռումպացված կադրերին նշանակում է բարձր պաշտոնների»- վրդովվեց Գուրգեն Պողոսյանը՝ ընդգծելով, որ հասարակությունը չէր սպասում նման կադրային փոփոխությունների և կառավարման։