«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Նարինե Պետրոսյանն է, որին վերջին շրջանում հետուստադիտողը տեսավ Շիրվանզադեի «Պատվի համար» պիեսի մոտիվներով նկարահանված համանուն ֆիլմում՝ ցոփ ու շվայտ կյանքով ապրող Ռոզալիայի դերում: Նա խոսել է իր դերի, կենսակերպի մասին: Դերասանուհին նշել է, որ ինչ-որ չափով իրեն հաջողակ մարդ է համարում, ինչ-որ չափով՝ ոչ այնքան:
-Նարինե՛, եթե նորից աշխարհ գայիք, կնախընտրեիք ծնվել…
-Հետաքրքրության համար կցանկանայի այլ երկրում ծնվել եւ այլ՝ Վերածննդի դարաշրջանում: Կցանկանայի այլ քաղաքակրթության մաս կազմել:
-Մանուկ, պատանի հասակում հայտնիներից ու՞մ պաստառն եք փակցրել Ձեր սենյակում:
-Իմ կուռքը եղել է «Spice girls» փոփ խմբի անդամ Վիկտորյա Բեքհեմը: Նա մշտապես գրավել է ինձ իր էլեգանտությամբ, կանացիությամբ, հրաշալի օրինակ է եղել՝ որպես կին եւ մայր: Այնքան ուրախ եմ, որ շուրջ 20 տարի անց Վիկտորյա Բեքհեմը ինձ համար մնացել է նույնքան հետաքրքիր եւ համակրելի, որքան նախկինում: Փաստորեն, նախազգացումս ուժեղ էր, դեռ տարիներ առաջ գիտեի, որ նա օրինակելի կին է: Իհարկե, հետաքրքրվել եմ նաեւ մի շարք այլ աստղերի կյանքով, սակայն պատերիս պաստառներին եղել է հենց Բեքհեմը:
-Նույնիսկ ամենադժվար իրավիճակում չպետք է մոռանալ, որ…
-Դու ուժեղ ես, չպետք է դադարել դրական տրամադրվել քեզ հետ պատահող իրադարձություններին:
-Ձեզ միշտ խանգարել են մարդիկ, որոնք…
-Չգիտեն, թե ինչով են զբաղվում, որոնց աշխատանքն իրենց հետ կապ չունի, բայց ես չեմ կենտրոնանում նման մարդկանց արարքների վրա: Ամեն մարդ ինքն է ընտրում ինչպես ապրել. եթե սկսես խորանալ, թե ով ինչ է անում, դրանից սրտնեղես, քո բռնած ճանապարհից կարող ես շեղվել: Եթե ինչ-որ մարդկանց տեսակն ու ապրելակերպն ինձ չի գոհացնում, պարզապես փորձում եմ նրանցից հեռու մնալ:
-«Պատվի համար»-ում Ձեր մարմնավորած կերպարի՝ Ռոզալիայի մեջ կա՞ մի գիծ, որն, ամեն դեպքում, սիրելի է Ձեզ համար:
-Կդժվարանամ ասել: Ես խղճում եմ Ռոզալիային: Իմ առաջին վերաբերմունքը նրա հանդեպ այդպես է արտահայտվել: Թվում է, թե նա իրականում շատ վայրի է, պինդ, ուժեղ, բայց իրականում նրա պահվածքն ինքնապաշտպանական ռեակցիայի արդյունք է: Թերեւս սերիալում նրա քույրը՝ Մարգարիտը, իր լռակյաց տեսակով ավելի պինդ եւ ուժեղ է, քան չկայացած Ռոզալիան:
-Ձեր կենսակերպի մեջ ամենաշատն ի՞նչը կուզենայիք փոխել…
-Ես միշտ ինքս ինձ վերահսկում եմ, փորձում եմ ինքս ինձ հղկել, ճիշտ ժամանակին ճիշտ ուղու վրա ընկել: Կարեւորը, որ չեմ դադարում ինքնակատարելագործվել:
-Օրվա ընթացքում հսկայական ժամանակ եք հատկացնում…
-Իմ մտավոր ու զգայական աշխարհը բալանսի բերելուն, գաղափարներիս, ապրելուս նպատակի մասին մտածելուն: Առհասարակ, հաճախ եմ խորհում իմ գոյության եւ ինձ շրջապատող իրականության մասին:
-Ըստ Ձեզ՝ ո՞րն է կպչուն մտքերից ձերբազատվելու լավագույն ձեւը:
-Երբ մարդ հստակ նպատակակետ է ունենում, մի բանի հասնելու աննորմալ, խելահեղ միտք, նրան կպչուն մտքեր չեն կարող դիպչել, փոխարենը կհամակեն պոզիտիվ մտքեր:
-Կցանկանայի՞ք ապրել գյուղում:
-Ոչ: Գուցե տարիքի հետ ցանկություն ունենամ այցելել գյուղ, մի քանի օրով ապրել այնտեղ, բայց գյուղի կենսակերպն ինձ համար չէ: Ես քաղաքի, արագ, ակտիվ տեմպի մարդ եմ:
-Ինչի՞ համար գումար չեք խնայի:
-Համեղ ուտելիքի, երեխաներիս ցանկությունները բավարարելու համար. դա ինձ համար մեծագույն հաճույք է: Եթե մի բան ինձ կամ կողքիններիս կարող է երջանկացնել, ես դրա համար գումար չեմ խնայի: Բացի այդ, փորձում եմ հնարավորություններիս սահմաններում օգնել նաեւ նրանց, ովքեր ունեն գումարի կարիք:
-Ի՞նչ բիզնես կցանկանայիք ունենալ:
-Հագուստի մոդելավորման հետ կապված բիզնես կցանկանայի ունենալ կամ արտագնա տուրիստական գործակալություն: Կուզենայի այցելել տարբեր երկրներ, որպես գիդ բացահայտել տեղի մշակութային վայրերը:
-Ձեզ հաջողակ մարդ համարո՞ւմ եք:
-Ինչ-որ չափով՝ այո, ինչ-որ չափով՝ ոչ: Միշտ էլ կա մի նշաձող, որին ձգտում եմ հասնել:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ՕՐԱՎԱՐՁՈՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐՍ ՄՆԱՑԵԼ ԵՆՔ ԱՆԳՈՐԾ»
«Մեր ոլորտի մի շարք երաժիշտներ եւ երգիչ-երգչուհիներ, այդ թվում՝ ես, որոնք աշխատում էին օրավարձով, մնացել ենք անգործ: Պետք է լուծել օրավարձով ապրող մարդկանց խնդիրները: Կան մարդիկ, որոնք աշխատանքային պայմանագիր չունեն, գրանցված աշխատողներ չեն, մի բան էլ՝ օրավարձով են աշխատում. ի՞նչ են անելու նրանք: Պատահական չէ, որ ոմանք սոցցանցերի մեկնաբանություններում գրում են՝ ավելի շուտ սովից կմահանանք, քան վիրուսից»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց երգչուհի Ջուսը՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրությանը:
Մենք հիշեցրեցինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ այն քաղաքացիները, որոնք գրանցված չեն որպես աշխատող, կարող են դիմել ՊԵԿ՝ ասելով, որ աշխատել են. եթե պարզվի, որ դա ճիշտ է, գուցե հնարավոր լինի նրանց ներառել աջակցության ծրագրերում: «Չեմ կարծում, որ այդպիսով խնդիրները կլուծվեն»,-մեկնաբանեց երգչուհին:
Նա, խոսելով մեր ժողովրդի ինքնակազմակերպման մակարդակի մասին, նշեց, որ Երեւանի փողոցներում դեռ նկատում է խմբերով հավաքված մարդկանց. «Դա անընդունելի է: Երեւի ոմանք չեն գիտակցում պահի լրջությունը»:
Հետաքրքրվեցինք՝ ինքնամեկուսացման օրերին ինչով է զբաղված Ջուսը: «Սա բավական բարենպաստ ժամանակահատված է մարզվելու, մարմինս ավելի գեղեցկացնելու համար, այնպես որ, լրջորեն զբաղվում եմ ֆիթնեսով, բացի այդ, ֆիլմեր եմ դիտում»,-ասաց նա:
Երգչուհին ֆենթըզի ժանրի երեք ֆիլմի անուն տվեց, որոնք այս օրերին արժե դիտել՝ «ըսՈվՊՔՏՑ», «ԽՏՊ 8 », «կՐՌջՐՈփվՈÿ ՔպրՑպՐՍՈ»:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է խստացված սահմանափակումները առնվազն 10 օրով երկարացնելու մասին: «Եթե կոնկրետ միջոցառումներ չձեռնարկենք, կորոնավիրուսը մեզ կհասնի շատ արագ, չնայած կա նաեւ այդպիսի վարկած, որ կորոնավիրուսով շատ շատերս ենք վարակվելու, եթե ոչ բոլորս»,-ասել է նա:
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ
70 ՄԼՆ ԵՎՐՈ` ՌՈՆԱԼԴՈՒԻ ԴԻՄԱՑ
Թուրինի «Յուվենտուսի» աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այս ամռանը կարող է լքել թուրինյան ակումբը: Իտալական ակումբի ղեկավարությունը շարունակում է ելքեր փնտրել աշխարհում տարածված համաճարակի պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու համ ար: A Bola-ն տեղեկացնում է, որ ստեղծված իրավիճակի պատճառով «Յուվենտուսը» կարող է վաճառել Ռոնալդուի տրանսֆերը 70մլն եվրոյի դիմաց: Ըստ աղբյուրի`«բյանկոներիները» Ռոնալդուին թիմում պահելու տարբերակներ նույնպես ունեն: «Ծեր սինյորան» պատրաստ է եւս մեկ տարով երկարաձգել 35-ամյա պորտուգալացու հետ պայմանագիրը, եթե վերջինս գնա աշխատավարձի զգալի նվազեցման: Մյուս տարբերակի համաձայն՝ Կրիշտիանուն կմնա թիմում մինչեւ 2022 թվականը, երբ կավարտվի նրա պայմանագրի ժամկետը թուրինյան թիմի հետ: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսի» ֆուտբոլիստները համաձայնել են գնալ աշխատավարձերի կրճատման: Ընդհանուր առմամբ Իտալիայի գործող չեմպիոնը ֆուտբոլիստների բարեխիղճ վերաբերմունքի շնորհիվ կխնայի 90 մլն եվրո: COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճառով եվրոպական առաջատար առաջնությունները շարունակում են մնալ դադարեցված:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ