ՀՀ քննչական կոմիտեից այսօր մանրամասներ են հայտնել ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի ունեցած չարաշահումների մասին։ Եվ այդ հաղորդագրության համաձայն, նախարարն այդ ժամանակ եղել է Արմեն Ամիրյանը։
Մասնավորապես Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացում) 3-րդ մասի 1-ին կետով և 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը) 1-ին մասով քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2017թ. Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով ՀՀ մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել և միջնորդավորված, մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար:
Այժմ քրեական գործն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու միջնորդությամբ։ Նշենք, որ այդ ժամանակ նախարարը եղել է Արմեն Ամիրյանը․ նա 2016 թվականի սեպտեմբերի 27-ին էր նշանակվել եւ պաշտոնավարել է մինչև 2018 թվականի մայիսի 2-ը։ Հավելենք, որ ներկայում Արմեն Ամիրյանն ԱՄՆ-ում է բնակվում: