Հարց քաղաքացիներից՝ որքանո՞վ է մեր Եկեղեցին խրախուսում յոգան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ եմ եւ հաճախում եմ յոգայի պարապմունքների: Ուզում եմ իմանալ՝ որքանով է մեր Եկեղեցին խրախուսում յոգան, արդյոք յոգան չի՞ հակասում քրիստոնեությանը, վտանգներ չի՞ պարունակում, որեւէ այլ կրոնի կամ աղանդի հետ կապ չունի՞:

Լիաննա Դանիելյան (30 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Նշենք, որ յոգան դեմ է քրիստոնեական վարդապետությանը: Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդները նրանք են, որոնք, առաքելական ավանդության համապատասխան, մկրտված են Առաքելական Եկեղեցում եւ ամեն կիրակի մասնակցում են Սուրբ Պատարագի` հաղորդվելով Տեր Հիսուս Քրիստոսի հետ:
Հետեւորդ լինել նշանակում է հետեւել` հետեւից գնալ, վստահել, նշված ուղուց չխոտորվել: Չի կարելի հետեւել մեկին եւ համարվել մյուսի հետեւորդ: Բուն քրիստոնեությունը Տեր Հիսուս Քրիստոսի հետ Սուրբ Հաղորդությունն է, ում առաջնորդությամբ մենք կարող ենք հասնել երանավետ հանգստյան, որը մեղքերի քավության միջոցով է լինում:
Յոգայի բերած հանգիստն ու անդրդվելիությունը պատրանք է, որովհետեւ խաղաղության կերպարանք տալով յոգայով զբաղվողին` սվաղում, ծածկում է նրա մեջ մեղքերից վատթարագույնը` հպարտությունը: Յոգայով զբաղվելով` դուք չեք նկատի, թե ինչպես եք ընկնում հպարտության ախտի մեջ: Հենց դա՛ է պատրանքը: Տեր Հիսուս Քրիստոսն ասում է. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը» (Հովհ. 14:6), «Չեք կարող երկու տիրոջ ծառայել» (Մատթ. 6:24):

Արարատյան հայրապետան թեմ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պաշտոնապես ասվում է, որ յոգայի հայրենիքը Հնդկաստանն է, սակայն շատերը պնդում են՝ այն ավելի հին արմատներ ունի։ Արվեստ, գիտություն կամ կրոնական ծիսակարգ. յոգայի մասին բազմաթիվ մեկնաբանություններ կան։ Այն հասկանում են տարբեր ձեւով, ընդունում կամ մերժում տարբեր պատճառաբանություններով։

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected][email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս