Հարց քաղաքացիներից՝ վճարումները ժամանակին չկատարելու դեպքում ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Կնքել եմ վարկային պայմանագիր, որից բխող պարտավորությունների ապահովման համար գրավադրել եմ իմ գույքը: Վճարումները ժամանակին կամ ընդհանրապես չկատարելու դեպքում ի՞նչ հետեւանքներ կարող են առաջանալ։

Վարդուհի Մնացականյան (38 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ վարկի մարման եւ տոկոսների վճարման պարտականությունը չկատարելու կամ ժամանակին չկատարելու դեպքում վարկը դասակարգվում է` դառնալով ժամկետանց, որի դիմաց հաշվարկվում են պայմանագրով նախատեսված տույժեր: Պայմանագրում տույժերի վերաբերյալ դրույթներ նախատեսված չլինելու դեպքում տոկոսները հաշվարկվում են կետանցի (ուշացման) օրվանից մինչեւ պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:

Եթե վարկային պայմանագրի շրջանակներում առկա է գրավադրված գույք, ապա ֆինանսական կազմակերպությունը կարող է իրացնել գրավի առարկան եւ իրացման արդյունքում ստացված գումարը ուղղել վարկային պարտավորությունների կատարմանը:
Եթե իրացման արդյունքում ավելացել է գումար, ապա ֆինանսական կազմակերպությունը պետք է վերադարձնի Ձեզ այդ գումարը, իսկ եթե ստացված գումարը բավարար չէ վարկային պարտավորություններն ամբողջությամբ մարելու համար, ապա Դուք պատասխանատու եք վարկային պայմանագրից բխող պարտավորությունների համար Ձեզ պատկանող մնացած գույքով:

Ֆինանսական համակարգի հաշտարար

«ԺՈՂՈՎՈւՐԴ». Նշենք, որ միայն գրավատուն հանձնված գույքի գրավի դեպքում է, որ գույքի իրացումից հետո գրավատունն իրավունք չունի որեւէ պահանջ ներկայացնել պարտապանի նկատմամբ, եթե անգամ գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարն անբավարար է պահանջը լրիվ բավարարելու համար:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected][email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս