Օ՛Շիին թթվածնային բալոն էր հարկավոր Ռոնալդուի դեմ խաղից հետո. Ռիո Ֆերդինանդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեստեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը պատմել է իր առաջին տպավորությունների մասին Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուից. «2003 թվականին, երբ խաղում էինք «Սպորտինգի» դեմ, առաջին խաղակեսի ավարտից հետո Ջոն Օ՛Շիին թթվածնային բալոն էր հարկավոր, քանի որ Ռոնալդուին վերցրել էր իր վրա:

Նա քամված նստել էր նստարանին եւ ծանր էր շնչում: Նրան խնդրեցինք ավելի մոտ խաղալ Ռոնալդուին, բայց Ջոնը նույնիսկ չպատասխանեց, քանի որ շնչակտուր էր եղել: Մենք միանգամից հասկացանք, որ «Յունայթեդը» պետք է պայմանագիր կնքի Կրիշտիանուի հետ: Խաղից հետո նստել էինք ավտոբուսը, սակայն շարժվեցինք մոտ կես ժամ հետո:

Ոչ ոք չգիտեր` ինչու չենք շարժվում: Հետո իմացանք, որ այդ ընթացքում ակումբը աշխատում էր Ռոնալդուի տրանսֆերը ձեռք բերելու վրա»,- Ֆերդինանդի խոսքերն է փոխանցում Ջանլուկա Դի Մարցիոն:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն մանչեստերյան ակումբում խաղացել է 2003-ից 2009 թվականներին:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս