ՀԱՐՑ. Ինչո՞ւ են շատացել թափառող շները, լավ, չկա՞ մի ճար էդ կենդանիներից ազատվելու: Ասում են, թե հիմա չեն կրակում, մենակ վնասազերծում են: Մեկ շան վնասազերծելը ի՞նչ արժե, թա՞նկ է, որ չեն անում:Ալետա Աղաբալյան, 63 տարեկան, նախկին բուժքույրՊԱՏԱՍԽԱՆ. Կազմակերպությունը զբաղվում է Երեւան քաղաքի վարչական շրջանի թափառող շների վնասազերծմամբ: Շան վնասազերծումը կատարվում է ոչ թե կրակելու, այլ քնեցման միջոցով եւ արժե 2400 դրամ: Կազմակերպությունը զբաղվում է նաեւ թափառող շների ստերիլիզացմամբ եւ արժե 9000 դրամ: Արու շների ստերիլիզացումը մի փոքր ավելի էժան է, քան էգ շներինը: Էգ շների ստերիլիզացումը արժե 9800 դրամ: Թափառող շները Երեւան քաղաքում չեն շատացել, պարզապես թափառող կենդանիների հետեւողական պայքար կատարվում է միայն Երեւան քաղաքի վարչական տարածքում, այդ է պատճառը, որ շների ներհոսք կա Երեւան քաղաք: Որպեսզի քանակը պակասի, պետք է միաժամանակ պայքար իրականացվի ամբողջ հանրապետությունով մեկ: Համեմատական կարգով եւ ըստ ահազանգերի` հստակ կարող եմ ասել, որ թափառող կենդանիների աճ, այնուամենայնիվ, չկա: «Յունիգրաֆ-իքս» ՍՊ ընկերության տեղեկատվության հարցերով փոխտնօրեն Լիլիթ Գրիգորյան«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իսկապես լուրջ խնդիր է բարձրացրել տիկին Ալետան: Մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստանում թափառող կենդանիների վերաբերյալ: Մարդիկ դժգոհում են, որ չեն կարողանում երեխաներին դպրոց ճանապարհել: Եւ անցած համարներում արված մեր հարցումներին ի պատասխան Երեւանի քաղաքապետարանից ասել էին, թե «Յունիգրաֆ-իքս» ՍՊԸ-ն է զբաղվում թափառող կենդանիների խնդիրներով: Սակայն ընկերությունն էլ խնդիր է բարձրացնում, որ շները մայրաքաղաք են գալիս այլ շրջաններից: Ի վերջո, պետք է ողջ հանրապետությունով մեկ լայնածավալ «քնեցում» սկսվի: Բայց, ամեն դեպքում, «Յունիգրաֆ-իքս» ՍՊԸ-ն այնքան էլ ակտիվ չի աշխատում, եւ մենք մասնավոր օրինակով առաջիկայում կդիմենք ընկերությանը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ