ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատգամավորն ԱԺ ամբիոնից խոսեց եղբոր մահվան պատճառ դարձած վթարի մասին․ «Ճվճվ Արոյի» որդին համաներվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Աժ ամբիոնից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը խոսեց «Ճվճվ Արո» մականունով հայտնի Արա Վարդանյանի որդու՝ Սարգիս Վարդանյանի նկատմամբ համաներում կիրառելուն։ Նշենք, որ Սարգիս Վարդանյանը, համաձայն մեղադրական եզրակացության, 2018թ. հունվարի 8-ին ժամը 04:40-ի սահմաններում Սարգիս Վարդանյանը իրեն վստահված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով, չունենալով վարորդական վկայական, 2 ուղևորով երթևեկել է Աբովյան փողոցով` Մոսկովյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովա պողոտայի ուղղությամբ լապտերները միացված վիճակում: 60 կմ/ժ երազանցելով 113 կմ/ժ արագությամբ ստեղծել է վթարային իրադրություն, որի արդյունքում բախվել է ՃՈ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև գովազդային վահանակին, որից հետո լքել է դեպքի վայրը և հեռացել: Վթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի վարորդ` Արեգ Դավթյանին եւ ուղևոր` Խաչիկ Գասպարյանին անզգուշությամբ պատճառվել է մահ:

Եվ ահա,  Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր էր ճանաչել  Սարգիս Վարդանյանին և դատապարտել 6 տարի 6 ամիս ազատազրկման։ Սակայն նա օրեր առաջ ազատ էր արձակվել՝ համաներման ենթարկվելով։ Իսկ ավտովթարի հետևանքով մահացած Խաչիկ Գասպարյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանի եղբայրն է։ Վերջինս  համաներման որոշման շուրջ տեսակետ էր հայտնել դեռ ապրիլի 7-ին եւ ֆեյսբուքյան իր էջում գրել, թե համաներումը եւս ապացույց է այն բանի, որ կոռումպացված դատաիրավական համակարգի բարեփոխումները օդ ու ջրի պես անհրաժեշտ են։

«Սույն գործին առնչվող անձինք իրենց բնորոշ «պրոֆեսիոնալիզմով» հասցնում են խեղաթյուրել փաստերը. արագության նվազեցում, ալկոհոլային տեստի սխալ արդյունքներ, նախնական ցուցմունքներից հրաժարում եւ այլն, որոնք հետո արդեն գրեթե անհնար էր ապացուցել։ Հիմա, երբ հետադարձ հայացք եմ գցում, հստակորեն պատկերացնում եմ այն սխեման, որով գործել են իրենց հատուկ ոճով եւ արել ամեն ինչ, որպեսզի մեղադրանք առաջադրվի այնպիսի հոդվածներով, որոնցով հեշտ կլիներ հասնել համաներման։ Այդ է պատճառը, որ ազատ արձակումն օրենքի սահմաններում էր։ Համաներման վերաբերյալ ես ունեմ իմ տեսակետը. գտնում եմ, որ համաներման դեպքում անպայման պետք է հաշվի առնվի նաեւ տուժողի ընտանիքի անդամների կարծիքը», – գրել էր նա։ 

Նմանատիպ տեսակետ այսօր Աժ ամբիոնից ելույթ ունենալիս ևս արտահայտեց պատգամավորը՝ կրկին ընդգծելով, որ համաներում կիրառելու պարագայում պետք է հաշվի առնել ընտանիքի անդամների տեսակետը։ Իսկ ահա 2019 թվականի սեպտեմբերի 17-ին՝ եղբոր ծննդյան օրը, լուսանկար հրապարակելով, պատգամավորը գրել էր․ «Ես հուսով եմ, որ օրինազանց, բայց տարիներ շարունակ անպատիժ մնացած, շարունակաբար հանրությանն ահաբեկած, նախկին իշխանությունների օրոք անպատժելիության եւ ամենաթողության մթնոլորտում իրեն «հերոս» երեւակայող, երկու մանուկների որբացրած ու ընտանիքներ քանդած հանցագործը արդար դատավարության արդյունքում կստանա իր արժանի պատիժը»։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս