ՖՈՏՈ․ Ում որդին է «Յուքոմ»-ի նորանշանակ տնօրենը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն այսօր գրել էր, որ այս գիշեր «Յուքոմ» ընկերության տեխնիկական բաժնի աշխատակիցները ցանկություն են հայտնել այլևս չշարունակել կատարել իրենց գործառույթները՝ նոր տնօրենի նշանակման մասին իմանալուց հետո։

Ինչպես հայտնի է, ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, որը նաև ընկերության վեց տոկոսի բաժնետերն է, ազատման դիմում է գրել: Նրա հետ աշխատանքից ազատվելու ցանկություն էր հայտնել նաև «Յուքոմի» 843 աշխատակից:  Մասնավորապես, այս գիշեր, երբ այդ տեղեկությունը հրապարակվեց, նաեւ տեխնիկական անձնակազմն է բարձրաձայնել հեռանալու մասին, եւ բոլորը լարված սպասում են հետագա զարգացումներին։

«Ֆակտոր»-ը երեկ գրել էր, որ իր տեղեկություններով  ընկերության նոր տնօրեն է նշանակվել Արա Սերգեյի Խաչատրյանը: ArmLur.am-ի տեղեկություններով,  առաջիկայում այդ մասին պաշտոնական հաղորդագրություն կլինի։ Նշենք, որ Արա Խաչատրյանը եղել է «Գալաքսի ընկերությունների խմբի» գլխավոր ֆինանսական տնօրենը, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի թոռն է: Եվ հայտնի կոմպոզիտորի թոռը լինելուց բացի, նորանշանակ տնօրենը Առողջապահության նախարարության ենթակայության Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի (Նուբարաշենի հոգեբուժական կենտրոն) տնօրեն Սերգեյ Խաչատրյանի որդին է։ Սերգեյ Խաչատրյանը առողջապահության փոխնախարարի պաշտոնից ազատվեց դեկտեմբերի վերջին: Մինչ այդ, մասնակցել էր նաեւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին:

Հիշեցնենք, որ մինչ այս արդեն նախկին տնօրեն Հայկ Եսայանը հայտարարել էր, որ նախ 22, ապա՝ 34 միլիարդ դրամով ցանկանում է գնել «Յուքոմի» 94 տոկոս բաժնետոմսերը: Սակայն ինչպես երևում է, ընկերության սեփականատերերը այս առաջարկին չեն արձագանքել։

Հավելենք, որ «Յուքոմ»-ի բաժնեմասերի 29 տոկոսը պատկանում է «ԱյՅու Թելեքոմյունիքեյթ» ընկերությանը, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիներ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններից յուրաքանչյուրն ունի  11,9 տոկոս բաժնեմաս, նրանց ընտանիքից Սուրեն Խաչատրյանն ունի 24 տոկոս, մնացած բաժենմասերից 10 տոկոսը պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի «Ֆորա-բանկ»-ին, 6 տոկոսը՝ Կարապետյանի քրոջ ամուսնուն՝ Սուրիկ Պողոսյանին, մոտ 6 տոկոսն էլ՝ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրներին։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս