«Յուքոմ»-ը չի վճարել եռամսյակի հարկերը. աշխատակիցների հիփոթեքային վարկերը վտանգված են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Յուքոմ» ընկերության մի շարք աշխատակիցներ ArmLur.am-ին ահազանգում են, որ կազմակերպությունը չի կատարել աշխատողների աշխատավարձային եկամտային հարկերի վճարումները երկրորդ եռամսյակի համար։ Այսինքն, Արա Խաչատրյանի ղեկավարած կազմակերպությունը երեք ամիս շարունակ չի կատարել եկամտային հարկերի վճարումները։ Աշխատակիցների անհանգստությունն այն է, որ նրանցից շատերն ունեն եկամտակարկի վերադարձի արտոնությամբ հիփոթեքային վարկեր, որոնց երկրորդ հաշվետու ժամանակահատվածի գումարը պատրաստվում են ստանալ օգոստոսի սկզբին՝ ինչպես կարգն է։ Փաստորեն երկրի համար սոցիալ տնտեսական այս ծանր ժամանակահատվածում աշխատակիցները կարող են զրկվել իրենց գումարներից։

Հիշեցնենք՝ «Գալաքսի» ընկերությունների խումբը բազմիցս հայտարարել է, որ կարևորը մարդն է և աշխատակիցը, բայց փաստացի լրացուցիչ դժվարություններ են ստեղծել աշխատակիցների համար՝ նրանց պատկանող գումարները տեղ չհասցնելով։ ArmLur.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ընկերության Ֆինանսական տնօրենից՝ Հրայր Բաբայանից, սակայն վերջինս հրաժարվեց պատասխանել մեր բանավոր հարցերին՝ հորդորելով դրանք գրավոր ուղարկել: ArmLur.am-ն իր հարցերն ուղղել է գրավոր, սպասում ենք արձագանքին:

Հ.Գ. «Յուքոմ» ընկերությունը պարզաբանում է, որ «կատարել և կատարում է թե՛ տեղական, թե՛ միջազգային գործընկերների նկատմամբ ունեցած իր բոլոր պարտավորությունները՝ հիմնվելով կողմերի միջև պայմանագրերով ու համաձայնագրերով փոխհամաձայնեցված ժամանակացույցի վրա։ Տվյալ դեպքում՝ եկամտային հարկի վճարման վերջնաժամկետը հուլիսի 20-ն է։ Հավելենք, որ աշխատակիցները նույնպես անհանգստանալու հիմքեր չեն կարող ունենալ»:




Լրահոս