Շտապօգնության խմբերը, վարակի կասկածանքով, տեղափոխել են 1545 քաղաքացու. Հայկ Մարությանն այցելել է Երեւանի բուժհաստատություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է համայնքային ենթակայության բուժհաստատություններ, ծանոթացել արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների սպասարկման համար ստեղծված պայմաններին, ինչպես նաեւ մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված ծրագրերին:

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ «Կենտրոն» ենթակայանում քաղաքապետը ծանոթացել է զանգերի կենտրոնի աշխատանքին, զրուցել բժիշկների հետ:

Փետրվար 1-ից մինչ օրս շտապօգնության խմբերը, վարակի կասկածանքով, տեղափոխել են 1545 քաղաքացու:

Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել բժիշկներին արտակարգ դրության պայմաններում իրենց աշխատանքի համար եւ նշել է, որ քաղաքային իշխանությունն այսօր մշակում է նոր ծրագրեր՝ բուժանձնակազմի համար ավելի հարմարավետ պայմանների ապահովման եւ աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ:

Երեւանի քաղաքապետարանն այս տարի նախատեսում է ավարտել շտապբուժօգնության ենթակայանների նորոգման ծրագիրը: Քննարկվում է էլեկտրոնային նոր ծրագրերի ներդրման հնարավորությունները:

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը նկատել է, որ վերջին օրերին կանչերի թիվը նվազել է: Եթե փետրվարին շտապօգնության խմբերը օրական սպասարկել են մինչեւ 900 կանչ, ապա այժմ 550-600 է կանչերի թիվը:

Պոլիկլինիկա այցի ընթացքում քաղաքապետը ծանոթացել է վարակի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Նշվել է, որ առանձնացված մուտքով ձեւավորվել են մեկուսարաններ, որտեղ սպասարկվում են բացառապես նոր կորոնավիրուսային հիվանդության ախտանիշներ ունեցող քաղաքացիները: Բուժանձնակազմն էլ ապահովված է հատուկ հանդերձանքով:

Այսօր պոլիկլինիկաների կողմից տնային հսկողություն է իրականացվում վարակակիրների հետ շփում ունեցած 428 քաղաքացու նկատմամբ: Առաջին օրը բժիշկները տնայց են կատարում, այնուհետ հեռախոսակապով տեղեկանում նրանց առողջության մասին:




Լրահոս