Երկու շաբաթ առաջ զանգահարել եմ քննիչին․ գործարար Փայլակ Հայրապետյանը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործարար Փայլակ Հայրապետյանի համար անակնկալ էր Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին մեղադրանք առաջադրելու փաստը եւ նա այդ մասին իմացել է լրատվամիջոցներից։ ArmLur.am-ի օրաթերթի հետ զրույցում նա նշեց, թե ամեն դեպքում 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո հույսեր է ունեցել, որ օֆշորային գործում նոր զարգացումներ կլինեն։

«Ես մի երկու շաբաթ առաջ զանգահարեցի քննիչին, ասեցի՝ ոնց է գործերը, չես կանչում քննության։ Մի երեք-չորս ամիս է՝ չէին կանչում քննության և հետաքրքրվեցի՝ ինչ է եղել։ Քննիչն ինձ ասաց, թե նամակ էր ցանկանում գրել, որ գործերը տեղափոխվել են Ազգային Անվտանգության ծառայություն։ Ես էլ ասացի էլ նամակի կարիք չկա եւ քննիչն ասեց՝ թե կանչելու լինեն, պետք է ԱԱԾ կանչեն։ Ամբողջ գործերը ԱԱԾ-ն տարել է, մեղադրանք պետք է լիներ, քանի որ բացահայտվել էր՝ այդ գումարները որ պետք է գնար 10 հազար բանվոր աշխատեր եւ ոսկի, ադամանդ գար Հայաստան, ուղարկել էին օֆշորային գոտի, հետ էին բերել այստեղ ավտոմեքենա էին առել, ոսկի, այսինքն ամեն ինչ արել էին՝ առանց բուն գործընթացի։ Այդ տաս հազար բանվորի փոխարեն երեքով փողերը կերել էին», – նշեց նա։

Փայլակ Հայրապետյանը նշեց, թե իրեն դեռ չեն կանչել հարցաքննության։ «Ինձ բազմաթիվ անգամ են հարցաքննել նախկինում։ Հեղափոխությունից հետո էլ նորից Քննչական  կոմիտեն է կանչել հարցաքննության, փաստաթղթեր եմ ներկայացրել։ Ես հեղափոխությունից հետո արդեն հույս ունեի, որ այս գործը կարող է բացահայտվել», – հավելեց նա։

Հավելենք, որ Կճոյանին մեղադրանք է առաջադրվել հայտնի օֆշորային գործի շրջանակներում։ Գործարար Փայլակ Հայրապետյանը բազմիցս հայտարարել էր, որ իրեն պատկանող մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009 թվականին գրավ է դրել «Ամերիաբանկ»-ում, որը այն գնահատել է ընդամենը 33 միլիոն դոլար ու դրա դիմաց գործարար Աշոտ Սուքիասյանին հատկացրել 10.7 միլիոն դոլար: Սակայն վերջինս այդ գումարը, պայմանավորվածության համաձայն, Աֆրիկայում ոսկու և ալմաստի արդյունահանման մեջ ներդնելու փոխարեն, փոխանցել է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների, այդ թվում՝ Wlispera Holdings Limited-ին: Արդյունքում՝ Հայրապետյանը զրկվել է ունեցվածքից:

Հավելենք, որ Կճոյանի նկատմամբ  որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցագործության կատարմանը ներգրավված բոլոր անձանց պարզելու և պատասխանատվության ենթարկելու, պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս