Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հանդես էր եկել ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու նախաձեռնությամբ, սակայն կառավարության կողմից նախագիծը բացասական եզրակացություն է ստացել։ Պատգամավորը ցանկանում էր ամրագրել, որ խմբակցությունից դուրս եկած` անկախ պատգամավորը, իրավունք ունի ընդգրկվելու առնվազն երկու միջազգային խորհրդարանական կազմակերպությունների պատվիրակությունների կազմում եւ առնվազն 5 միջխորհրդարանական բարեկամական խմբերի կազմում։
Բանն այն է, որ Տիգրան Ուրիխանյանը փետրվարի 11- ին հայտարարություն արեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին եւ որպես անկախ հանդես գալու մասին։ Այս որոշումից հետո ԲՀԿ-ն նրան հետ կանչեց միջազգային խորհրդարանական պատվիրակությունների եւ բարեկամական խմբերի կազմերից։ Ըստ էության, իր մաշկի վրա անկախ պատգամավորի կարգավիճակը զգալուց հետո էր նա այդպիսի առաջարկությամբ հանդես եկել։
Իսկ ահա կառավարության եզրակացության մեջ նշված է, որ միջազգային խորհրդարանական կազմակերպության, միջխորհրդարանական հանձնաժողովում Ազգային ժողովի կամ այլ պաշտոնական պատվիրակության կազմում և Ազգային ժողովի բարեկամական խմբի կազմում պատգամավորի ընտրությունը իրականացվում է կոլեգիալ մարմնի որոշման հիման վրա և դրա արդյունքում, այսինքն՝ վերջինս հիշյալ կազմակերպություններում կամ կազմում ընտրվում է ոչ թե Ազգային ժողովի պատգամավորին տրված լիազորության, այլ՝ խմբակցությանը օրենքով տրված իրավունքի իրացման արդյունքում, ինչն էլ ապահովվում է այդ գործընթացի օբյեկտիվությունը և պատշաճ իրականացումը: Հետևաբար կառավարությունը եզրակացնում է, որ պատգամավորին նման իրավունք վերապահելը չի բխում օրենսդրի՝ օրենքի հիմքում դրած նպատակներից: Եվ կառավարությունը գտել է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է։
Նաիրա Հովհաննիսյան