Արցախի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ աշխարհի բոլոր անկյուններում անհապաղ եւ համընդհանուր հրադադարի կոչը՝ հնարավորություն տալու մարդկությանը համախմբվել ընդհանուր թշնամու՝ նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) համավարակի դեմ պայքարում, կարեւոր, անհրաժեշտ եւ պատեհաժամ նախաձեռնություն է։ Այս կոչի բարեխիղճ կատարումը կարեւոր ներդրում կդառնա միջազգային հանրության կոլեկտիվ ջանքերում՝ ուղղված համայն մարդկության համար այդ նոր սպառնալիքին արդյունավետ դիմակայելուն:
Համոզված ենք, որ այս ճգնաժամային ժամանակահատվածում նեղ քաղաքական նպատակների հասնելու համար համավարակի պատճառով ստեղծված իրավիճակից օգտվելու ցանկացած փորձ սպառնալիք է ներկայացնում ամբողջ միջազգային հանրության համար եւ արժանի է ամենախիստ դատապարտության:
Եվ հակառակը՝ համայն մարդկության համախմբվածությունը ընդհանուր եւ անողոք թշնամու առջեւ թույլ կտա ոչ միայն հաղթանակած դուրս գալ այս պայքարից, այլ նաեւ կամրապնդի համագործակցության ոգին, ինչը կարող է աշխարհն ավելի անվտանգ եւ բարգավաճ դարձնել:
Արցախի Հանրապետությունը անհապաղ արձագանքել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախաձեռնությանը եւ արդեն մարտի 24-ին՝ վերահաստատել իր հանձնառությունը՝ խստորեն պահպանելու հրադադարի ռեժիմը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում:
Մենք կիսում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեսակետը, որ նոր տիպի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում միջազգային հանրության կոլեկտիվ ջանքերի կենտրոնում պետք է լինի յուրաքանչյուր մարդու կյանքը: Միայն առաջնորդվելով «ոչ ոք մոռացված չէ» սկզբունքով՝ մարդկությունը կկարողանա արժանապատվությամբ դիմանալ այդ փորձությանը:
Արցախի Հանրապետության համար, որն արդեն ավելի քան երեք տասնամյակ հակամարտության մեջ է գտնվում Ադրբեջանի հետ, նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարն առանձնակի սրություն է ստանում՝ հաշվի առնելով այն փաստը, որ հակամարտության պատճառով Արցախի ժողովուրդը զրկված է միջազգային կառույցների աջակցությունից:
Այս կապակցությամբ հուսով ենք, որ մասնագիտացված միջազգային կազմակերպությունները, մասնավորապես՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, կորոնավիրուսի հետ պայքարում կաջակցեն Արցախին, ինչը ներդրում կդառնա այդ համաշխարհային մարտահրավերի հաղթահարմանն ուղղված ընդհանուր ջանքերում: