Ինչու է Նորաշենի համայնքը մեկուսացվել․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության պարետ Տիգրան Ավինյանի երեկվա որոշմամբ՝ Արարատի մարզի Նորաշեն համայնքում կիրառվում են սահմանափակումներ։

Որոշման համաձայն՝  համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու համար սահմանվել է հատուկ ռեժիմ՝ արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարման։

Նշենք, որ Նորաշեն համայնքում մեկուսացված քաղաքացին մասնակցել է իր հարազատներից մեկի հուղարկավորությանը, սերտ շփումներ է ունեցել հարազատների և համագյուղացիների հետ, այնուհետև վերջինիս մոտ երկու օր հետո հայտնաբերվել է կորոնավիրուս հիվանդությունը։ Այդ դեպքից հետո պարետատունը որոշում է կայացրել սահմանափակել համայնքի ելքային և մուտքային տեղաշարժերը։

Այս առնչությամբ ArmLur.am-ը կապ է հաստատել Նորաշեն համայնքի ղեկավար Արտակ Հարությունյանի հետ, ով մեզ հետ զրույցում հակիրճ պատասխանեց․

«Պաշտոնական կայքերը բոլոր ինֆորմացիան տալիս են, դրանից ավելին հայտնել չեմ կարող»։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահին և գործում է մինչև 2020 թվականի ապրիլի 18-ը՝ ժամը 23։59-ը։

Հավելենք, որ Արարարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը քիչ առաջ հայտնել է, որ Նորաշեն համայնքում այս պահին կա 8 հաստատված դեպք, որոնցից մեկն ապաքինվել է, մեկը՝ մահացել։

Լիդա Եղիազարյան




Լրահոս