Նորբերտո Բալեկյանը կարող է տեղափոխվել «Միլան». Հայաստանի հավաքականի թեկնածուն անդրադարձել է տարածված լուրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արգենտինական «Հուրականի», Հայաստանի հավաքականի թեկնածու Նորբերտո Բրիասկո Բալեկյանը կարիրան կարող է շարունակել իտալական «Միլանում», հաղորդում է Tuttosport-ը: «Ռոսոներիների» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ամենայն հավանականությամբ կփոխի ակումբային գրանցումը: Այդ պատճառով միլանյան թիմը նրան փոխարինող է փնտրում:

Ըստ Tuttosport-ի` «Միլանը» հետաքրքրված է նաեւ Հայաստանի հավաքականի թեկնածու Նորբերտո Բրիասկո Բալեկյանի ծառայություններով: «Հուրականի» հարձակվողը անդրադարձել է տարածված լուրերին եւ նշել, որ շատ կցանկանար խաղալ Եվրոպայում.«Ես ուրախ եմ, որ խոսվում է այդ մասին: Ես կցանկանայի հանդես գալ Եվրոպայում: «Միլանը» մեծագույն ակումբ է, որտեղ խաղացել են մեծագույն ֆուտբոլիստներ` այդ թվում Իբրան, ով հիանալի թիմակից կլիներ: Այս պահին մտածում եմ միայն «Հուրականի» մասին: Ես ամուր կանգնած եմ ոտքերիս վրա»,- Բալեկյանի խոսքերն է փոխանցում Tuttomercatoweb-ը:

Հայազգի ֆուտբոլիստը արգենտինական Սուպերլիգայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 3 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ «Միլանում» մտածում են նաեւ իտալական «Ասկոլիի» հարձակվող Ջանլուկա Սկամակային ձեռք բերելու մասին:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս