Այսօր` ապրիլի 23-ին Հայաստանի Բարձրագույն խմբի եւ Առաջին խմբի ակումբները վերսկսել են մարզումները: Երեւանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում խոսել է մարզումները վերսկսելու մասին:
ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մենք սպասում էինք այդ որոշմանը, թեկուզև նման խմբային ձևով մարզվելու համար։ Առաջիկայում թիմին կբաժանենք երկու մասի ու կմարզվենք 2 խմբով։ Այս շաբաթվա ընթացքում հիմնական խնդիրը լինելու է խաղային կարողությունները վերականգնելը, որոնք մի փոքր նվազել են այս բավական երկար դադարի ընթացքում։ Ֆուտբոլիստների շրջանում դադար է եղել ոչ թե ֆիզիկական ծանրաբեռնվածության տեսանկյունից, որովհետև, ինչպես բազմիցս նշել ենք, մենք անընդհատ աշխատել ենք այդ ուղղությամբ, այլ հենց խաղային վարժությունների տեսանկյունից, մասնավորապես՝ երկկողմանի հանդիպումների բացակայություն է եղել, ուստի առաջիկա շաբաթների ընթացքում 2 խմբով մենք կվերականգնենք մեր կարողությունները, իսկ հետագայում արդեն կմիավորվենք ու կպատրաստվենք արդեն տակտիկապես՝ անցկացնելով երկկողմանի խաղեր։ Ֆուտբոլիստի կարիերայում նման երկար ժամանակահատված չի լինում, որ նրանք մնան առանց ֆուտբոլի»։
ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Այո, դեռ հայտնի չեն Բարձրագույն խմբի և Գավաթի խաղարկության վերսկսման ժամկետները։ Այս փուլում անպայման չէ հստակ ժամկետներն իմանալը, այստեղ կարևոր է հետևել մարզումային սկզբունքներին։ Ընդհանուր սկզբունքներ մարզումների համար կան ոչ միայն ֆուտբոլում, այլև շատ այլ սպորտաձևերում, որոնք մարզիչներն իմանում են։ Դրանցից մեկը ծանրաբեռնվածության աստիճանական սկզբունքն է, սահուն ձևով մարզավիճակ հավաքելը, և ամենակարևորը՝ չշտապելը։ Հասկանալի է, ֆուտբոլիստները կարոտել են ֆուտբոլը, բայց կարևոր է, որ այդ խանդավառությունը նրանց վնասվածքների չտանի։ Ամենաարդյունավետ նախապատրաստությունը, աշխատանքը հստակ օրերի բաշխելով իրականացնելը չէ, սա իրականում ոչ ոք չի կարող, այլ մարզավիճակը վերականգնելու մշտականությունը պահելն է։ Ամենակարևորը մեզ համար այն է, որ մենք վերսկսում ենք մարզումները։ Կսկսենք խաղային վարժություններով ու կվերականգնենք մեր կարողությունները» ,- ասել է Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ ՀՖՖ-ն հաջորդ շաբաթվա ընթացքում կքննարկի Բարձրագույն խմբի, Առաջին խմբի եւ VBET Հայաստանի գավաթի խաղարկության վերսկսման հավանական ժամկետները:
«Ուրարտուն» վաստակած 23 միավորով 8-րդն է Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակում եւ դուրս է մնացել լավագույն վեցյակից` զրկվելով մրցանակային տեղերի համար պայքարից:Ալեքսանդր Գրիգոյանի թիմը հասել է VBET Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ, որտեղ առաջին խաղում 0:1 հաշվով զիջել է «Նոային»: Պատասխան հանդիպումը կկայանա «Նոայի» հարկի տակ` «Նաիրի» մարզադաշտում:
Էդմոն Մարտիրոսյան