Լոռու մարզպետարանի պաշտոնյան նախկինում մեղադրվել է պաշտոնական դիրքի չարաշահման մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի  մարտի 25-ին Սարգիս Միշայի Գրիգորյանը նշանակվել է Լոռու մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների  իրավունքների պաշտպանության բաժնի պետ։ Սակայն նա կատարել է քրեական հանցագործություն, այն է՝ պաշտոնական դիրքի չարաշահում։

Մասնավորապես, Արմեն Միշիկի Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազոր, հանդիսանալով պաշտոնատար անձ, ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու կեղծ տպավորություն ստեղծելու նպատակով, ինչպես նաև ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատանքային ցուցանիշներն արհեստականորեն բարձրացնելու խմբային շահերից ելնելով՝ իր պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի հետևանքով էական վնաս է պատճառվել Դավիթ Ալբերտի Դավթյանի իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին:

Այսպես, 2017 թվականի սեպտեմբերին Սարգիս Գրիգորյանը Վանաձոր քաղաքի բնակիչ Դ. Դավթյանին խնդրել է օգնել իրեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ցուցանիշ ապահովելու գործում: Ըստ այդ, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Դ. Դավթյանն անձամբ` քաղելու եղանակով, ձեռք է բերել «կանեփ» տեսակի բույսի զանգված, որից հետո, ոստիկանները, իբր, վերջինիս բերման են ենթարկել ոստիկանության Ստեփանավանի բաժին: Այնտեղ` Ս. Գրիգորյանի աշխատասենյակում, Դ. Դավթյանը ձեռք բերած թմրամիջոցը փոխանցել է նույն բաժնի օպերլիազոր Արմեն Իսրայելյանին: Վերջինս կշռել և նշված զանգվածից առանձնացրել է 0,27 գրամը, որն էլ Դ. Դավթյանը Ս. Գրիգորյանի հրահանգով փաթաթել է ծխախոտի տուփի փայլաթիթեղի մեջ ու դրել տաբատի գրպանը: Դրանից հետո Դ. Դավթյանը ընթերակաների մասնակցությամբ ձևականորեն ենթարկվել է անձնական խուզարկության, որի ընթացքում էլ «հայտնաբերվել» է թմրամիջոցը: Ավելին, Դ. Դավթյանը հայտարարել է, որ թմրամիջոցը, իբր, 2017 թվականի հունիսին իրեն իրացրել է արդեն հանգուցյալ, իր ծանոթ Ա. Ղ.-ն: Բացի այդ, վերը նշված պայմանավորվածության համաձայն, Դ. Դավթյանը նույնաբովանդակ ցուցմունք է տվել նաև ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչին, ով կատարել է համապատասխան բովանդակությամբ փաստաթղթային ձևակերպումներ:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա, Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սարգիս Գրիգորյանին և նույն բաժանմունքի օպերլիազոր Արմեն Իսրայելյանին մեղադրանքներ են առաջադրվել պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու համար պատասխանատվություն նախատեսող` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:  Հետագայում  Սարգիս Միշայի Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման մեջ, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի` 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Եվ նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, որն էլ պահպանվել է։

Եվ հետաքրքիր է, որ Լոռու մարզպետարանում տեղադրված նրա կենսագրության մեջ տվյալներն ավարտվում են 2017 թվականի հունիսից ծառայության անցնելու մասին տվյալով։ Ընդ որում, Ստեփանավանի բաժնում, որպես քրեական հետախուզության բաժանմունքի պետ նա սկսել է աշխատել 2017 թվականի հունիսից, իսկ հիշյալ դեպքը եղել է նույն տարվա սեպտեմբերին, այսինքն ամիսներ անց։ Ընդ որում, կենսագրության մեջ անգամ բացակայում են տվյալներ, թե նա երբ է մարզպետարանում նշանակվել բաժնի պետ։

Հավելենք, որ տարբեր հրապարակումների համաձայն նա մտերիիմ է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ։




Լրահոս