
Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող եւ մարզիչ Դիեգո Մարադոնան խոսել է Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոյի ձերբակալության մասին, ով վերջերս է ազատվել պարագվայական բանտից եւ այժմ տնային կալանքի մեջ է.«Ռոնալդինյոյի հետ կատարվածը տխրեցրել է ինձ: Նա հանցագործ չէ, նա Պարագվայ էր մեկնել միայն աշխատանքի նպատակով: Կարծում եմ նրա միակ սխալը կուռք լինելն է: Նա իմ ընկերն է եւ ես կաջակցեմ նրան մինչեւ մահ»,- լեգենդար արգենտինացու խոսքերն է փոխանցում Marca-ն հղում կատարելով El Dia-ին:
Հիշեցնենք, որ Ռոնալդինյոյին եւ նրա եղբորը` Ռոբերտո դե Ասիս Մորեյրային ձերբակալել էին կեղծ փաստաթղթերով Պարագվայ մուտք գործելու համար: Նրանք դատապարտվել են 6 ամսվա ազատազրկման: Ապրիլի 9-ին Ռոնալդինյոյի եւ Ռոբերտոյի խափանման միջոցը փոխվել է 1,6 մլն դոլար գրավի դիմաց: Եղբայրներն այժմ պարագվայական հյուրանոցներից մեկում կրում են իրենց պատիժը:
Էդմոն Մարտիրոսյան