Հռոմի «Լացիոյի» սեփականատեր Կլաուդիո Լոտիտոն պատմել է` ինչպես կարձագանքեր Իտալիայի Ա Սերիայի 2019/20 մրցաշրջանի չեմպիոնական տիտղոսը Թուրինի «Յուվենտուսի» հետ խաղում խաղարկելու առաջարկին։
«Ես կհամաձայնեի նման առաջարկին, բայց երբեք չեմ մտածել այդ ուղղությամբ: Մրցաշրջանի վերսկսումը որոշ առումով ձեռնտու չէ «Լացիոյի» համար ։ Մենք ընտրություն կատարեցինք ՝ կարծելով, որ չենք կարող պայքարել երեք ճակատով։ Մենք ստիպված էինք զոհաբերել Եվրոպա լիգան, քանի որ դա ժամանակի եւ թիմի տեղափոխման առումով ամենահարմար մրցաշարը չէ:
Մենք շաբաթական պետք է անցկացնեինք 1 հանդիպում, իսկ մնացած թիմերը`2: Ստեղծված իրավիճակում Ա Սերիայի վերսկսման դեպքում մենք նույնպես շաբաթական կանցկացնենք 2 հանդիպում եւ արդյունքում կկորցնենք առավելությունը:
Ես մտածում եմ 20 ակումբների շահերի մասին ։ Այժմ մեկ միավոր ենք զիջում «Յուվենտուսին»։ Մենք նրանց հաղթեցինք առաջնությունում եւ Սուպերգավաթում, բայց նրանց դեմ անցկացնելու 1 հանդիպում էլ դոռեւս կա:
Ինչ վերաբերում է «Ինտերին», որը 8 միավոր պակաս է վաստակել, քան մենք, կամ «Ատալանտան», որը մեզանից հետ է մնում 14 միավորով, չեմ հասկանում` ինչու այդ թիմերը պետք է մասնակցեն նման քննարկմանը»,-Լոտիտոյի խոսքերն է մեջբերում Goal -ը ` հղում կատարելով La Repubblica-ին:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանը դադարեցված է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
Ա Սերիայի 2019/20 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակի առաջատարը 26 տուրերից հետո Թուրինի «Յուվենտուսն» է, ով վաստակել է 63 միավոր: Հռոմի «Լացիոն» 62 միավորով 2-րդն է,իսկ Միլանի «Ինտերը» 54 միավորով եզրափակում է լավագույն եռյակը: Միլանցիները բարձունքում գտնվող 2 թիմերի համեմատ 1 հանդիպում քիչ են անցկացրել:
Էդմոն Մարտիրոսյան