Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարն արձագանքում է․ ինչ է կատարվում աշխատակազմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ArmLur.am-ը գրել էր Աջափնյակ վարչական շրջանում աշխատանքի անցած Արամայիս Ավետիսյանի մասին, որը մեղադրվել է կաշառք ստանալու մեջ։ Այսօր Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանը պարզաբանում է ներկայացրել․

«Սիրելի հայրենակիցներ,
Ցանկանում եմ անդրադառնալ վերջին օրերին լրատվամիջոցներում շրջանառվող հրապարակումներին, որոնք վերաբերում են Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում կատարված որոշ նշանակումներին:
Ստորև ներկայացնում եմ իմ պարզաբանումներն ու մոտեցումները, որոնք լույս կսփռեն իրականության վրա:

Նախ՝ ես երբևէ Հանրապետական կուսակցության անդամ ու համակիր չեմ եղել (ցանկացողները կարող են հարցում կատարել ՀՀԿ-ին)։ Ավելին, ՀՀԿ-ի իշխանության օրոք պետական համակարգում երբևէ որևէ գործունեություն չեմ իրականացրել: Սակայն ունեցել եմ և ունեմ գործընկերներ և ընկերներ, որոնք անդամակցել են կամ անդամակցում են տարբեր կուսակցությունների: Մշտապես մասնակցել եմ երկրում արդարության հաստատման համար տեղի ունեցող շարժումներին, որի մասին երբևէ հարկ չեմ համարել բարձրաձայնել: Երկրի զարգացման գործում մշտապես կարևորել եմ համախմբվածությունը և հանդուրժողականությունը:

Ուզում եմ հիասթափեցնել բոլոր նրանց, որոնք գրեթե մեկ ամիս է անհաջող փորձերից հետո այժմ հարցը տեղափոխել են լրատվական դաշտ:
Հիմա հերթականությամբ անդրադառնամ fip.am-ի հոդվածում տեղ գտած տեղեկություններին:
Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից հրաժարվել եմ անձնական պատճառներից ելնելով՝ իմ նախաձեռնությամբ, որոշ ժամանակ անց, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից առաջարկ ստացա տեղափոխվել տարածքով ավելի մեծ վարչական շրջան՝ իմ փորձն ու գիտելիքները ներդնելու, օգտակար լինելու Աջափնյակ վարչական շրջանի զարգացմանը։

Նախքան հեղափոխությունը զբաղվել եմ բիզնես գործունեությամբ Հայաստանում և արտերկրում։ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար նշանակվելուց հետո, կադրային քաղաքականություն վարելիս, իմ սկզբունքներին համաձայն, հաշվի եմ առել ոչ թե աշխատողների այս կամ այն կուսակցության անդամակցության հանգամանքը, այլ՝ նրանց փորձառությունն ու աշխատանքի հանդեպ ունեցած նվիրվածությունը։ Դա է պատճառը, որ կադրային ջարդ չեմ իրականացրել երբևէ։
Իսկ տեղակալների նշանակման հարցում կարևորել եմ նրանց մասնագիտական հմտությունները, աշխատանքային հարուստ փորձը, մարդկային բարձր որակական հատկանիշները և փոխադարձ վստահությունը։

Գևորգ Բադեյանն ու Կարեն Մկրտչյանն Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալների պաշտոնները ստանձնել են իմ առաջարկով և խնդրանքով։ Նրանց ընտրության հարցում առաջնորդվել եմ այն կարևոր հանգամանքով, որ վերջիններս երբևէ ներգրավված չեն եղել թալանի և կոռուպցիոն սխեմաների մեջ: Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Գևորգ Բադեյանը երբևէ քաղաքականությամբ չի զբաղվել, որևէ կուսակցության չի անդամակցել, միայն զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, և կարող եմ փաստել, որ հաջողակ լիդեր է։ Ինչ վերաբերում է վարչական շրջանի ղեկավարի մյուս տեղակալ Կարեն Մկրտչյանին, տեղեկացնեմ, որ 2017թ․ նա ոչ թե աջակցել է ՀՀԿ-ին կամ «աշխատել Հանրապետական կուսակցության համար», ինչպես նշվում է վերոնշյալ հոդվածում, այլ առաջադրվել էր ՏԻՄ ընտրություններին՝ որպես քաղաքապետի թեկնածու՝ մրցակցելով Վարդենիսի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ի Վարդենիսի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահի դեմ։

Մինչև նշանակումը՝ նրանց ճանաչել և ունեցել եմ ընկերական հարաբերություններ։ Համատեղ գործունեություն, որպես այդպիսին, չեմ իրականացրել Գևորգ Բադեյանի և Կարեն Մկրտչյանի հետ: Ընդամենը, ժամանակին ինձ պատկանող բաժնեմասերի 50 տոկոսը վաճառել եմ Գևորգ Բադեյանի որդուն՝ Երեմ Բադեյանին: Մեր գործունեությունը սահմանափակվել է այդքանով: Ինչ վերաբերում է Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակից Արամայիս Ավետիսյանին, ապա անկեղծորեն նշեմ, որ նրա անցյալի մանրամասներից տեղյակ չեմ եղել, ավելի մանրամասն տեղեկացել եմ ընթացքում և զրուցել եմ նրա հետ, լսել նրա պարզաբանումները:

Ի հավելումն այս ամենի, նշեմ, որ Աջափնյակ վարչական շրջանում իմ երկամսյա գործունեության ընթացքում աշխատել եմ ջանասիրաբար, բաց և թափանցիկ, որի գնահատականը կարող են տալ բնակիչները և իմ գործընկերները:

Ամփոփելով՝ տեղեկացնեմ նաև, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը չի շեղվելու իր որդեգրած ուղուց, շարունակելու է աշխատել հանուն Աջափնյակի զարգացման ու բարօրության»։




Լրահոս