«Ավրորան» կկարևորի նաև կորոնավիրուսի դեմ պայքարողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի ոգեկոչման օրը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն առցանց քննարկում անցկացրեց՝ հարգանքի տուրք մատուցելով նահատակվածների հիշատակին եւ մեծարելով մերօրյա հերոսներին, այդ թվում՝ նրանց, ովքեր այսօր պայքարում են կորոնավիրուսի համավարակի բռնկման դեմ։ 2020թ. «Ավրորայի» հերոսներին «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովն ընտրել է խիզախության, անձնվիրության եւ ունեցած ազդեցության համար։

Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին առցանց հայտարարեց 2020թ. «Ավրորայի» հերոսների անունները. նրանք են՝ Ֆարթուն Ադան եւ Իլվադ Էլման (մայր եւ դուստր Ֆարթուն Ադանը եւ Իլվադ Էլմանը ղեկավարում են Սոմալիում գտնվող «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնը), Անժելիկ Նամայկա (Ավգուստինյան քույրերի միաբանության անդամ քույր Անժելիկ Նամայկան Վերաինտեգրման եւ զարգացման կենտրոնի եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության «Սուրբ Դանիել Քոմբոնի» մանկաբուժական կլինիկայի համահիմնադիրն է), Սոֆի Բո եւ Կլաուս Ֆոգել (Անհավանական գործընկերներ Սոֆի Բոն եւ Կլաուս Ֆոգելը SOS Méditerranée («SOS Միջերկրական») կազմակերպության համահիմնադիրներն են), Սաքինա Յակուբի (Սաքինա Յակուբին՝ «Մայր Աֆղանստանը», առաջիններից մեկն էր, որ 1990-ականներին Պակիստանի փախստականների ճամբարներում եւ Աֆղանստանում դպրոցներ բացեց կանանց եւ աղջիկների համար)։

Ամեն տարի «Ավրորա» մրցանակի մի դափնեկրի տրվում է մեկ մլն դոլար՝ նվիրատվության շղթան շարունակելու եւ օժանդակելու իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։
«Յուրաքանչյուր համայնքում կան մերօրյա փրկիչներ եւ կան փրկվածներ, որոնք չեն կարողանում հասկանալ, թե վիրուսի հետ կապված այս ամենն ինչո՛ւ է կատարվում։ Եվ նրանք այժմ զգում են միեւնույն բանը, ինչ հայերն էին ապրում 105 տարի առաջ։ Չեմ կարող չնշել, որ թեեւ չարագործն այսօր տարբեր է, հետեւանքները նույնն են»,- նշել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը՝ զուգահեռներ անցկացնելով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ ներկայիս ճգնաժամի միջեւ։

Ապրիլի 24-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը պաշտոնապես հայտարարեց 2021 թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների մեկնարկը՝ կոչ անելով առաջադրել մարդասերների, որոնք ոգեշնչում են իրենց գործողություններով եւ անձնուրաց պայքար մղում մարդկանց կյանքը փրկելու համար: Այս տարի անհնար է չկարեւորել նաեւ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարողներին: Դրա համար ներկայացվում է նաեւ առաջադրումների հատուկ ձեւ այն թեկնածուների համար, որոնք անձնվիրաբար պայքարում են նոր կորոնավիրուսի դեմ: Կարող են առաջադրվել թեկնածուներ, որոնք մարդկային կյանքը պահպանելու համար վտանգում են սեփական կյանքը, առողջությունը, ազատությունը, հեղինակությունը: Առցանց առաջադրվելուց հետո թեկնածուներին գնահատելու է Փորձագետների խորհուրդը (2020 թ. այն բաղկացած է 50 անդամից), իսկ «Ավրորայի» հերոսներին եւ դափնեկրին ընտրում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը։

Այս տարի «Ավրորայի» համահիմնադիրները կազմակերպել էին նաեւ առցանց քննարկում Covid-19-ի հետեւանքների մասին։ Քննարկմանը մասնակցող առողջապահության համաշխարհային կազմակերպության COVID-19 հարցերով հատուկ պատվիրակ Դեյվիդ Նաբարոն նշել է, որ երկարաժամկետ կտրվածքով, մարդկությունն ստիպված է լինելու համակերպվելու այս վիրուսի հետ, քանի որ քիչ է հավանականությունը, որ բավականաչափ մարդիկ շուտով իմունիտետ ձեռք կբերեն:

Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին էլ մատնանշել է մեր ժամանակների մեկ այլ ընդհանուր նշան՝ վախ եւ տագնապ: «Վախն այնպիսի խնդիր չէ, որը կարելի է հեշտությամբ կառավարել: Վիրուսը դեռեւս նստած է մեքենայի ղեկին. այն մեզնից շատ առաջ է՝ ինչ էլ որ փորձենք անել։ Աշխարհում ոչ մի առողջապահական համակարգ, նույնիսկ լավագույնը, կարողություն չունի սպասարկելու ծանր հիվանդություն ստացած բնակչության 15-20 %-ին։ Միակ բանը, որ կարող ենք անել՝ նվազեցնել սրընթաց աճը, ընդլայնել կորը, որպեսզի կարողանանք գոնե կառավարել մահճակալների պահանջարկը հիվանդանոցներում»:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանի՝ Moderna Therapeutics կենսատեխնիկական ընկերությունը պատվաստանյութ է մշակում այս նոր վիրուսի դեմ: «Սա ոչ այլ ինչ է, քան համաշխարհային կենսաբանական պատերազմ: Այն մարդածին չէ, բայց կենսաբանական շատ մեծ պատերազմ է: Կենսաբանական այս պատերազմը նախադեպ ունեցել է, սակայն այն մարդկության վրա այսքան տեսանելիորեն չի ներգործել»,- ասել է նա՝ հավելելով, որ պատվաստանյութի մշակումը «մրցակցություն չէ տարբեր ընկերությունների եւ տարբեր մոտեցումների միջեւ: Ըստ էության, այն մրցակցություն է մեր եւ վիրուսի միջեւ»:




Լրահոս