Քննիչ հանձնաժողովի ժամկետը կերկարացնեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը կերկարաձգվի ևս երեք ամսով: Համապաստախան նախագիծն արդեն խորհրդարանում է, սակայն կքննարկվի հաջորդ նստաշրջանում:

Այս նստաշրջանում օրակարգում Հայաստանի Հանրապետության ցամաքային ուղեւորափոխադրումների կազմակերպման գործընթացը եւ 2016-2019թթ. ոլորտը սպասարկող, համակարգող եւ վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ժամկետի երկարացման հարցն է՝ արդեն վեց ամսով: Մետաղական հանքարդյունաբերության հանձնաժողովի գործունեությունը կերկարացվի 3 ամսով և նման որոշում կայացվել է փակ նիստում:

Նշենք, որ հանձնաժողովը վերջին անգամ նիստ էր արել արել մարտի 9-ին: ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն անդրադարձել էր մետաղական հանքավայրերի բնապահպանական ռիսկերին, ներկայացրել գլխավորած կառույցի՝ այս ոլորտում իրականացրած եւ իրականացվելիք միջոցառումները, խոսել նախատեսվող օրենսդրական բարեփոխումների փաթեթի մասին։ Նրա հավաստմամբ՝ բնագավառում «աղտոտիր, ապա վճարիր» սկզբունքից անցում է կատարվելու «կանխարգելիր աղտոտումը» սկզբունքին, ինչը հնարավորություն կտա վերականգնելու շրջակա միջավայրը, պահպանել օդի, ջրի, հողի մաքրությունը։ Ներդրվելու է մշտադիտարկման համակարգ։ Յուրաքանչյուր հանքարդյունահանող կազմակերպություն եռամսյակը մեկ կներկայացնի շրջակա միջավայրի վերաբերյալ դիտարկումներ։ Ջրային օրենսգրքում նախատեսվող փոփոխությամբ կստեղծվի ջրային ընդունող մարմին, որը կուսումնասիրի ջրի աղտոտվածության աստիճանը։ Ուսումնասիրություններ կիրականացվեն բոլոր պոչամբարներում։

Ըստ վտանգավորության աստիճանի` հարկեր կսահմանվեն թափոնների համար։ Առաջիկայում կսկսեն գործել գերժամանակակից շարժական լաբորատորիաներ, որոնք տեղում դիտարկումներ կանեն եւ անմիջապես կներկայացնեն շրջակա միջավայրի վրա հանքարդյունահանման ազդեցությունը։ Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ հիմնովին բարփոխվելու է ոլորտի օրենսդրական դաշտը, քննարկման փուլում են մի շարք նախագծեր, որոնք մոտ ապագայում կներկայացվեն խորհրդարան:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս