Ուշագրավ զարգացումներ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում: Նորանշանակ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը կադրային ջարդ է սկսել եւ համակարգում պաշտոնի է տանում իր հարազատներին: Ինչպես հայտնի է, 2020թ. մարտի 16-ին, ՀՀ վարչապետի հրամանով, ԲԴԽ նախկին անդամ Սերգեյ Մեղրյանը նշանակվեց գլխավոր հարկադիր կատարող: Վերջինիս նշանակումը բուռն քննարկումների առիթ տվեց, որ այդ հարցում մեծ դերակատարում է ունեցել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, քանի որ նշանակումը կապում են հենց նախարարի եւ իր մտերմության հետ: Սակայն Սերգեյ Մեղրյանը մեզ հետ զրույցում նշել էր, թե Բադասյանի հետ առնչվել է միայն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում նրա ուսումնառության տարիներին, եղել է նրա դասախոսը, սակայն որեւէ առանձնահատուկ կապ կամ մտերմություն չի ունեցել:
Կադրային ջարդ
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ, ամեն դեպքում, հենց նախարարության առաջարկով այս տարվա հունվարին մի օրենք է փոխվել, որը հնարավորություն է տալիս գլխավոր հարկադիր կատարող դառնալ նաեւ գնդապետից ցածր կոչում ունեցողներին: Եվ միայն այդ որոշման՝ ուժի մեջ մտնելուց հետո է հնարավոր եղել Մեղրյանին նշանակել այդ պաշտոնին, քանի որ նա գնդապետի կոչում չունի: Այսպիսով, Մեղրյանը արդեն 1,5 ամիս է, ինչ գլխավոր հարկադիր կատարողն է եւ համակարգում կադրային ջարդ է սկսել: Մասնավորապես, հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներից մեզ հասած տեղեկութունների համաձայն՝ Սերգեյ Մեղրյանն այս մեկ ամսվա ընթացքում ոչ մի բաժնի պետի հետ չի հանդիպել, փոխարենը կոնկրետ բաժնի պետերի ասել է՝ ազատման դիմում գրեն գնան: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ազատման դիմում են գրել Հարկադիր կատարման ծառայության Կոտայքի բաժնի պետ Արմեն Սարգսյանը, Արմավիրի բաժնի պետ Համբարձումյան Ալեքսանդրը, ծառայության օգնականներ Արթուր Սաֆարյանը, Վահագ Ֆահրադյանը: Ազատված բաժնի պետերը հարց են բարձրացրել, թե ինչի համար են իրենց ազատում. մեկ անգամ չի հանդիպել ասել՝ լավ ես աշխատել կամ վատ, կամ չես համապատասխանում մեր չափանիշներին: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Արմավիրի բաժնի պետ Ալեքսանդր Համբարձումյանը խնդրել է ժամանակ տալ իրեն այլ գործ գտնելու համար, սակայն չեն համաձայնել:
Խիստ վիրավորվել են
Այսքանով գլխավոր հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների վրդովմունքը չի ավարտվում: Բանն այն է, որ մայիսի 5-ին եղել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման 22-ամյակը, եւ Սերգեյ Մեղրյանը մի աշխատողի անգամ անձամբ չի շնորհավորել, այլ միայն բավարարվել են պաշտոնական կայքում մի շնորհավորական ուղերձ տեղադրելով՝ համարելով, որ այսքանն էլ է շատ:
Նախարարի օրինակով
Պարզ է, որ ազատված պաշտոնյաների փոխարեն պետք է նոր անձինք նշանակվեն այդ պաշտոններին, եւ, մեր տեղեկություններով, գլխավոր հարկադիր կատարողն իր մտերիմ, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի օրինակով է վարվել: Ինչպես հայտնի է, 2020թ. ապրիլի 26-ին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը իր քավորին՝ Դավիթ Գասպարյանին, նշանակել է Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետ: Եվ, ահա, գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը, նախարարից օրինակ վերցնելով, իր հորեղբոր որդուն` Մեղրյան Ֆրիդոմին, նշանակել է Հարկադիր կատարման ծառայության Կոտայքի բաժնի պետ: Ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանման համար դիմեցինք գլխավոր հարկադիր կատարողի օգնական Վարդուհի Պետրոսյանին, ինչին ի պատասխան՝ վերջինս հայտնեց. «Երկրում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հետամուտ է իր գործունեությունը համապատասխանեցնել Պարետի որոշումներում սահմանված կանոններին: Այս հանգամանքով է պայմանավորված եղել Ծառայության կազմավորման 22-ամյակին նվիրված ավանդական միջոցառման չեղարկումը: Արտակարգ դրությամբ է պայմանվորված նաեւ այն հանգամանքը, որ Ծառայության ստորաբաժանումների բոլոր պետերի մասնակցությամբ հանդիպում տեղի չի ունեցել նույն վայրում գտնվող մարդկանց սահմանված թույլատրելի քանակը չգերազանցելու նպատակով: Այդուհանդերձ տեղեկացնում ենք, որ ստորաբաժանումների պետերի հետ առանձին-առանձին հանդիպումներն իրականացվում են: Հարկ է նշել, որ ոչ ոք պաշտոնանկ չի արվել: Կոտայքի մարզի բաժնի նախկին պետ Ա. Սարգսյանն ազատվել է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն, երկարամյա ծառայության համար սահմանված զինվորական կենսաթոշակի անցնելու նպատակով, իսկ Արմավիրի մարզի բաժնի պետ Ալեքսանդր Համբարձումյանը ոչ թե ազատվել, այլ ներկա պահին գտնվում է հերթական ամենամյա արձակուրդում: Ինչ վերաբերում է Ֆ. Մեղրյանին, տեղեկացնենք, որ վերջինս գլխավոր հարկադիր կատարողի հետ մերձավոր ազգակցական կապ չունի, այլ հեռու ազգական է, ով երկար տարիներ աշխատել է Ծառայության տարբեր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Վարչական ակտերով բռնագանձումների բաժնի պետի պաշտոնում, աչքի է ընկել իր բանիմացությամբ եւ այլ աշխատանքի անցնելու նպատակով ազատվել է Ծառայությունում զբաղեցրած իր պաշտոնից: Հաշվի առնելով Ծառայությունում առկա թափուր պաշտոնի հանգամանքը, ինչպես նաեւ Ֆրիդոն Մեղրյանի բանիմացությունը, հարկադիր կատարողի աշխատանքի փորձառությունը՝ վերջինս նշանակվել է Կոտայքի մարզի բաժնի պետի պաշտոնում: Ինչ վերաբերում է Գլխավոր հարկադիր կատարողի երկու օգնականների մասին Ձեր հարցադրմանը, նշենք, որ այդ պաշտոնները «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայեցողական պաշտոններ են, ուստիեւ պայմանավորված այդ պաշտոնի գործառութային, նշանակման եւ ազատման առանձնահատկություններով՝ օրենսդիրը այդ պաշտոնների թեկնածուի ընտրությունը թողել է բացառապես գլխավոր հարկադիր կատարողի հայեցողությանը: Նկատենք, որ Ծառայության կողմից ձեռնարկված կադրային համալրումները նպատակ ունեն Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն ապահովել գիտակ, փորձառու, բանիմաց կադրերով Ծառայության գործունեությունն ավելի արդյունավետ, թափանցիկ դարձնելու համար», – ասված է մեկնաբանության մեջ:
ԶԵՆՔԻ ԳՆՄԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ. ԴԻՄՈՒՄ ԵՆ ՆԵՐԱԿԱՅԱՑՐԵԼ
«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում հունվարի 23-ին կրակոցներ արձակած 33-ամյա Արթուր Թորոսյանի գործը դատարանում է, եւ ինչպես հայտնի է, քրեական գործը քննելու է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Դավիթ Բալայանը: Ինչպես հայտնի է, Արթուր Թորոսյանը անմեղսունակ է ճանաչվել:
Ա. Թորոսյանի մոտ ախտորոշվել էր շիզոֆրենիա-պարանոիկ հիվանդություն: Սակայն այս պատմության մեջ ուշագրավ է մեկ բան. եթե Արթուր Թորոսյանն ի սկզբանե առողջական խնդիրներ է ոենեցել, ապա նա ինչպե՞ս է կարողացել օրինական ճանապարհով զենք գնել եւ այդ զենքով ներխուժել «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն: Այս հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ փաստաբան Էդուարդ Աղաջանյանից, որը հայտնեց. «Այո, այդ հարցը հետաքրքրել է նաեւ վարույթ իրականացնող մարմնին, քանի որ, մի կողմից, ըստ դատահոգեբուժական փորձաքննության՝ վերջինս տառապել է եւ տառապում է հոգեկան հիվանդությամբ, մյուս կողմից՝ դեպքը կատարվելուց մեկ շաբաթ առաջ վերջինս համապատասխան բուժհիմնարկից տեղեկանք է ստացել, որ ինքը հոգեպես առողջ է, ու այդ տեղեկանքը վերջինիս իրավունք է տվել օրինական կարգով զենք ձեռք բերել: Եվ այս առումով վարույթն իրականացնող մարմինը համապատասխան միջնորդագիր է ներկայացրել նշված բուժհիմնարկին, թե ինչպես այդ հիվանդությունը չի նկատվել բուժհիմնարկի աշխատակիցների կողմից, եւ վերջինս նրան հոգեպես առողջ լինելու մասին տեղեկանք է տրամադրել, ինչի շնորհիվ նա ձեռք է բերել օրինական ճանապարհով զենք»:
Նկատենք՝ բուժհիմնարկը այդ հարցին չի պատասխանել, եւ դրա պատասխանը առանձին կքննվի: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ վերոնշյալ տեղեկանքը, որ, իբր, Արթուր Թորոսյանն առողջական խնդիր չունի, տրամադրել է Արտաշատի պոլիկլինիկան: Ստացվում է, որ իրավապահները Էրեբունի պլազայի կրակոցների գործով տարբեր դրվագներով քննություն են իրականացնում:
Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
ԵՂԲՈՐ ՏՂԱՆ
Մարտի 19-ին հրազենի գործադրմամբ սպանություն էր տեղի ունեցել Երեւանում: Ժամը 05:20-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ էր ստացվել, որ Եկմալյան 1/1 շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկի մուտքի մոտ տղամարդու դի կա: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկի մուտքի մոտ հայտնաբերել էին նույն շենքի բնակիչ 47-ամյա Արթուր Մարգարյանի դին, ում մարմնի վրա հայտնաբերվել է հրազենից արձակված հետք, իսկ նշված հարկում հայտնաբերվել էին ինքնաձիգից արձակված մեծ թվով պարկուճներ, եւ կրակոցի հետեւանքով վնասվել էր նաեւ տան դուռը:
Նշված սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման էր ենթարկել Երեւանի բնակիչ 35-ամյա Գոռ Տեր-Եսայանը: Վերջինս նախկինում աշխատել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում, եւ նա հայտնի փաստաբան, երջանկահիշատակ Տիգրան Տեր-Եսայանի եղբոր տղան է: Ինչպես հայտնի է, վերջինս դեպքից հետո կալանավորվել էր: Մեզ հայտնի դարձավ, որ Գոռ Տեր-Եսայանին տեղափոխել են հիվանդանոց դատահոգեբուժական փորձաքննություն իրականացնելու համար:
ArmLur-ը գրել էր, որ, ըստ նախնական տեղեկությունների, Տիգրան Տեր-Եսայանի եղբոր տղան աղմուկ է բարձրացրել, թե ինչու են հոսանքազրկել շենքը եւ զայրացած տանից վերցրել է զենքն ու փորձել է հաշվեհարդեր տեսնել շենքը հոսանքազրկած անձի հետ: Հնչել է կրակոց, որի հետեւանքով երջանկահիշատակ Տիգրան Տեր-Եսայանի եղբոր տղայի աները մահացել է:
ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ԳՐՈՀ
Հայաստանում 2020-ի առաջին եռամսյակում համացանցից գրոհների ենթարկվել է օգտատերերի 28,3%-ը, եւ գրանցվել է դրանց հետ կապված 331 հազ. 20 միջադեպ: 2019-ի նույն ժամանակահատվածում նման գրոհների բախվել է օգտատերերի 16,13%-ը: 2020 թվականի հունվար-մարտին տեղային սպառնալիքների ենթարկվել է հայաստանցի օգտատերերի 38%-ը, իսկ այդ սպառնալիքների հետ կապված միջադեպերի քանակը կազմել է 626 հազ. 552: Նախորդ տարվա նույն ամիսներին տեղային սպառնալիքներով վարակման փորձերի Հայաստանում բախվել է համակարգիչների 41%-ը: Այդ սպառնալիքները համակարգիչ են ներթափանցում ֆայլերի (նիշք) միջոցով կամ հանովի կրիչներից:
Տեղային սպառնալիքներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է հրաժարվել հանովի կրիչներով աշխատանքից, եւ դրանց օգտագործման անհրաժեշտության դեպքում կրիչները ստուգել հուսալի հակավիրուսով: