Գլխավոր հարկադիր կատարողը նոր պաշտոն է տվել իր բարեկամին. կադրային ջարդ ծառայությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուշագրավ զարգացումներ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում: Նորանշանակ Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը կադրային ջարդ է սկսել եւ համակարգում պաշտոնի է տանում իր հարազատներին: Ինչպես հայտնի է, 2020 թվականի մարտի 16-ին ՀՀ վարչապետի հրամանով ԲԴԽ անխկին անդամ Սերգեյ Մեղրյանը նշանակվեց Գլխավոր հարկադիր կատարող: Վերջինիս նշանակումը բուռն քննարկումների առիթ տվեց, որ այդ հարցում մեծ դերակատարում է ունեցել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, քանի որ նշանակումը կապում են հենց նախարարի և իր մտերմության հետ: Սակայն Սերգեյ Մեղրյանը մեզ հետ զրույցում նշել էր, թե Բադասյանի հետ առնչվել է միայն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում նրա ուսումնառության տարիներին, եղել է նրա դասախոսը, սակայն որևէ առանձնահատուկ կապ կամ մտերմություն չի ունեցել:

Կադրային ջարդ

Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ, ամեն դեպքում, հենց նախարարության առաջարկով այս տարվա հունվարին մի օրենք է փոխվել, որը հնարավորություն է տալիս գլխավոր հարկադիր կատարող դառնալ նաև գնդապետից ցածր կոչում ունեցողներին: Եվ միայն այդ որոշման՝ ուժի մեջ մտնելուց հետո է հնարավոր եղել Մեղրյանին նշանակել այդ պաշտոնին, քանի որ նա գնդապետի կոչում չունի: Այսպիսով, Մեղրյանը արդեն 1,5 ամիս է, ինչ Գլխավոր հարկադիր կատարողն է եւ համակարգում կադրային ջարդ է սկսել: Մասնավորապես, հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներից, մեզ հասած տեղեկութունների համաձայն, Սերգեյ Մեղրյանն այս մեկ ամսվա ընթացքում ոչ մի բաժնի պետի հետ չի հանդիպել, փոխարենը կոնկրետ բաժնի պետերի ասել է՝ ազատման դիմում գրեք, գնացեք : Մեզ հասած տեղեկությունների համաձայն, ազատման դիմում են գրել հարկադիր կատարման ծառայության Կոտայքի բաժնի պետ Արմեն Սարգսյանը, Արմավիրի բաժնի պետ Համբարձումյան Ալեքսանդրը, Ծառայության օգնականներ Արթուր Սաֆարյանը, Վահագ Ֆահրադյանը: Ազատված բաժնի պետերը հարց են բարձրացրել, թե ինչի համար են իրենց ազատում որ մեկ անգամ չի էլ հանդիպել ասել, լավ ես աշխատել կամ վատ, կամ չես համապատասխանում մեր չափանիշներին:

Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն Արմավիրի բաժնի պետ Ալեքսանդր Համբարձումյանը խնդրել է ժամանակ տալ իրեն՝ այլ գործ գտնելու համար, սակայն չեն համաձայնվել:

Խիստ վրավորվել են

Այսքանով, Գլխավոր հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների վրդովմունքը չի ավարտվում: Բանն այն է, որ մայիսի 5-ին եղել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման 22-ամյակը եւ Սերգեյ Մեղրյանը մի աշխատողի անձամբ չի շնորհավորել, այլ միայն բավարարվել են պաշտոնական կայքում մի շնորհավորական ուղերձ տեղադրելով՝ համարելով, որ այսքանն էլ է շատ :

Նախարարի օրինակով

Պարզ է, որ ազատված պաշտոնյանների փոխարեն պետք է նոր անձիք նշանակվեն այդ պաշտոններին եւ մեր տեղեկություններով, Գլխավոր հարկադիր կատարողն իր մտերիմ, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի օրինակով է վարվել: Ինչպես հայտնի է, 2020 թվականի ապրիլի 26-ին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը իր քավորին՝ Դավիթ Գասպարյանին նշանակել է Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետ: Եվ ահա Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը նախարարից օրինակ վերցնելով իր հորեղբոր, որդուն` Մեղրյան Ֆրիդոնին, նշանակել է հարկադիր կատարման ծառայության Կոտայքի բաժնի պետ:

Ստեղծված իրավիճակի շուրջ պարազաբանման համար դիմեցինք Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը: Այնտեղից մեր հարցերին ի պատասխան, հայտնեցին. «Երկրում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հետամուտ է իր գործունեությունը համապատասխանեցնել Պարետի որոշումներում սահմանված կանոններին: Այս հանգամանքով է պայմանավորված եղել Ծառայության կազմավորման 22-ամյակին նվիրված ավանդական միջոցառման չեղարկումը: Արտակարգ դրությամբ է պայմանվորված նաև այն հանգամանքը, որ Ծառայության ստորաբաժանումների բոլոր պետերի մասնակցությամբ հանդիպում տեղի չի ունեցել՝ նույն վայրում գտնվող մարդկանց սահմանված թույլատրելի քանակը չգերազանցելու նպատակով: Այդուհանդերձ տեղեկացնում ենք, որ ստորաբաժանումների պետերի հետ առանձին-առանձին հանդիպումներն իրականցվում են:

Հարկ է նշել, որ ոչ ոք պաշտոնանկ չի արվել: Կոտայքի մարզի բաժնի նախկին պետ Արմեն Սարգսյանն ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն՝ երկարամյա ծառայության համար սահմանված զինվորական կենսաթոշակի անցնելու նպատակով, իսկ Արմավիրի մարզի բաժնի պետ Ալեքսանդր Համբարձումյանը ոչ թե ազատվել, այլ ներկա պահին գտնվում է հերթական ամենամյա արձակուրդում: Ինչ վերաբերում է Ֆրիդոն Մեղրյանին, տեղեկացնենք, որ վերջինս Գլխավոր հարկադիր կատարողի հետ մերձավոր ազգակցական կապ չունի, այլ հեռու ազգական է, ով երկար տարիներ աշխատել է Ծառայության տարբեր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Վարչական ակտերով բռնագանձումների բաժնի պետի պաշտոնում, աչքի է ընկել իր բանիմացությամբ և այլ աշխատանքի անցնելու նպատակով ազատվել է Ծառայությունում զբաղեցրած իր պաշտոնից: Հաշվի առնելով Ծառայությունում առկա թափուր պաշտոնի հանգամանքը, ինչպես նաև Ֆրիդոն Մեղրյանի բանիմացությունը, հարկադիր կատարողի աշխատանքի փորձառությունը վերջինս նշանակվել է Կոտայքի մարզի բաժնի պետի պաշտոնում:

Ինչ վերաբերում է Գլխավոր հարկադիր կատարողի երկու օգնականների մասին Ձեր հարցադրմանը, նշենք, որ այդ պաշտոնները «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայեցողական պաշտոններ են, ուստիև պայմանվորված այդ պաշտոնի գործառույթային, նշանակման և ազատման առանձնահատկություններով՝ օրենսդիրը այդ պաշտոնների թեկնածուի ընտրությունը թողել է բացառապես Գլխավոր հարկադիր կատարողի հայեցողությանը: Նկատենք, որ Ծառայության կողմից ձեռնարկված կադրային համալրումները նպատակ ունեն Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն ապահովել գիտակ, փորձառու, բանիմաց կադրերով՝ Ծառայության գործունեությունն ավելի արդյունավետ, թափանցիկ դարձնելու համար», – ասված է մեկնաբանության մեջ:

Քնար Մանուկյան




Լրահոս