Ազգային ժողովի հերթական նիստը մեկնարկել է: Խորհրդարանում տեղի ունեցավ «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագծի կամ այլ կերպ ասած Լանզարոտի կոնվենցիայի վավերացման քվեարկությունը: Այն խորհրդարանում քննարկվել էր մայիսի 8-ին։ Այս կոնվենցիայի վավերացումից, ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանը, կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն, ուղղակի պարտավորված է լինելու ձեռնարկել ու ձեռնարկելու է «օրենսդրական և այլ միջոցառումներ` ապահովելու համար, որպեսզի երեխաները տարրական և միջնակարգ կրթություն ստանալու ժամանակ տեղեկանան սեռական շահագործման և սեռական բռնության հետ կապված վտանգի մասին, ինչպես նաև իրենց պաշտպանելու միջոցների մասին՝ համաձայն իրենց կարողությունների»:
Քվեարկությունից առաջ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը կրկին նշեց, թե այս կոնվենցիան իր մեջ վտանգներ է պարունակում: «Կան դրույթներ, որոնք վտանգ են պարունակում և այս կոնվենցիան չի պաշտպանի շահերը», -նշեց նա: Իր հերթին իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հիշեցրեց այս կոնվենցիայի վերաբերյալ հանձնաժողովում քվեարկությունը՝ ասելով, թե այն կողմ է եղել: «Այս նախագիծը կանխելու է մանկապղծությունը ՀՀ-ում և մենք բնականաբար կողմ ենք քվեարկելու», – հավելեց նա: Ի վերջո նախագիծը ընդունվեց 79 կողմ ձայներով: Դեմ քվեարկեց ԲՀԿ-ն:
Հավելենք, որ աԱյժմ խորհրդարանի շենքի դիմաց հավաքվածները նշում են, թե թույլ չեն տա, որպեսզի դպրոցներում միասեռականության քարոզ տեղի ունենա: Ակցիայի կազմակերպիչներից Վահագն Չախալյանը նշում է, թե բոլոր պատգամավորներին պետք է խնդրեն դեմ քվեարկել այս նախագծին:
Մանրամասները՝ տեսանյութում