Դերասանուհի Լիլի Էլբակյանը մայիսի 11-ին նշել է ծննդյան 34-ամյակը։ ArmLur.am-ը Լիլիի հետ զրուցել է տարեդարձի, արտակարգ դրության պայմաններում այն նշելու եւ օրվա խորհրդի մասին։
«Ծննդյանս օրը տանը օնլայն հինգ ժամ պետական քննություն էր գնում, իսկ արդեն երեկոյան ընտանիքիս հետ սրճարանում նշեցի, որը հատուկ բացվել էր ինձ համար, քանի որ ամուսինս այնտեղ է աշխատում։ Այս տարի հյուրեր չկային, նվերներ չկար, ինձ թվում է՝ ովքեր այս կարանտինային ժամանակահատվածում են ծնվել, անպայման կհիշվի։ Իմ բոլոր հարազատները, մտերիմները տարեդարձիս նվերի փոխարեն գումար են նվիրում, դա ինձ համար ավելի հարմար է, քանի որ ես ընդհանրապես անակնկալներ չսիրող մարդ եմ, միշտ ուզում եմ իմանալ, թե վաղն ինձ հետ ինչ է լինելու»,-նշեց դերասանուհին։
Լիլին նշեց, որ նախօրոք բոլոր ընկերներին, հարազատներին խնդրել է անվտանգությունից ելնելով տարեդարձին չգալ, որպեսզի անակնկալներ էլ չլինեն։
«Ես ծննդյանս տարեդարձին միշտ տխրում եմ, անկախ քեզանից այդ օրը զգացմունքներդ սրվում են, դա կարծես, թե փոքր էգոիզմ լինի, իսկ այս տարի գիտակցելով, որ արդեն երեխանես մեծ են, արդեն այդ էգոիզմն անցնում է երկրորդ պլան, և ուզում ես ամեն ինչ անել, որ նրանք երջանիկ լինեն։ Հասկանում ես, որ արդեն մեծացել ես, ոչ թե ուզում ես քեզ ուրախացնեն, այլ դու ուրախացնես ։ Կարծում եմ դա այն կատարյլա հասունության այն ճիշտ կետն է, որին պետք է հասնենս։ Եվ այս տարի ես իմ մեջ գտա, որ արդեն ես այսպիսին եմ։ Իմ տղան այս տարի պետք է առաջին դասարան գնա, եւ նա շատ է սիրում թղթից պատրաստել տարբեր իրեր, ծաղիկներ։ Մեկ շաբաթ է՝ դստերս հետ ինչ-որ բան էին պատրաստում ինձանից թաքուն, իսկ այդ օրն առավոտյան արթնանալուն պես տեսա մի մեծ բացիկ, որի մեջ տղաս իր չիմացած տառերով մաղթանք էր գրել, աղջիկս խմբագրել էր, և այդպես իրենց ուրախ թռվռոցով ուրախացրին ինձ»,-պատմեց Լիլին։
Լիդա Եղիազարյան