Երեկ Ազգային ժողովում ընդունվեց «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասինե օրենքի նախագիծը կամ, այլ կերպ ասած, Լանզարոտի կոնվենցիան: Կոնվենցիան համալիր միջազգային ինստրումենտ է` միտված երեխայի սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնությունների կանխարգելմանը, զոհերի պաշտպանությանը, պատշաճ քննություն իրականացնելուն, իրազեկմանը եւ միջազգային համագործակցությանը: Փաստաթղթի վավերացմամբ՝ Հայաստանը կստանձնի պարտավորություն` ձեռնարկելու անհրաժեշտ օրենսդրական եւ այլ միջոցառումներ` երեխաների սեռական շահագործման ու սեռական բռնության բոլոր ձեւերը կանխարգելելու եւ դրանցից պաշտպանելու համար:
Լանզարոտում 2007թ. հոկտեմբերի 25-ին ստորագրված հիշյալ կոնվենցիան պաշտոնապես կոչվում է «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին»: Այս կոնվենցիայի վավերացումից, ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանը, կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն, ուղղակի պարտավորված է լինելու ձեռնարկել ու ձեռնարկելու է «օրենսդրական եւ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որպեսզի երեխաները տարրական եւ միջնակարգ կրթություն ստանալու ժամանակ տեղեկանան սեռական շահագործման եւ սեռական բռնության հետ կապված վտանգի մասին, ինչպես նաեւ իրենց պաշտպանելու միջոցների մասին՝ համաձայն իրենց կարողությունների»: Մանկական ճանաչված հոգեբաններին հետաքրքրում է, թե հանրակրթական դպրոցում որ տարիքից են երեխաներին ներգրավելու հիշյալ դասընթացներին: Ընդ որում, կրթական նորամուծության դեմ նույն կոնվենցիան վավերացրած մի քանի երկրներում զանգվածային վրդովմունքի դրսեւորումներ կան:
Ինչպե՞ս է իրավիճակն այն երկրներում, որտեղ վավերացվել է կոնվենցիան: Ֆինլանդիան ստորագրել է Լանզարոտի կոնվենցիան 2007թ.-ին, վավերացրել է 2011թ.-ին, բայց դա չի խանգարել, որ երկրում գործի մանկապիղծների խմբավորում 2004թ.-ից մինչեւ 2018թ., ընդ որում՝ Ֆինլանդիայում գործող խմբավորումը կապ ունի 17 արեւմտյան երկրներում գործող այլ մանկապիղծ խմբերի հետ: Հետաքրքիր է, որ Ֆինլանդիայում 2016թ.-ին ընդհանուր առմամբ սեռական բնույթի բռնությունները 2015թ.-ի նկատմամբ աճել են 8,6 %-ով, ինչը հաստատ բնակչության աճի հետ չի կապված: Բելգիան Լանզարոտի կոնվենցիան ստորագրել է 2007թ.-ին, «վավերացրել է 2013թ.-ին, բայց դա չի խանգարել նրան, որ այնտեղ գործի մանկապիղծների խմբավորում, այն էլ՝ գլոբալ մասշտաբի, որին հնարավոր եղավ հայտնաբերել միայն 2020թ.-ին ոստիկանության հատուկ գործողությունների շնորհիվ: Հետաքրքիր է, որ Բելգիայում երեխաների նկատմամբ բռնությունների 1/3 մասը սեռական բնույթի են, եւ դրանք են երեխաների մահացության հիմնական պատճառը:
Նիդեռլանդները Լանզարոտի կոնվենցիան ստորագրել է 2007 թ.-ին, վավերացրել 2010 թ.-ին, չնայած դրան՝ այնտեղ է տեղակայվում մանկապիղծ էլեկտրոնային նյութերի մեծամասնությունը՝ մոտ կեսը: Հատկանշական է, որ իրեն իրավապաշտպանական առաջնորդ հայտարարած Եվրոպան իր զանազան զիզի-բիզի կոնվենցիաներով տեղակայում է մանկապիղծ էլեկտրոնային նյութերի 78,8% եւ տունն է մանկապիղծներին առնչվող ու դրանց շահերը սպասարկող կառույցների: Նմանատիպ նյութեր 2012 թ.-ից տարածողներից մեկին ձերբակալել են միայն վերջերս: Պորտուգալիան Լանզարոտի կոնվենցիան ստորագրել է 2007թ.-ին, վավերացրել 2012թ.-ին: Ի դեպ, Պորտուգալիան 2007թ.-ի մի հոդվածում ներկայացվում է որպես «դրախտավար» մանկապիղծների համար: Կոնվենցիայի վավերացումը չի խանգարել վարել մանկապիղծ գործունեություն երկար տարիներ, որը բացահայտվել է կրկին ոստիկանության միջազգային հատուկ գործողությամբ միայն վերջերս:
Շվեդիան Լանզարոտի կոնվենցիան ստորագրել է 2007թ.-ին, վավերացրել 2013 թ.-ին: Շատ հետաքրքիր երկիր է: Չնայած կոնվենցիայի վավերացմանը՝ ֆեյսբուքում կա 3594 հետեւորդ ունեցող շվեդական մանկապիղծների ցանց էջը: Չնայած կոնվենցիայի «կանխարգելիչ» բնույթին, մանկապիղծին այնտեղ թույլ են տալիս երեխա որդեգրել եւ մեղմացվում են մանկապիղծների պատիժները: Նորվեգիան Լանզարոտի կոնվենցիան ստորագրել է 2007թ.-ին, վավերացրել 2018թ.-ին: Հայտնի է երեխաների պաշտպանության իր ծառայությամբ, որում որոշում կայացնողների շարքում էին մանկապիղծները: Այնտեղ են բնակվում նաեւ «արհեստավարժ» մանկապիղծներ, որոնք հասցրել են բռնաբարել 300 երեխայի: Ձեզ կթվա, թե Նորվեգիան «հետամնաց» երկիր է, եւ մինչեւ Լանզարոտի կոնվենցիայի վավերացումը նրանց երեխաներին հատուկ տեղեկացման դասընթացներ չեն մատուցվել, բայց դուք չարաչար կսխալվեք. այս 2007թ.-ի հոդվածում նշվում է, որ սեռական կրթությունը Նորվեգիայի դպրոցներում պարտադիր է:
Ուշագրավ է, որ ՀՀ Սահմանադրական դատարանը Լանզարոտի կոնվենցիայի վերաբերյալ իր՝ 31.03.2020թ. որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշել է. «Կոնվենցիայի 10-րդ հոդվածով ամրագրված, երեխաների իրավունքները խթանելու եւ պաշտպանելու համար անկախ իրավասու ազգային կամ տեղական կառույցներ ստեղծելու կամ նշանակելու պարտավորությունը չի ենթադրում պարտադիր նոր մարմնի ստեղծում, եւ այդ պարտավորության իրականացումը կարող է ապահովվել Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ գործող իրավասու մարմնի գործունեության շրջանակներում»: ՍԴ-ի վերոնշյալ նկատառումը, սակայն, իրավական առումով լումայի արժեք չունի, քանի որ այն ոչ թե արգելք է, այլ ընդամենը նկատառում: Սահմանադրական դատարանի որոշմամբ նաեւ իմպերատիվ արձանագրված է. «…Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ կոնվենցիայով նախատեսված երեխաների տարրական եւ միջնակարգ կրթության ընթացքում սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների, ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկությունները տրամադրվեն՝ պարտադիր հաշվի առնելով երեխաների հասունության մակարդակը եւ նրանց զարգացող կարողությունները»:
Նկատենք սակայն, որ այս կոնվենցիայի հետ կապված երկար ժամանակ է՝ մտահոգություններ են առկա լայն շրջանակների մոտ: Օրինակ՝ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը կարծում է, թե երեկ կիսադատարկ դահլիճում չպետք է քննարկվեր այդ կոնվենցիան, եւ որ դրա ընդունումը ժամանակավրեպ է: Ինչպես զգուշացրել կամ տեղեկացրել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Լանզարոտի կոնվենցիայի վավերացման դեպքում Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի համակարգ առաջին անգամ կներմուծվի «սեռական կողմնորոշում» հասկացությունը, այս կոնվենցիայի վավերացումը հեշտացնելու է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը: Ստամբուլյան կոնվենցիան նույնպես կիրառում է «սեռական կողմնորոշում» հասկացությունը:
Հավելենք, որ Լանզարոտի կոնվենցիան Հայաստանի Հանրապետությունը ստորագրել էր 2010 թվականի սեպտեմբերի 29-ին, սակայն առ այսօր չէր վավերացրել: Ինչեւէ, երկուշաբթի պետք է տեղի ունենա քվեարկությունը, եւ, ըստ էության, կոնվենցիան կվավերացվի:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԿՄԵԿՆԻ ԱՐՁԱԿՈՒՐԴ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ երկու որոշում է կայացրել: Դրանցից մեկով՝ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2020 թվականի մայիսի 11-12-ը ներառյալ կգործուղվի Արցախի Հանրապետություն: Նա գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության վարչապետին պետք է ներկայացնի Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: Իսկ մեկ այլ որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանին կտրամադրվի 2019-2020թթ. աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի մայիսի 13-19-ը ներառյալ:
ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին որոշում է ստորագրել:
ՀՍՏԱԿ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել է, թե որ դեպքում իրենց պատգամավորական մանդատը վայր կդնեն մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներ Սասուն Միքայելյանը, Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը զոհ չէ, կոնֆլիկտի կողմ է, ավելին՝ կոնֆլիկտը հրահրող կողմ է: Սասուն Միքայելյանը պատրաստ է մանդատը վայր դնել, եթե միաժամանակ մանդատը վայր է դնում նաեւ Էդմոն Մարուքյանը: Իրենց մանդատները պատրաստ են վայր դնել նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը՝ պայմանով, որ միաժամանակ մանդատները վայր են դնում նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Հրանտ Այվազյանն ու Սարգիս Ալեքսանյանը: Սա է մեր դիրքորոշումը, արդարությունն ու քաղաքական հետեւանքը, որը պետք է տեղի ունենա:
Նշենք, որ ԱԺ դահլիճում մայիսի 8-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջեւ բանավեճը վերածվել էր ծեծկռտուքի: Նիստը ընդմիջվել էր:
ՆԵՐՔԻՆ ԲԱԶՄԱԲԵՐԴՈՒՄ՝ 17 ԴԵՊՔ
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում կորոնավիրուսի 17 դեպք է հաստատվել: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Ներքին Բազմաբերդի գյուղապետ Խաչատուր Նորեյանը, սակայն հրաժարվեց մանրամասնել՝ նշելով, որ մարզպետարանը թույլ չի տալիս: Այս թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցեց ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանի հետ:
«Մինչ այս պահը մարզում մենք ունենք 104 հաստատված դեպք, նրանցից 40-ը արդեն առողջացել է, այս պահին բուժման մեջ է գտնվում 64 քաղաքացի: Ինքնամեկուսացված մինչեւ այս պահը մոտ 1500 քաղաքացի է եղել: Այս պահին մենք Ծաղկաձորում կամ այլ վայրերում մեկուսացված մոտ 200 քաղաքացի ունենք, ավելի կոնկրետ՝ նրանցից 150-ը վերադարձել են, իսկ 50-ը այս պահին գտնվում են մեկուսացման մեջ», – հայտնեց նա: