ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Գեղարքունիքի  մարզում

 

Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղի 7-րդ փողոցի 1-ին տանը՝ կարտոֆիլի հորի մեջ աշխատանքներ կատարելիս հողաշերտի փլուզում է տեղի ունեցել, որի տակ քաղաքացիներ կան։ Փրկարարները գյուղացիների օգնությամբ հողաշերտի տակից դուրս են բերել նույն տան բնակիչ 52-ամյա Նվեր Շահինյանի դին, իսկ թեթեւ մարմնական վնասվածքներով դուրս են բերել նույն հասցեի բնակիչ 29-ամյա Ավետիք Շահինյանին։

Լուսանկարը՝ shamshyan.com-ի:

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Եթե ծնողը ցանկանում է, որ իր երեխան սովորի ռուսերեն լեզվով ուսուցմամբ դասարանում կամ դպրոցում, ի՞նչ պետք է անի, ո՞ւմ կարող է դիմել։

Երան Հայրապետյան (33 տարեկան, ավագ օպերատոր)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ե. Հայրապետյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ համակարգում առանձնացվել է ռուսաց լեզվով ուսուցման բաժին, եւ եթե ծնողը օտարերկրյա քաղաքացի, երկքաղաքացի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձ է, կամ ծնողներից միայն մեկն է ՀՀ քաղաքացի, ապա կարող է իր երեխային հայտագրել ռուսաց լեզվով ուսուցում իրականացնող դպրոցում: Եթե փաստաթղթերը դպրոց ներկայացնելիս հայտնաբերվի անհամապատասխանություն, ապա հայտագրումը կչեղարկվի:

Երեւանի քաղաքապետարանի՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններ ունեցող դպրոցների ցանկին կարող եք ծանոթանալ ԿԳՄՍ կայքում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ի դեպ, գրանցվելու համար Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների ու նրանց երեխաների դեպքում նույնպես հանրային ծառայությունների համարանիշը պարտադիր է, որը տրվում է հաշվառվելու դեպքում անձնագրային բաժինների կողմից:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ակցիզային դրոշմանիշներով պարտադիր դրոշմավորման ոչ ենթակա, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծման դեպքում  ակցիզային հարկը ինչ ժամկետում պետք է վճարվի:       

Սիլվա Արոյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ակցիզային դրոշմանիշներով պարտադիր դրոշմավորման ոչ ենթակա, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծման գործարքների մասով ակցիզային հարկի վճարման ժամկետները սահմանվում են «Անուղղակի հարկերի մասին» արձանագրությամբ եւ «Անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (ակցիզային հարկի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչեւ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք փաստացի ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրը ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ):

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներն են գարեջուրը, խաղողի եւ այլ գինիները եւ սպիրտային խմիչքները, ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները եւ սիգարետները` ծխախոտով կամ դրա փոխարինիչներով, բենզինը, հում նավթը եւ նավթամթերքները, դիզելային վառելիքը, նավթային գազերը եւ գազանման այլ ածխաջրածինները, քսայուղերը:

 

 

 




Լրահոս