Նարինե Խաչատուրյանը դրական է գնահատում թանգարանների օնլայն գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կորոնավիրուսի տարածման պատճառով Հայաստանում գործող սահմանափակումների պայմաններում թանգարանները վիրտուալ հարթակում մշակել են բազմաթիվ ճանաչողական, կրթական, ինտերակտիվ ծրագրեր, որոնք հետաքրքրել են հասարակության լայն շրջանակին:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը կարծում է, որ նոր աշխատելաոճը թանգարանների տնօրեններին և աշխատակիցներին հնարավորություն տվեց օգտագործելու իրենց անսպառ երևակայությունն ու ստեղծագործականությունը:

Խաչատուրյանն այս մասին ասաց մայիսի 20-ին կազմակերպված «Թանգարանների կյանքը COVID19-ի օրերին» թեմայով վեբինարին:

«Եթե նախկինում քննադատական մոտեցում կամ թերահավատություն կար թանգարնների աշխատակազմերի, տնօրենների նկատմամբ, ապա ինձ համար մեծ մասամբ այդ ամենը փոխվեց, որովհետև նրանք մեծ նախաձեռնողականություն ցուցաբերեցին այս ընթացքում: Ես տեսա, թե նրանք ինչպես են իրենց լուման ներդնում ճգնաժամի հաղթահարման համար: Շատ կարևոր հարց լուծեցին և դեռ լուծում են՝ անելով ամեն բան, որ հասարակությունը չզրկվի թանգարանային մշակույթին առնչվելու իրավունքից»,-շեշտեց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ առցանց տիրույթում թանգարանները դարձել են թափանցիկ և հրաշալի երևում է, թե որ թանգարանն ինչ ներուժ ունի, ինչ կարողություններ ոչ միան տեխնիկական առումով, այլև՝ երևակայության:

Վեբինարնը նախաձեռնել էին ԻԿՕՄ Հայաստանի խորհրդի անդամները:




Լրահոս