«Փաստ» օրաթերթը գրում է. «Եվրասիական բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ գազի գնի հետ կապված հայտարարությունը թեկուզ դիվանագիտական լեզվով, սակայն բավականին կոշտ էր՝ ուղղված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:
Գազի գնի հարցը նոր չէ և պարբերաբար բարձրացվում է: Ավելին, այն վաղուց տնտեսականից զատ ունի նաև քաղաքական բաղադրիչ: Միևնույն ժամանակ, սա ընդհանուր միջպետական հարաբերությունների միայն մի կողմն է:
Իրականում անցած երկու տարվա ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները, մեղմ ասած, բավականին մշուշոտ են, եթե չասենք ավելին:
Փաստը մնում է փաստ, որ ռուսաստանցի գործընկերների կողմից մեր իշխանությունների նկատմամբ գնալով խորանում է անվստահությունը, ավելի ու ավելի են բարդանում փոխադարձ հարաբերությունները:
Ու եթե սկզբնական շրջանում նոր իշխանությունները հավաստիացնում էին, թե Ռուսաստանի հետ առկա են հրաշալի գործընկերային հարաբերություններ, ավելին, Փաշինյանն ուզում էր ցույց տալ, որ ինքն էլ իբր ընկերական հարաբերություններ ունի Պուտինի հետ, ապա հիմա արդեն թե՛ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, թե՛ հենց վարչապետը խոստովանում են, որ խնդիրներ իրոք կան:
Իհարկե, դրանք ներկայացվում են որպես «աշխատանքային», սակայն ակնհայտ է, որ իրավիճակն առավել բարդ է, ու «ամեն ինչ նորմալ» չէ, ինչպես փորձում է ներկայացնել Փաշինյանը: Խնդիրներն առանց խոստովանելու էլ ակնհայտ են, ինչի մասին են վկայում մի շարք երևույթներ և իրադարձություններ:
Հենց թեկուզ 2019 թվականի հոկտեմբերին Երևանում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակներում Պուտինի այցն իր բոլոր «նրբերանգներով», այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ և որդու հետ հանդիպումով, Փաշինյանի կողմից կրկնակի ճանապարհելու փաստով և այլն, ինքնին բավականին խոսուն էր:
Վերջերս էլ մի քանի հայտարարություններ արեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, այդ թվում՝ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունների հետ կապված:
Մեկ շաբաթ առաջ վերջինս հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, որի ընթացքում, ըստ պաշտոնական տեղեկատվության, քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարը և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները: Նույն օրը լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ հեռախոսազանգի առանցքում եղել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդման հարցը։
Ու թեկուզ ԱԳ մամուլի քարտուղարը հերքեց այս տեղեկությունը, սակայն ուշագրավ է, որ այդ հեռախոսազրույցը տեղի է ունեցել դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը հերթական անգամ մերժելու հենց հաջորդ օրը:
Ոչ պակաս ուշագրավ է այն հանգամանքը, որ հենց դատի օրը հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի միջև: Ըստ պաշտոնական հաղորդագրության, «ռուսական կողմի նախաձեռնությամբ»: