Նոր փորձագետների համալրում՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի մեկնարկման շրջանակներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված  գործառույթներ իրականացնող դատախազների և
գլխավոր դատախազի՝ այդ ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակների համալրման բաց
մրցույթներ անցկացնելու նպատակով, ի կատարումն օրենսդրության պահանջների, ՀՀ գլխավոր դատախազին
առընթեր որակավորման հանձնաժողովը համալրվել է երկու ոլորտային փորձագետներով:
Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամաներով հասարակական հիմունքներով
որակավորկան հանձնաժողովի անդամ են նշանակվել Միջազգային զարգացման իրավունքի կազմակերպության
ավագ խորհրդատու Լևան Բեժաշվիլին և ՀՀ ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ
Արկադի Սահակյանը:

Լևան Բեժաշվիլին ունի հակակոռուպցիոն օրենսդրության մշակման, դատական բարեփոխումներում,
պետական կառավարման ոլորտներում երկարատև փորձառություն, որպես փորձագետ ներգրավված է եղել
Համաշխարհային բանկի, ԱՄՆ ՄԶԳ, ՄԱԶԾ, «Թրանսփերենսի ինթերնեյշնլ-Վրաստան»-ի տարբեր ծրագրերում,
եղել է Վրաստանի խորհրդարանի անդամ, Վրաստանի գլխավոր աուդիտոր:

Արկադի Սահակյանը ներկայացնում է ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերությունների
հակակոռուպցիոն կոալիցիան, եղել է վերջինիս խորհրդի նախագահը, այդ շրջանակներում ներգրավված է եղել
«Ապօրինի հարստացման» քրեականացման վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրությանը, Հայաստանում
ինստիտուցիոնալ Հակակոռուպցիոն մարմին ձևավորելու, տնտեսվարողների և բնակչության շրջանում
հակակոռուպցիոն իրազեկվածության բարձրացման, կոռուպցիոն դեպքերի վերհանման և դրա մասին ազդարարման
ուղղությամբ իրականացված աշխատանքներին, որպես իրավաբան՝ մասնագիտացած է նաև տեղեկատվական,
հեռահաղորդակցական և բարձր տեխնոլոգիաների զարգացման ոլորտում շահերի պաշտպանության
գործընթացներում:

Հիշեցնենք, որ 2020թ. մայիսի 23-ին ուժի մեջ է մտել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման
մասին» ՀՀ օրենքը և դրա հետ փոխկապակցված «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և
լրացումներ կատարելու մասին» օրենքը (ՀՕ-245-Ն): Համաձայն վերջինիս՝ ապօրինի ծագում ունեցող գույքի
բռնագանձմանն ուղղված  գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակների
համալրումն իրականացվում է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կողմից
անցկացվող բաց մրցույթների միջոցով:

Այդ նպատակով որակավորման հանձնաժողովում, բացի արդեն գործող 9 անդամներից, ժամանակավորապես
ընդգրկվում է ոլորտում գիտական կամ պրակտիկ աշխատանքի, կոռուպցիոն հանցագործությունների քննության
առնվազն երեք տարվա փորձառություն ունեցող ևս երկու փորձագետ: Նման կառուցակարգը ներդրվել է՝
ապահովելու մրցույթների անցկացման ողջ գործընթացի նկատմամբ հասարակական վերահսկողությունն ու
թափանցիկությունը:
Այս համատեքստում, չնայած օրենսդրորեն նման ընթացակարգի բացակայությանը և գլխավոր դատախազին
վերապահված լայն հայեցողությանը, ելնելով գործընթացին հանրային մասնակցայնության և մրցակցայնության
հիմունքներից, Արթուր Դավթյանի հանձնարարությամբ որակավորման հանձնաժողովում փորձագետների ներգրման
համար հայտարարվել էր հայտերի ներկայացման հրավեր, որոնց արձագանքել էին նշված փորձագետները և
ներկայացել մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը:




Լրահոս