«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 2020 թվականի փետրվար ամսից իր աշխատանքները սկսած Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն այս ընթացքում քննարկում է նաեւ Գերագույն դատարան ստեղծելու մասին հարցը, ինչի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր մայիսի 16-ին տեղի ունեցած իր ասուլիսի ժամանակ:
«Քննարկման թեմաներից մեկը ընդհանրապես Սահմանադրական դատարանի իստիտուտը վերացնելն է եւ դրա փոխարեն Գերագույն դատարան ունենալու տարբերակն է, որը մի շարք երկրներում ընդունված է, որովհետեւ այսօրվա համակարգը, ըստ էության, Սահմանադրական դատարանը եեւ դատական համակարգը կտրել է իրարից, եւ այդտեղ պրոբլեմներ են առաջանում», – ասուլիսի ժամանակ ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այսինքն՝ դա ենթադրում է Վճռաբեկ դատարանի եւ Սահմանադրական դատարանի միացում:
«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ փոփոխվել են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի ներկայացման ժամկետները: Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2020 թվականի փետրվարի 12-ի հրամանով՝ ստեղծվել էր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որը պետք է գործունեությունը սկսելուց հետո եռամսյա ժամկետում մշակեր սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, իսկ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 1-ը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացներ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Սակայն որոշում է կայացվել փոփոխել ժամկետները, եւ պատճառը թերեւս արտակարգ դրությամբ ստեղծված իրավիճակն է, քանի որ հանձնաժողովի նիստերը չեն կայանում:
Այսինքն՝ մայիսին պետք է հանձնաժողովն արդեն մշակած ունենար բարեփոխումների հայեցակարգը, սակայն հաշվի առնելով դրա անհնարինությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է փոփոխել ժամկետները եւ սահմանել, որ մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը պետք է մշակել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, իսկ մինչեւ 2021 թվականի հունիսի 30-ը մշակել եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Ստացվում է՝ վերջնական նախագիծը պատրաստ պետք է լինի միայն հաջորդ տարի: Եվ, ահա, մինչեւ դեկտեմբերի 31-ը ներկայացվող հայեցակարգում պետք է անդրադարձ լինի նաեւ Գերագույն դատարանի հարցին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս պահին հանձնաժողովի իրավաբան-գիտնականներն ուսումնասիրում են միջազգային փորձը, քննարկումներ անցկացնում, թե որքանով է նպատակահարմար ի վերջո նման որոշում կայացնել: Այս թեմայով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է մասնագիտական հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանի հետ, որը մեզ հետ զրույցում հաստատեց հանձնաժողովում նման քննարկումների առկայությունը: «Սահմանադրական փոփոխությունների քննարկումները սկսվել են վաղուց, մենք աշխատում ենք դեռ փետրվար ամսից: Կորոնավիորսը մեզ գրեթե չի խանգարել, եւ մենք ինտենսիվ իրականացնում ենք այդ աշխատանքները նաեւ կորոնավիրուսի պայմաններում: Հեռակա կարգով գրեթե ամեն շաբաթ քննարկում ենք իրականացրել: Ըստ էության, քննարկված հարցերից մեկը եղել է հենց սահմանադրական արդարադատության իրականացման հարցը: Նաեւ քննարկվում է Գերագույն դատարան ստեղծելու հարցը», – նշեց նա:
Իոաննիսյանի խոսքով՝ Գերագույն դատարանի ստեղծումն իրենից իսկապես ենթադրում է Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանների միացում: «Բայց այնտեղ շատ եւ շատ այլ տարբեր փաստեր կան, եւ տարբեր ձեւեր կան միավորելու: Բայց պետք է ասեմ, որ դեռ միանշանակ որոշված չէ, որ միավորվելու է, եւ նաեւ չի բացառվում, որ մենք գանք այն եզրահանգման, որ այդուհանդերձ արժի թողնել այն ձեւը, որը կա: Հանձնաժողովի անդամներից մեկն է մի քննարկման ժամանակ նման առաջարկ արել, սակայն այդ առաջարկը մինչեւ այժմ էլ կար, բայց պետք է խորքային եւ մասնագիտական քննարկումներ լինեն, եւ դրանք հիմա ընթանում են: Այլ երկրների իրավիճակն է ուսումնասիրվում. դրանով զբաղվում են իրավաբան-գիտանականները», – հավելեց նա: Հիշեցնենք, որ հանձնաժողովը կազմված է 15 հիմնական անդամից, ի պաշտոնե ընդգրկված են արդարադատության նախարարը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, ՀՀ օմբուդսմենը, նաեւ ԲԴԽ-ից մեկ անդամ, հասարակական կազմակերպության 2 ներկայացուցիչ, 6 իրավաբան-գիտանական:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՈՉ
Առաջիկա շաբաթ օրը՝ մայիսի 23-ը, աշխատանքային է, փոխարենը մարդիկ կարող են հանգստանալ մայիսի 29-ին: Այս մասին ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել դեռեւս 2020 թվականի փետրվարի 21-ին՝ ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով: Որոշման մեջ ասվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է 2020 թվականի մայիսի 29-ի աշխատանքային օրը տեղափոխել 2020 թվականի մայիսի 23-ը՝ շաբաթ օրը:
ԾԱՅՐԱՀԵՂ ՉԵՆ
Զինված ուժերում կորոնավիրուսով հիվանդների շրջանում ծանր դեպքեր չկան, հիվանդացածների մոտ մեծ մասամբ անսիմպտոմ դեպքեր են: Այս մասին նշել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Տիգրան Բալայանը: «Դեպք չունենք, որը այն շրջանակից չէր, որ ակնկալում էինք: Բավական լավ են այս առավոտվա դրությամբ. եթե ոչ բոլորը, ապա մեծ մասն անսիմպտոմ է անցնում, կան թոքաբորբով դեպքեր, բայց ծանր, ծայրահեղ դեպքեր չունենք»,- ասել է Տ. Բալայանը:
ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
ՀՀ բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հեռավար հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության առեւտրի եւ արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովի հետ: Վերջինս հայկական կողմին հակիրճ ներկայացրել է մինչ օրս բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության ոլորտում երկու երկրների կողմից իրականացվող ծրագրերի զարգացման դինամիկան, թիրախային ոլորտները եւ համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Գործընկերներն արձանագրել են, որ Հայաստանը դեռ Սովետական միության տարիներից կուտակել է անհրաժեշտ գիտատեխնիկական եւ մարդկային ներուժ՝ ստեղծելու անհրաժեշտ տեխնիկական լուծումները փոխգործակցության հիմնական ուղղություններով: Կողմերը ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ, որոնք տեղակալների մակարդակով առաջիկայում կքննարկվեն աշխատանքային կարգով:
ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է
Ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի մի բնակարանից փող, վզնոց ու մատանի են գողացել: Իրավապահներն արձանագրել են, թե որտեղից է կատարվել գողությունը: Ննջարանի մահճակալի ներքնակի տակից գողացել են 2.800.000 դրամ, պահարանից` 30.000 դրամ եւ արծաթյա զարդեր` բնակարանատիրոջը պատճառելով մոտ 3 միլիոն դրամի նյութական վնաս: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Պարզվել է, որ գաղտնի հափշտակությունը կատարել է տուժողի 26-ամյա հարեւանը: Կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին: Նա տվել է խոստովանական ցուցմունք, որ ինքն է հարմարեցված բանալիով բացել հարեւանի բնակարանի դուռը եւ կատարել գողություն:
ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՅՏՆԻ Է
Մայիսի 26-ին տեղի է ունենալու Երեւանի ավագանու հերթական նիստը: Այս պահին օրակարգում 4 հարց է ընդգրկված: ArmLur.am-ը տեղեկացավ, որ, օրինակ, օրակարգում ընդգրկված չորս հարցերից մեկով «Ալեքսանդր Հոթել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք է տրվելու: Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն՝ այս ընկերության հիմնադիրը Գեւորգ Վալերիի Համբարձումյանն է եւ «Մոնարխ» ՍՊԸ-ն: Որոշումներից մեկով էլ «Երկրապահ կամավորական միություն» հասարակական կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով գույք է տրամադրվելու: Ներկայացվող նախագծով առաջարկվում է երկարաձգել Երեւան համայնքի սեփականություն հանդիսացող Վիլնյուսի փողոց հ.43/2, Խաղաղ Դոնի փողոց հ.1, Անդրանիկի փողոց թիվ 125/5, Ավան-Առինջ թաղ. 1-ին միկրոշրջան, Եղ. Թադեւոսյան 11/1, Դավթաշեն 1-ին թաղ. 27/2 հասցեներում գտնվող ՀՀ «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին տրամադրված տարածքների անհատույց օգտագործման իրավունքի պայմանագրերի ժամկետները եւ կնքել անհատույց օգտագործման իրավունքի պայմանագրեր՝ Պարոնյան հ.20/4 եւ Ազատության հ.12 հասցեներում գտնվող տարածքների վերաբերյալ: Մեկնաբանության մեջ նշվում է, որ «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությունը երկար տարիներ շարունակ գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում՝ աջակցելով Արցախյան ազատամարտերին մասնակցած ազատամարտիկներին եւ նրանց ընտանիքներին։ Կազմակերպությունն իր գործունեությամբ օժանդակում է ՀՀ զինված ուժերի հզորացմանը, ինչպես նաեւ դեռահասների ու երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը:
ԱԿՏԻՎ ԵՆ
Նոր տիպի կորոնավիրուսի տարածման եւ դրա հետեւանքների դեմ պայքարի շրջանակում Հայաստանն ակտիվորեն համագործակցում է իր գործընկերների եւ միջազգային կառույցների հետ: Այդ համագործակցության շրջանակում Եվրամիությունը Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ շուրջ 96 մլն եվրոյի, ԱՄՆ-ն՝ 1.7 մլն դոլարի, Համաշխարհային բանկը՝ 3 մլն դոլարի դրամական կամ նյութատեխնիկական աջակցություն։ Ճգնաժամային իրավիճակով պայմանավորված՝ մի շարք միջազգային կառույցներ եւ գործընկեր երկրներ նախատեսում են մեծացնել Հայաստանին տրամադրվելիք աջակցության ծավալները։ Մասնավորապես, Արժույթի միջազգային հիմնադրամը նախատեսում է ավելացրել Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օժանդակությունը մինչեւ 280 մլն դոլար։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ստորագրվել է ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր, որով Հայաստանին տրամադրվում են դրամաշնորհներ, տեխնիկական աջակցություն եւ արտոնյալ տոկոսադրույքով վարկեր, որոնց ընդհանուր ծավալը գերազանցում է 91 մլն եվրոն։