ՄԻԱՆՎԱԳ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության երրորդ ծրագրի շրջանակներում պետության կողմից կտրամադրվի միանվագ դրամական աջակցություն այն ընտանիքներին, որոնք ունեն գործող հիպոտեքային վարկ, եւ ընտանիքում ծնվում է երեխա: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից ArmLur.am-ին հայտնել են, որ աջակցությունը կուղղվի հիպոտեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը: Քաղաքացին իրավունք ունի օգտվել երեխայի ծննդյան աջակցության ծրագրից՝ անկախ հիպոտեքային վարկը վերցնելու ժամկետից կամ բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրից օգտվելու հանգամանքից: Աջակցության այս ծրագրից կարող են օգտվել գործող հիպոտեքային վարկ ունեցող այն ընտանիքները, որոնցում երեխան ծնվել է 2020թ.-ի հուլիսի 1-ին կամ դրանից հետո, իսկ անշարժ գույքի առավելագույն գինը կազմում է 30 մլն դրամ, որը շահառուի 3-րդ եւ հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով կավելանա եւս 5 մլն դրամով:
4.401.750 ՀՀ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում մայիսի 18-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Մեծավանի անտառպետության» թիվ 3-րդ պահաբաժնում հայտնաբերել են անհայտ անձանց կողմից ապօրինի հատված 58 ծառ (9 հաճարենի, 2 հացենի, 1 ուռենի, 46 սոճենի), իսկ Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի ձախակողմյան անտառաշերտում՝ տանձենի տեսակի 38 ծառ: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Եղեգնուտի անտառպետության» թիվ 4-րդ պահաբաժնում արձանագրվել է նույնպես անհայտ անձի կողմից ապօրինի հատված հաճարենի տեսակի 2 ծառի (1-ը՝ հողմատապալ) դեպք: Բուսական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է 4.401.750 ՀՀ դրամ՝ համապատասխանաբար 1.771.500, 2.505.000 եւ 125.250 ՀՀ դրամ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի եւ Գուգարքի բաժիններ:
ԱՆՁՐԵՎ ԵՎ ԱՄՊՐՈՊ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ հանրապետության տարածքում մայիսի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին՝ հյուսիսային շրջաններում, 23-24-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում են անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաեւ քամու ուժգնացում՝ 19-24 մ/վ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 21-22-ը կբարձրանա 3-5 աստիճանով: Երեւանում մայիսի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 23-24-ի կեսօրից հետո սպասվում են անձրեւ եւ ամպրոպ:
ՓՈՍՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կկարողանան փոստային ծառայության միջոցով չգրանցված դեղորայք ստանալ: Այս մասին այսօր Ազգային Ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարել է «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: Գործող օրենքի համաձայն՝ քաղաքացին սահմանը հատելիս կարող է իր հետ տեղափոխել իր համար անհրաժեշտ դեղորայքը, նույնիսկ եթե այն գրանցված չէ երկրում: Նոր փոփոխությունների համաձայն՝ քաղաքացիները կկարողանան փոստային ծառայության միջոցով չգրանցված դեղորայք ստանալ: Պատգամավորը նշել է, որ շատերն այսօր անհամբերությամբ են սպասում այդ օրինագծի ընդունմանը, հատկապես՝ այս պահին, երբ սահմանները փակ են: Իր հերթին առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ չգրանցված դեղորայքի ներկրման թույլտվության ստանալու կարգը որոշվում է կառավարության համար 202 որոշմամբ: Հեշտացված կարգով 3 օրվա ընթացքում ֆիզիկական անձը կարող է թույլտվություն ստանալ: Եթե դեղորայքի գինը ցածր է 200 եվրոյից, ապա մաքսազերծում չի պահանջվի:
ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Երթեւեկության անվտանգության բարելավման եւ ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակներում Ճանապարհային ոստիկանության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում Երեւան քաղաքի Մարտիրոսյան-Լուկաշինի փողոցների եւ Լուկաշինի փողոց-դեպի Հին Սիլիկյան խճուղի տանող փողոցի խաչմերուկներում 2020 թվականի մայիսի 20-ից տեղի է ունեցել երթեւեկության փոփոխություն:
ՉԵՆ ԳՆԱ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Արտերկրից Հայաստան ժամանող ինքնաթիռների վայրէջքի ժամերին որոշ քաղաքացիներ շտապում են օդանավակայան՝ դիմավորելու իրենց հարազատներին: Հիշեցնենք, որ արտերկրից Հայաստան ժամանած քաղաքացիները ավտոբուսներով ուղեկցվում են մեկուսացման վայրեր, այսինքն՝ հարազատներին դիմավորելու հնարավորություն եւ անհրաժեշտություն չկա: Մարդկանց կուտակումներից զերծ մնալու եւ առողջության անվտանգության նկատառումներից ելնելով՝ կոչ ենք անում չգնալ օդանավակայան»: