ՀԵՌԱՎԱՐ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԵՑԱՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում, կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, գործարկվեց հեռավար կրթության համակարգ, որը գործում է մինչեւ այժմ, սակայն շատերը քննադատում են այս համակարգը, խնդիրներ մատնանշում: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ զրուցել ենք հեռավար կրթության խնդիրների, առկա բողոքների մասին:

 

-Տիկի՛ն Ստեփանյան, ըստ Ձեզ՝ հաջողվե՞ց Հայաստանում հեռավար կրթություն իրականացնել, քանի որ աշակերտ-ուսուցիչները, ուսանող-դասախոսները շփվում էին առցանց տարբերակով:  Գնահատե՛ք արդյունքները, խնդրում եմ:

-Շատ կարեւոր է այս օրերին, որպեսզի նաեւ հենց պատգամավորները կամ հենց ոլորտի մասնագետները գնահատական հնչեցնեն, քանի որ ասպարեզում շատ են, չասենք ոլորտից հեռու, բայց ոչ այնքան ոլորտի մասնագետների արձագանքները: Ասեմ, որ բավականին տարբեր են գնահատականները հեռավար կրթության վերաբերյալ, ասեմ՝ ինչու. կորոնավիրուսով պայմանավորված՝ փաստորեն, ամբողջ աշխարհը խնդիր ունեցավ, եւ  անմասն չմնաց Հայաստանը: Հեռավար կրթության հետ կապված՝ ինչպես ամբողջ աշխարհը, այդ թվում՝  Հայաստանը,  չուներ բանաձեւ, մեխանիզմ, եւ մենք անցանք էս փուլին հանպատրաստից: Բնականաբար, իր հետ պետք է բերեր որակի բացթողումներ, որոնք ունեն տարբեր շերտավորում, դրանք կապ ունեն ե՛ւ սոցիալական խնդիրների հետ՝ կապված ուսուցիչների մասնագիտական կարողությունների, հմտությունների հետ: Այս առումով մենք ունեցանք բացեր, որի մասին խոսում է ե՛ւ կրթության նախարարը, ե՛ւ փոխնախարարը:  Մենք ենք բազմիցս մեր խոսակցություններում շեշտել, որ հեռավար կրթությունն ունեցավ թերություններ:

-Օրինակ՝ ասում են, որ նախարարը ձախողեց:

-Բոլորովին համաձայն չեմ այդ գնահատականի հետ, որովհետեւ ընդամենը պետք է հետադարձ հայացք նետել այս օրեին, թե ինչ տեղի ունեցավ  աշխարհում ընդհանրապես: Մենք  ունեցանք խնդիրներ առաջին հերթին այն խմբի աշակերտների հետ, որոնք այս կամ այն սոցիալական խմբում են ներառված եւ չունեին պրիմիտիվ աշխատանքային գործիքներ: Սարքավորումները տրամադրեցինք:

  1. Որքանո՞վ էր սա ծածկում մարզերում տեխնիկա չունեցող երեխաների հարցերը:
  2. Կարգավորումների հետ միաժամանակ նրանց տրամադրեցինք նաեւ ինտերնետ կապ: Սա ամենամեծ խնդիրն էր, որ, տարբեր գնահատականներով, յուրաքանչյուր 4-րդ երեխան դուրս մնաց հեռավար կրթության իրականացման գործընթացից: Մյուս խնդիրը ուսուցիչների պատրաստվածությունն էր, որովհետեւ լավ ուսուցիչը, որը կարողանում է 45 րոպեի ընթացքում հասցնել դասի նպատակով ուսուցանել երեխաներին տվյալ դասի թեման, դա դեռ չի նշանակում, որ նա կկարողանար հեռավար ուսուցման ընթցաքում այս նույն պրոսեցը կրկնել. Ինչո՞ւ. հեռավարին անցնելուց հետո առաջին 2 շաբաթվա մոնիտորինգը ցույց տվեց, որ 45 րոպեն հեռավարի դեպքում  ոչ միայն էֆեկտիվությամբ շատ ծանր է, այլ  նաեւ որոշակի առողջական խնդիրներ է պարունակում իր մեջ: Այս հախուռն հեռավարին անցնելը նաեւ մեզ հնարավորություն չտվեց, որպեսզի մենք առողջապահական որոշակի կաննոններ դնեինք այս ամենի հիմքում: Ուսուցիչներ կային, որ իրենք անձամբ չունեին սարքավորումներ: Մենք ունենք առաջարկներ, որոնք իրենցից ներկայացնում են հիմնականում գործնական աշխատանք եւ ոչ թե տեսական գիտելիքներ: Այս առարկաները, կարելի է ասել, ընդհանրապես հեռավար ուսուցմամբ չիրականացվեցին:

-Ու՞մ մեղքն էր դա, տիկի՛ն Ստեփանյան:

-Նախ նշենք, որ պրոցեսը շատ քաոտիկ սկսվեց. մինչ նախարարությունը  պաշտոնապես կասեր, որ մենք անցնում ենք հեռավար կրթության, արդեն տարբեր ուսուցիչներ իրենց հասանելի միջոցներով փորձեցին  ինչ-որ կերպ դասընթացը կազմակերպել, որպեսզի կրության պրոցեսը չընդհատվեր: Երբ արդեն նախարարությունից եղավ հրամանը, արդեն որոշակի բացեր ի հայտ եկան: Օրինակ՝ գործնական տեխնոլոգիայի առարկայի ուսուցիչը, ըստ Ձեզ, որքանո՞վ կկարողանա երեխաներին բլուզ ձեւել կամ շրջազգեստ կարել սովորեցնել: Այսինքն՝ հեռավար կրթությունը չէր ենթադրում բոլոր առարկաների 100 տոկոսով ադապտացում: Եվ ամենակորեւոր մասը, որի մասին շատ քիչ են խոսում, մարտ ամսին մենք ընդունեցինք «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխություններն ու լրացումները, որտեղ երկու հիմնական հասկացություն ներառեցինք: Դրանցից  մեկը կրեդիտային համակարգն էր, որը պետք է ներառվի 10, 11 եւ 12 դասարաններում, մյուսը հեռավար կամ դիստանցիոն կրթությունն էր, որը իրենից ներկայացնում էր ոչ դեմ հանդիման ուսուցչի եւ աշակերտի ուսուցման ձեւ: Բայց   մենք որոշեցինք, որ հեռավար կրթությունը չպետք է լինի այլընտրանք, այն պետք է իրականացվեր շատ  հազվադեպ, բացառիկ դեպքերում, երբ, օրինակ,  օրենքով սահմանված կարգով, ինչ-որ դպրոցում 2 կամ 3 մրցույթ հայտարարվելուց հետո չէր համալրվել որեւէ  ռարկայի ուսուցչի թափուր տեղ: Մենք որոշեցինք, որ, օրինակ, սամանամերձ  գյուղերում, որտեղ երեխաները տարիներ շարունակ զրկված են որեւէ առարկայի ուսումնասիրություններից, գոնե հնարավորություն ունենան առարկայի մասին հանրակրության շրջանակներում գիտելիքներ ձեռք բերել հեռավար ուսուցման միջոցով: Բայց ինչպես պետք է կազմակերպվեր այս հեռավար ուսուցման ցուցումը՝ չկար, իսկ ինչո՞ւ չկար. քանի որ կարգն էլ դեռ մշակված չէր այդ ժամանակ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻՆ ԿԸՆՏՐԵՆ ԱՐՏԱՀԵՐԹ

Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով փոփոխություն էր առաջարկում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում: Մասնավորապես, արդեն Ազգային ժողովի կողմից այս նախագիծն ընդունելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորներին կարող են ընտրել նաեւ արտահերթ նիստերի ժամանակ:

 

Բանն այն է, որ այժմ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով Սահմանադրական դատարանի դատավորի ընտրություն հնարավոր է իրականացնել միայն հերթական նիստերի ժամանակ, եւ պատգամավորն իր առաջարկության մեջ նկատում է, որ նախատեսված կարգավորումներն այնպիսին են, որ դրանք արհեստականորեն ձգձգում են գործընթացը: Մասնավորապես, դատավորի հրաժարականի դեպքում, եթե դա տեղի ունենա գարնանային նստաշրջանի վերջում, օրինակ՝ մայիսին, ՍԴ դատավորի թեկնածու առաջադրող, Սահմանադրությամբ նախատեսված մարմինն էլ կկատարի իր պարտավորությունը, միեւնույնն է, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի առկա կարգավորման պատճառով ՍԴ դատավորի տեղը թափուր կմնա ավելի քան չորս ամիս:

Այս փոփոխության նպատակն է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով խորհրդարանին հնարավորություն տալ, որպեսզի անհրաժեշտության դեպքում ՍԴ դատավորի ընտրությունները կազմակերպվեն նաեւ արտահերթ նիստում: Նկատենք, որ այժմ օրակարգում է Սահմանադրական դատարանի հարցը Ազգային ժողովով լուծելու տարբերակը: Եվ, ահա, դրանից հետո անհրաժեշտություն է առաջանալու արդեն ՍԴ դատավորներ ընտրել: Եվ սրան զուգահեռ նկատենք, որ Ազգային ժողովի հերթական նիստերը հունիսի 20-ին ավարտվելու են, եւ դրանից հետո միայն կարող են արտահերթ նիստեր գումարվել: Եվ, ահա, այս փոփոխությունը հնարավորություն կտա, որպեսզի Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրեն նաեւ արտահերթ նիստերում:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՊԵԿ-Ի ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ, ԱԺ պատգամավորի նախկին թեկնածու Արտյոմ Մովսեսյանին պատկանող «Գետամեջի» թռչնաֆաբրիկան հայտնվել է Պետական եկամուտների կոմիտեի ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արտյոմ Մովսեսյանին պատկանող «Գետամեջի» թռչնաֆաբրիկան դատի է տվել Պետական եկամուտների կոմիտեին եւ պահանջում է, որ կոմիտեն անվավեր ճանաչի 2019 թվականի երեք որոշումները եւ 2020 թվականի մարտի 20-ի որոշումները: Դատելով իրավիճակից՝ Արտյոմ Մովսեսյանի ընկերությանը ՊԵԿ-ը տուգանել է, եւ ընկերությունը այն վիճարկում է դատարանում:

 

ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՏՃԱՌ

Armlur.am-ի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանի տեղակալ Օվսաննա Քարամյանը աշխատանքից դուրս գալու դիմում է ներկայացրել ու հեռացել քաղաքապետարանից: Ըստ մեր տեղեկությունների` նորանշանակ տեղակալի կատարած աշխատանքները ոչ մի կերպ չեն ընդունվել, բոլոր առաջարկություններն ու առաջարկվող փոփոխությունները մերժվել են, ինչի համար Քարամյանը որոշել է հրաժարական ներկայացնել:

Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչություն պետ Աննա Ստեփանյանը Armlur.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ իր տեղակալը աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն: Արդյոք եղե՞լ են աշխատանքային տարաձայնություններ, թե՞ ոչ. Ստեփանյանը հայտարարեց. «Ցանկացած մարդ, ով լավ առաջարկությունով է մտնում վարչություն, մենք բոլորս միասնական թիմով քննարկում ենք, մենք նույնիսկ այստեղ ունենք աշխատակիցներ, որոնք նոր են, մենք իրենց առաջարկությունները ընդունել ենք, սիրով աշխատել ենք, նման բան չկա: Դա իր որոշումն էր, ինքը որոշեց, որ դա իրենը չէ, եւ որոշեց գնալ»:

Մեր դիտակմանը, թե, ըստ տեղեկությունների, Օվսաննա Քարամյանին այդ պաշտոնում երաշխավորել էր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ինչո՞ւ պետք է ամիսներ շարունակ վերջինս նման որոշում կայացներ, եթե ամեն ինչ լավ էր, մեր զրուցակիցը նշեց. «Ես չգիտեմ, թե ով է երաշխավորել, ես գիտեմ, որ մարդը եկել է, աշխատել է, որեւէ խնդիր մենք չենք ունեցել, հետո իր որոշումը եղավ այդպիսին, ես անգամ առաջարկել եմ չշտապել, մտածել, բայց դա իր որշումն էր»:

 

 

 




Լրահոս