Տիգրան Ավինյանը հանդիպել է պատգամավորներին. իրավիճակը հուսադրող չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մոտ 30 պատգամավոր կիրակի օրը՝ մայիսի 31-ին, հանդիպում են ունեցել ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի հետ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ հանդիպման ընթացքում քննարկվել է  Հայաստանում այժմ տիրող իրավիճակն ու վարակվածների օրեցօր ավելացող թվերի պատճառներն ու առաջիկա սպասելիքները:

Մենք տեղեկեցանք, որ պարետ Տիգրան Ավինյանն այնքան էլ հուսադրող հայտարարություններ չի արել: Նա նշել է, թե Հայաստանում այս իրավիճակը դեռ կշարունակվի և հունիսի կեսերից մինչև հուլիսի կես լինելու է վարակվածության և մահերի պիկերի շրջանը:

Միևնույն ժամանակ Ավինյանը պատգամավորների հետ հանդիպման ժամանակ նկատել է, որ չեն կարող խիստ կարանտինի անցնել, քանի որ տնտեսության վիճակն այդպես ավելի է վատանալու , ճգնաժամն էլ՝ խորանալու: Նա նկատել է, թե այլ տարբերակներ են մտածում, թե ինչպես անեն, որպեսզի չտուժի տնտեսությունը, իսկ իրավիճակն էլ կայունանա:

Փոխվարչապետը պատգամավորներին հայտնել է, որ այս պահին գլխավոր խնդիրներից է շարունակում մնալ առողջապահական համակարգը: Ավինյանը հայտնել է, թե փորձում են մասնագետներ գտնել, քանի որ առողջապահական համակարգում ևս շատ խնդիրներ կան և մասնագետների պակաս է նկատվում:

Հավելենք, որ առաջիկայում այլ հանդիպումներ ևս կլինեն պարետի հետ:

Սոնա Գրիգորյան




Լրահոս