Երգչուհի Անահիտ Շահբազյանը երեխայի լույս աշխարհ գալուց հետո այնքան էլ չի երեւում էկրաններին: «Ժողովուրդ» օրաթերթը երգչուհուց հետաքրքրվել է, թե երբ է պատրաստվում է վերադառնալ շոու-բիզնես, ստեղծագործական ի՞նչ նորություններ են սպասվում նրա երկրպագուներին:
-Անահի’տ, Ձեր դստեր` Նարեի ծնունդից հետո Ձեզ նվիրել եք ընտանիքին, եւ էկրաններին չեք երեւում: Ինչո՞վ եք այս պահին զբաղված:
-Իսկապես Նարեի ծնունդն ինձ համար լրիվ մի ուրիշ աշխարհ էր, իր հետ իմ կյանքն ու օրը լրիվ այլ է: Այն երաժշտությունը, որ ստեղծվում է, բալիկի ծնունդից առավել ոչինչ չի կարող լինել, առհասարակ բալիկը երաժշտությունից վեր է ինձ համար: Ուզում եմ այն աղջիկներին ասել, ովքեր դեռ չեն հասցրել մայրանալ, այս պահին ես զբաղված եմ իմ Նարեի հոգեկերտմամբ, փորձում եմ ամուսնուս հետ միասին նրան լիարժեք մարդ մեծացնել, մեր բոլոր հարազատների, տատիկ պապիկների սերը տալ Նարեին, քանի որ աշխարհում ամենակարեւորը սերն է, եւ եթե սեր կա, ապա բալիկդ էլ հանգիստ եւ ճիշտ է մեծանում: Իմ կարծիքով աշխարհում որեւէ համալսարան չի կարող այն ուժն ու սերը, դաստիարակությունը տալ, ինչը որ կարող է տալ մայրն իր երեխային: Կարծում եմ` եթե ծնողը մեխանիկորեն փորձի պարտականություններ կատարել, ապա իր մոտ ոչինչ չի ստացվի:
-Ե՞րբ եք պատրաստվում վերադառնալ շոու-բիզնես:
-Արդեն որոշակի քայլեր սկսել էի անել կրկին շոու-բիզնես վերադառնալու համար, սակայն խանգարեց այս կորոնավիրուս համավարակը: Կամաց-կամաց սկսում ենք աշխատանքները, նկարահանումները:
-Մեզ հետ նախորդ զրույցում նշել էիք, որ շուտով հանդիսատեսի դատին եք պատրաստվում ներկայացնել նոր տեսահոլովակ: Ի՞նչ փուլում է գտնվում այն:
-Շատ չեմ ուզում փակագծերը բացել, բայց էլի աշխատանքները տեսահոլովակի եւ երգի հետ կապված կասեցվեցին այս համավարակի պատճառով, առաջիկայում երեւի թե կսկսենք կասեցված աշխատանքները վերականգնել:
-Անահի’տ, Ձեր դստեր անունը Նարե է, եւ նկատում ենք, որ նրա լուսանկարները հրապարակելիս հաճախ նշում եք «խորոդ աղջիկ» բառախաղը, հնարավո՞ր է Ձեր երգացանկում նոր երգեր լինեն, ի պատիվ Ձեր դստերը:
-Դա ամուսնուս մտահաղացումն է: Այդ հեշթեյգի մասին իմացել եմ հիվանդանոցում, եւ մեքենայի ապակուն էլ փակցրել էր «Նարեխորոդաղջիկ» հեշթեգը, ինչն ինձ համար հաճելի անակնկալ էր:
-Երեխայի անվան ընտրությունն ինչպե՞ս կայացրեցիք:
-Ամուսինս շատ է սիրում Նարե անունը, ես նույնպես: Միասին որոշեցինք մեր դստերն անվանել Նարե:
-Երեխայի լույս աշխարհ գալուց հետո, ի՞նչ է փոխվել Ձեր կյանքում եւ առօրյայում:
-Երեխայի լույս աշխարհ գալուց հետո կարծես, թե ես մեծացել եմ, բայց չեմ ուզում կորցնել իմ միջի մանկությունը, քանի որ մանկությունն ինձ պաշտպանում է բոլոր տեսակի վախերից, դժվարություններից ու վատ երեւույթներից: Ես շատ ավելի պատասխանատու եմ դարձել, հասկացել եմ, որ կա մեկը, ում համար ես իմ ամբողջ կյանքում պատասխանատվություն պետք է կրեմ: Լինում են օրեր, երբ նա գիշերներն անհանգիստ է լինում, թույլ չի տալիս ինձ քնել, բայց երբեւէ չեմ ընկճվում: Եվ չեմ հասկանում, թե այդ ինչ մեծ գերբնական ուժով հաջորդ օրը նորից արթնանում եմ ու մեծ սիրով խնամում եմ իրեն: Նրա սերը ինձ մեծ ուժ է տալիս լինել շատ երջանիկ մայր:
-Իսկ ե՞րբ եք պլանավորում ունենալ երկրորդ երեխային: Կա՞ նման ցանկություն:
-Իհարկե ցանկություն կա, բայց քանի դեռ դուստրս փոքր է առաջիկայում նման պլաններ չունենք, երբ հասկանամ, որ Նարես արդեն ինքնուրույն է, արդեն կմտածենք երկրորդ բալիկի մասին:
-Անահի’տ, ո՞րն է կնոջ ամենամեծ առավելությունը:
-Կնոջ ամենամեծ առավելությունը դա համբերությունն է եւ կնոջ մեծ եղած սերը, որը պատրաստ է տարածել ընտանիքում համերաշխությունը պահպանելու համար: Կինը պարտավոր է լինել համաբերատար:
-Ո՞ր կարեւոր հատկություններն են նրան առանձնացնում տղամարդուց:
-Կրկին կնշեմ համբերատարությունը, որի շնորհիվ կինը կարողանում է կառավարել իր ընտանիքը, եւ միշտ հաջողություններ է ունենում:
-Կանացի ի՞նչ երազանք ունեք այսօր:
-Երազում եմ ունենալ մեծ ընտանիք, շատ բալիկներ, մեծ տուն, որտեղ մենք կապրենք առողջ ու երջանիկ:
Զրուցեց Լիդա Եղիազարյանը