Վերաքննիչ դատարանը վերացրել է Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, վերացրեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումը։ Այս մասին հայտնում է փաստաբան Միհրան Պողոսյանը:

«Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, վերացրեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումը։ Այն մասին, որ Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի ակտը ծայրահեղ ապօրինի էր, խոսել ենք բազմիցս»,- հայտնում է Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։

Փաստաբանը նշում է․ «Ցանկացած փաստաբանի, դատախազի և քննիչի հարցրեք Սերգեյ Մարաբյանի և Արտուշ Գաբրիելյանի տարբերության մասին և կհասկանաք նշված երկու դատական ակտերի տարբերությունը թե՛ օրինականության, թե՛ արդարացիության առումով։ Անվիճելի է, որ երկրի քաղաքական իշխանությունները չեն համակերպվի այս վիճակի հետ և օրերի ընթացքում Միքայել Մինասյանին կառաջադրեն մեկ այլ, բայց նույնքան անհիմն և ապօրինի մեղադրանք՝ դատարան ներկայացնելով Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ նոր միջնորդություն»։

Հավելենք, որ Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ապօրինի հարստացման, փողերի լվացման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար: Նա հետախուզման մեջ է։




Լրահոս