ՀԾԿՀ-ում սկսվել է քննարկումը. ինչ սակագին է առաջարկում «Գազպրոմ Արմենիա»-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր քննարկում է անցկացնում  է բնական գազի սակագների վերանայման հետ կապված: Ինչպես հայտնի է, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և վերջինիս «Տրանսգազ» ՍՊԸ-ի կողմից 01.04.2020թ. հանձնաժողով է ներկայացվել գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման, բնական գազի փոխադրման, բնական գազի բաշխման և վերջնական սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտեր, որոնք ուսումնասիրվել են հանձնաժողովի աշխատակազմի կողմից։

Բնակչությանը հազար խորանարդ մետրի դիմաց 300 դոլարով գազի վաճառքը միֆ է: Այս մասին քննարկման ժամանակ հայտարարեց «Գազպրոմ Արմենիա»-ի գործադիր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը:  Նրա խոսքով՝ սպառողների համար գազի միջին գինը 300 դոլար չէ, եղել եւ մնում է 255 դոլարի մակարդակի վրա, իսկ այդ թիվը մանիպուլյացիա է:

«90 դոլարից 43 դոլարը գնում է հարկերի, 12 դոլարը վնասի, 19 դոլարը՝ աշխատավարձերի վրա: Այդ պատճառով ընկերության գերշահույթի մասին որեւէ խոսք չի կարող լինել»,-նշեց նա:

Նշենք, որ սահմանին գազը թանկացել էր 2019-ի հունվարի 1-ից, երբ ուժը կորցրեց 2013-ին կնքված սակագնի երկարամյա համաձայնագիրը. այդ տարիների ընթացքում հայկական կողմը 1000 խորանարդ մետրի համար վճարում էր 150 դոլար։ 2019-ին սպառողների համար գազի սակագնի բարձրացման մասին խոսակցությունները շատ էին, և վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քաղաքացիները թանկացումը չեն զգա՝ սակագինը սպառողների համար կմնա նույնը: Այժմ հայաստանյան սպառողները մեկ խորանարդ մետրի համար վճարում են 139 դրամ՝ մոտ 290 դոլար հազար խորանարդ մետրի համար, ինչը 125 դոլարով ավելի է, քան գնվում է սահմանին։

Միևնույն ժամանակ ՀԾԿՀ-ն նաև հաշվարկներ է արել, թե ինչ սակագներ կարող են գործել: ՀԾԿՀ-ն առաջարկում է սպառողներին վաճառվող բնական գազի միջին կշռութային սակագինը 255 դոլարից հասցրել  266 դոլար: Այն հնարավորություն կտա չթանկացնել բնակիչ-բաժանորդների գազը:  Իսկ «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է սահմանել 283 դոլար՝ 1000 խ/մ-ի համար:

Նաիրա Հովհաննիսյան

 




Լրահոս