Հունիսի 3-ի գիշերը կրծքավանդակի շրջանում դանակահարված վիճակում «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխվեց 44-ամյա մի տղամարդ։ Այդ մասին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում ստացվեց։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ տղամարդը բուժհաստատություն է տեղափոխվել Աջափնյակ վարչական շրջանի Լուկաշինի փողոցի բնակարաններից մեկից։
Տանը հայտնաբերվեցին արնանման հետքեր, արնոտ դանակ եւ այլն։ Տեղում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Մաշտոցի բաժնի ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ տուժողն ու 55-ամյա մի տղամարդ միասին հաց են կերել, ինչի ընթացքում կենցաղային հարցերի շուրջ վեճ է ծագել, որն էլ հանգուցալուծվել է դանակահարությամբ։
Կասկածվողը նույն թաղամասում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին։ Բնակարանում հայտնաբերված արնանման հետքերով դանակը, որը նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն է, առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։