Շիրակի մարզում մի շարք տնտեսվարողների գործունեություն, պարետի որոշմամբ, կասեցվել է:Արդեն մի քանի օր է Շիրակի մարզում ստուգումներ են անցկացնում Սննդի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի (ՍԱՏՄ) ու ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) պատասխանատուները (ԱԱՏՄ): Ստուգայցերի արդյունքում մի շարք տնտեսվարողների գործունեություն կասեցվել է:
Հունիսի 4-ին ՍԱՏՄ և ԱԱՏՄ ներկայացուցիչները այցելեցին այն տնտեսվարողներին, որոնց գործունեությունը պարետի որոշմամբ, 24 ժամով դադարեցվեց: Աշխատանքները կայացվել են՝ հիմք ընդունելով հունիսի 1-ին Գյումրիում իրականացված ստուգումների արդյունքները:
«Մշտադիտարկում մշտապես անում ենք, եթե չպահեցին պարետի որոշումը, արձանագրում ենք, ուղարկում ենք պարետին․ ավելի խիստ պատժամիջոցներ կկիրառվեն, ավելի երկար ժամանակով կկասեցվեն։ Այսօր 24 ժամով կկասեցվի գործունեությունը, հետագայում 72 ժամով»,-լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց Սննդի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի ղեկավար Արտուշ Հովհաննիսյանը
Միայն ԱԱՏՄ կողմից ստուգայցերի առաջին օրը մարզում կասեցվել է 47, երկրորդ օրը՝ 19, այսօր՝ 9 տնտեսվարողի գործունեություն: Լրագրողների հարցին, թե մի քանի օր առաջ ստուգումների ժամանակ հայտնաբերված խախտումներ ունեցող օբյեկտներն ինչու են այսօր փակվում, երբ արդեն խախտումներ չկան, առողջության պահպանության և անվտանգության վերահսկողության բաժնի ավագ տեսուչ Գագիկ Մազմանյանը տեղեկացրեց, որ արձանագրման պահին կասեցման լիազորություն իրենց տրված չէ: Տվյալները ներկայացնում են պարետատուն: «Որոշումը պարետինն է: Ուրախ ենք, որ մարդիկ մեր այցից հետո վերացրել են խախտումները, բայց պետք է դրանք պահեն՝ անկախ ամեն ինչից: Սա ասում եմ, որովհետև դեպքեր ենք ունեցել, որ խախտումը վերացրել են, հետո մի քանի օր հետո գնացել ենք, տեսել ենք էլի նույն վիճակն է: Մարդիկ պետք է զգոն լինեն, չմտածեն՝ եկանք, գնացինք ու վերջ»,-նշեց պատասխանատուն:
Ստուգումները կառույցների կողմից մարզի բոլոր համայնքերում կլինեն շարունակական: