Հայաստանում վերջին շրջանում սնկի պես աճել են ոչ միայն դիմակ կարող, ալկոգել արտադրող, այլեւ ախտահանող ընկերությունները: Եւ պահանջարկի ավելացմամբ ոչ միայն ալկոգելն է թանկանում, այլեւ ախտահանման ծառայության գներն են բարձրանում:
ArmLur.am-ը զանգահարեց «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ-ը եւ հետաքրքրվեց, թե որքան արժեն ծառայության գները: Հեռախոսազանգին պատասխանեց տիկին Շողիկը, որից հետաքրքրվեցին, թե որքան կարժենա Երեւանում գտնվող 4 սենյականոց բնակարանի ախտահանման ծառայությունը: Խնդրեցինք տեղեկացնել, թե որքան կկազմի նաեւ մարզում գտնվող սեփական տան ախտահանման արժեքը:
Մեր հարցերին ի պատասխան՝ Շողիկ ներկայացած անձը փոխանցեց. «Վիրուսի դեմ մենք օդն ենք փչում, դրա համար քառակուսի մետրով չէ մեր ծառայության արժեքը հաշվարկվում: Եթե բնակարանն ունի 4 սենյակ, ապա ախտահանման արժեքը կկազմի 30 հազար դրամ: Իսկ մարզում գտնվող սեփական տան հետ կապված, եթե այն գտնվում է Երեւանին մոտ, ապա մեկ սենյակի ախտահանման արժեքը կազմում է 10 հազար դրամ: Եթե հինգ սենյակ ունի տունը, ապա մի սենյակի արժեքը կզեղչեմ»: Մեր զրուցակցից տեղեկացանք, որ ախտահանիչ նյութերն իրենք ստանում են Ֆրանսիայից:
«Մեր նյութը հեղուկ է, որը ապարատը վերածում է փոշու, այդ փոշին, որ մենք սենյակի մեջ փչում ենք օդ, այն անմիջապես սենյակի ամեն անկյունում նստում է. համակարգչի, մկնիկի հեռուստացույցի վրա նստում է: Այն անվնաս նյութ է, Ֆրանսիայից ենք ստացել, տեսել եք երեւի, որ ամբողջ քաղաքը, նույնիսկ Ազգային ժողովի, Կառավարության, Ազգային պատկերասրահի շենքերը լրիվ այդ նյութերով ենք ախտահանում: Դա մեր հիմնարկն է անում: Ես եմ իմ օգնականի հետ այդ աշխատանքը կատարողը»,- անկեղծացավ տիկին Շողիկը: Ապա հորդորեց օգտվել այն ընկերություններից, որոնք քլորով կամ սպիրտով են ախտանաման աշխատանքներ կատարում:
«Ես ծանոթ եմ մյուս ընկերություններին, որոնք այդ նույն ծառայություներն են մատուցում, նրանք քլոր պարունակող նյութերով են աշխատում, քլորը նախ վիրուսի դեմ չի ազդում, վիրուսի դեմ ազդող ախտահանիչ նյութից մենք ունենք, որը հատուկ է եւ հակավիրուսային է: Նրանց ունեցածը քլոր է պարունակում, սպիրտ, իսկ դրանք ոչ մի ազդեցություն չունեն վիրուսի վրա: Ես չեմ ասում, որ ինձ հրավիրեն, կամքն իրենցն է, բայց զգուշացնում եմ, որ նրանց նյութերը չեն օգնում: Իսկ մեր ընկերության գործիքը տեսել եք երեւի, հանրային տրանսպորտը որ ախտահանում են, դա մեր գործիքով են արել, փչող է, դրանից ես ինչքան նայել եմ, ոչ ոք չունի: Պետական գերատեսչություններում մենք ենք անում այդ ամեն ինչը նախարարություններում. եթե վատ լինի, չեմ կարծում, որ մեզ կկանչեն Արդարադատության, Կրթության նախարարություններ, կառավարություն, կամքն իրենցն է: Նույնիսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակն ենք ախտահանել… Մի անգամ ենք ախտահանել, բայց մենք ենք արել»,- հայտարարեց ախտահանող ընկերության աշխատողը:
Իսկ, ահա, «Էկո Դեզ» ախտահանման կենտրոնից ArmLur.am-ին փոխանցեցին, որ մոտ 100 քմ տարածքի համար ախտահանման ծառայության արեժքը կկազմի 20-25 հազար դրամ, քմ մոտ 220 դրամ: Իսկ եթե Երեւանից դուրս պետք է ախտահանման աշխատանքներ իրականացնել, ապա արժեքը կփոխվի, այն կբարձրանա:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՔԱՐԱԹԱՓՈՒՄ՝ԱՅՐՈՒՄ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Տավուշի մարզի Այրում համայնքի տարածքով ձգվող Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Բագրատաշեն-Պտղավան հատվածում մոտ մեկ շաբաթ առաջ քարաթափում է եղել, որի մասին Այրումի համայնքապետարանը տեղյակ է պահել Տավուշի մարզպետարանին, արտակարգ իրավիճակների նախարարությանը: Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը հայտնեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները եղել են տեղում, ուսումնասիրություններ կատարել, լուսանկարներ արել: Ժայռաբեկորները հայտնվել են ավտոճանապարհին, վնասել «Յուքոմ» ընկերության կաբելը, ջարդել են կաբելը պահող հենասյունը: Ժայռաբեկորները ավտոճանապարհի մեջտեղից հեռացրել են խոշոր բեռնատարների վարորդները, որպեսզի կարողանան անցնել ճանապարհի այդ հատվածով: Արայիկ Պարանյանն ասաց, որ վերջերս տեղացած անձրեւները պատճառ են հանդիսացել հողի սողանքի, որի հետեւանքով ժայռերից քարաբեկորներ են պոկվել, ջարդել ճանապարհի եզրի բետոնյա արգելապատնեշի պռունկը եւ հայտնվել միջպետական ավտոճանապարհին: Այրում համայնքի ղեկավարն ասաց, որ իրենց ավելի շատ մտահոգում են Այրում քաղաքի վարչական տարածքում գտնվող, միջպետական ավտոճանապարհի վերեւի մասի ժայռերը, որտեղ ամեն պահ կարող է քարաթափում լինել: Միջպետական ավտոճանապարհի այդ հատվածում 2011թ. հոկտեմբերի 2-ին հողի մեծ սողանք, հողաթափում եւ քարաթափում եղավ, որի հետեւանքով զոհվեց 5 մարդ: Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները ժամանել են Այրում, տեղում ուսումնասիրել, թե ինչպես պետք է կատարել ճայռերի պայթեցումը: Դրա համար հարկ կլինի ներքեւում հողի մեծ հարթակ կառուցել, որպեսզի ժայռերից պոկված հսկա քարաբեկորները ընկնեն-մնան հարթակում: Արայիկ Պարանյանը հայտնեց, որ այդ աշխատանքները կատարելու համար հարկ կլինի շուրջ 40 միլիոն դրամ, սակայն այդ գումարը ֆինանսավորող չկա: Այրում համայնքի ղեկավարն ասաց, որ ինքը նախատեսում է հարթակի կառուցման վերաբերյալ առաջիկայում խորհրդակցություն անցկացնել այդ տարածաշրջանում ճանապարհաշինական աշխատանքներ կատարող ընկերությունների ղեկավարների հետ:
ՀՈՆԵՆԻՆԵՐԸ ՉՈՐԱՑԵԼ ԵՆ
Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչները հայտնում են, որ գյուղի շրջակա անտառների հոնենիները չորացել են: Դա շատ լավ երեւում է, քանի որ այլ տեսակի ծառերը ծաղկել են, իսկ հոնենիները՝ ոչ: Ոսկեպարի շրջակայքում մեծ հոնուտներ կան, գյուղացիները սեպտեմբեր ամսին անտառում վայրի հոնենիներից հավաքած բերքը մթերողներին վաճառում են կիլոգրամը 200 դրամով եւ ստացված գումարով լուծում իրենց առօրյա հոգսերի մի մասը: Այժմ գյուղացիները զրկվել են այդ հնարավորությունից: Ոսկեպարի բնակիչները չգիտեն, թե որն է հոնենիների չորացման պատճառը: Դա կարող է լինել կլիմայի համաընդհանուր տաքացման եւ վերջին տարիների երաշտի հետեւանքը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ-ում նոր կորոնավիրուսային համավարակի հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանությունը երեկվանից մինչեւ հունիսի 15-ը դադարեցնում է անձնագրային եւ վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես եւ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների, քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը:
ԿԲ-Ն ՉԻ ՀՐԱՊԱՐԱԿԻ
Հունիսի 3-ին ՀՀ ԱԺ-ն երկրորդ եւ վերջին ընթերցմամբ «կողմ» է քվեարկել «Բանկային գաղտնիության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությանը: Քվեարկության ընթացքում 82 խորհրդարանական աջակցել է նախաձեռնությանը, 30-ը դեմ է հանդես եկել: Այսպիսով, կհանվի օրենքի այն դրույթը, որը Կենտրոնական բանկին թույլ է տալիս հրապարակել անբարեխիղճ պարտատերերի անունները կամ անվանումները:
ՆՈՐ ԴԵՊՔԵՐ
Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել: Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է եւս 3 քաղաքացու մոտ, որոնք ժամանել են Ռուսաստանի Դաշնությունից եւ անմիջապես մեկուսացվել են: Ընդհանուր առմամբ, Արցախում նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է 57 քաղաքացու մոտ, որից 26-ը հաջողությամբ հաղթահարել է հիվանդությունը: Մեկուսացված է 98 քաղաքացի, թեստավորման նպատակով ՀՀ է ուղարկվել 984 նմուշառում:
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ
ՀՀ արդարադատության նախարարությունը նախապես հայտարարված թվային օրակարգի շրջանակում գործարկել է e-services.moj.am հարթակը, որի միջոցով հնարավոր է դարձել առանց ՔԿԱԳ տարածքային մարմին այցելելու ստանալ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը՝ էլեկտրոնային տարբերակով: Այս հնարավորությունից օգտվել կարող են ՀՀ քաղաքացիները, ինչպես նաեւ Հայաստանի բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող կամ ունեցած օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք: Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում տարեկան ընդունվում են մոտ տասը հազար դիմումներ՝ ընտանեկան կարգավիճակի տրամադրման համար, եւ այս դիմումների ընդունումը էլեկտրոնային ձեւաչափով հնարավորություն կտա դիմող անձանց այլեւս անձամբ կամ լիազորված անձի միջոցով չներկայանալ իրավասու մարմին համապատասխան դիմում լրացնելու համար, իսկ տեղեկանքը վարույթը ավարտելուց հետո կներկայացվի էլեկտրոնային ձեւաչափով: Համակարգ մուտք գործելու համար կարող եք օգտվել այս ուղեցույցից: