Երգչուհի Անահիտ Շահբազյանը երեխայի լույս աշխարհ գալուց հետո այնքան էլ չի երեւում էկրաններին: «Ժողովուրդ» օրաթերթը երգչուհուց հետաքրքրվել է, թե երբ է պատրաստվում վերադառնալ շոու-բիզնես, ստեղծագործական ինչ նորություններ են սպասվում նրա երկրպագուներին:
-Անահի՛տ, Ձեր դստեր` Նարեի ծնունդից հետո Ձեզ նվիրել եք ընտանիքին եւ էկրաններին չեք երեւում: Ինչո՞վ եք այս պահին զբաղված:
-Իսկապես Նարեի ծնունդն ինձ համար լրիվ մի ուրիշ աշխարհ էր, իր հետ իմ կյանքն ու օրը լրիվ այլ է: Այն երաժշտությունը, որ ստեղծվում է, բալիկի ծնունդից առավել ոչինչ չի կարող լինել, առհասարակ բալիկը երաժշտությունից վեր է ինձ համար: Ուզում եմ այն աղջիկներին ասել, ովքեր դեռ չեն հասցրել մայրանալ, այս պահին ես զբաղված եմ իմ Նարեի հոգեկերտմամբ, փորձում եմ ամուսնուս հետ միասին նրան լիարժեք մարդ մեծացնել, մեր բոլոր հարազատների, տատիկ պապիկների սերը տալ Նարեին, քանի որ աշխարհում ամենակարեւորը սերն է, եւ եթե սեր կա, ապա բալիկդ էլ հանգիստ եւ ճիշտ է մեծանում: Իմ կարծիքով՝ աշխարհում որեւէ համալսարան չի կարող այն ուժն ու սերը, դաստիարակությունը տալ, ինչը որ կարող է տալ մայրն իր երեխային: Կարծում եմ` եթե ծնողը մեխանիկորեն փորձի պարտականություններ կատարել, ապա իր մոտ ոչինչ չի ստացվի:
-Ե՞րբ եք պատրաստվում վերադառնալ շոու-բիզնես:
-Արդեն որոշակի քայլեր սկսել էի անել կրկին շոու-բիզնես վերադառնալու համար, սակայն խանգարեց այս կորոնավիրուս համավարակը: Կամաց-կամաց սկսում ենք աշխատանքները, նկարահանումները:
-Մեզ հետ նախորդ զրույցում նշել էիք, որ շուտով հանդիսատեսի դատին եք պատրաստվում ներկայացնել նոր տեսահոլովակ: Ի՞նչ փուլում է գտնվում այն:
-Շատ չեմ ուզում փակագծերը բացել, բայց էլի աշխատանքները տեսահոլովակի եւ երգի հետ կապված կասեցվեցին այս համավարակի պատճառով, առաջիկայում երեւի թե կսկսենք կասեցված աշխատանքները վերականգնել:
-Անահի՛տ, Ձեր դստեր անունը Նարե է, եւ նկատում ենք, որ նրա լուսանկարները հրապարակելիս հաճախ նշում եք «խորոդ աղջիկ» բառախաղը, հնարավո՞ր է Ձեր երգացանկում նոր երգեր լինեն՝ ի պատիվ Ձեր դստերը:
-Դա ամուսնուս մտահղացումն է: Այդ հեշթեյգի մասին իմացել եմ հիվանդանոցում, եւ մեքենայի ապակուն էլ փակցրել էր «Նարեխորոդաղջիկ» հեշթեգը, ինչն ինձ համար հաճելի անակնկալ էր:
-Երեխայի անվան ընտրությունն ինչպե՞ս կայացրեցիք:
-Ամուսինս շատ է սիրում Նարե անունը, ես նույնպես, եւ միասին որոշեցինք մեր դստերն անվանել Նարե:
-Երեխայի լույս աշխարհ գալուց հետո ի՞նչ է փոխվել Ձեր կյանքում եւ առօրյայում:
-Երեխայի լույս աշխարհ գալուց հետո կարծես թե ես մեծացել եմ, բայց չեմ ուզում կորցնել իմ միջի մանկությունը, քանի որ մանկությունն ինձ պաշտպանում է բոլոր տեսակի վախերից, դժվարություններից ու վատ երեւույթներից, քանի որ մարդը գիտակցում է հասուն տարիքում, բայց բալիկից հետո այդ մանկությունը հեռվացել է, եւ ես շատ ավելի պատասխանատու եմ դարձել, հասկացել եմ, որ կա մեկը, ում համար ես իմ ամբողջ կյանքում պատասխանատվություն պետք է կրեմ: Լինում են օրեր, երբ նա գիշերներն անհանգիստ է լինում, թույլ չի տալիս ինձ քնել, բայց երբեւէ չեմ ընկճվում: Եվ չեմ հասկանում, թե այդ ինչ մեծ գերբնական ուժով հաջորդ օրը նորից արթնանում եմ ու մեծ սիրով խնամում եմ իրեն: Նրա սերը ինձ մեծ ուժ է տալիս լինել շատ երջանիկ մայր:
-Իսկ ե՞րբ եք պլանավորում ունենալ երկրորդ երեխային: Կա՞ նման ցանկություն:
-Իհարկե ցանկություն կա, բայց քան դեռ դուստրս փոքր է, առաջիկայում նման պլաններ չունենք: Երբ հասկանամ, որ Նարես արդեն ինքնուրույն է, արդեն կմտածենք երկրորդ բալիկի մասին:
-Անահի՛տ, ո՞րն է կնոջ ամենամեծ առավելությունը:
-Կնոջ ամենամեծ առավելությունը դա համբերությունն է եւ կնոջ մեծ եղած սերը, որը պատրաստ է տարածել ընտանիքում համերաշխությունը պահպանելու համար: Կինը պարտավոր է լինել համբերատար:
-Ո՞ր կարեւոր հատկություններն են նրան առանձնացնում տղամարդուց:
-Կրկին կնշեմ համբերատարությունը, որի շնորհիվ կինը կարողանում է կառավարել իր ընտանիքըեւ միշտ հաջողություններ է ունենում:
-Կանացի ի՞նչ երազանք ունեք այսօր:
-Երազում եմ ունենալ մեծ ընտանիք, շատ բալիկներ, մեծ տուն, որտեղ մենք կապրենք առողջ ու երջանիկ:
«ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՍԱՐՍԱՓԵԼԻ ՄԵԾ ՃՆՇՈՒՄ ԿԱ». ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Սարսափելի ժամանակներ ենք մենք հիմա ապրում, եւ սարսափելի մեղք են մեր երեխաները, որ հիմա տանն են:«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել երգչուհի Հասմիկ Կարապետյանը՝ անդրադառնալով կորոնավիրուս համավարակի տարածմանն ու կանխարգելիչ միջոցառումներին:
«Թագավարակի ռիսկի գործոնը մեծ է: Ամբողջ աշխարհն է խառնվել իրար, ես ինքս իմ մեջ շատ ու շատ հարցեր ունեմ, բայց դրանց մասին չեմ ուզում խոսել, եւ երբեք ոչ մեկս չենք կարող ասել, թե որն է ճիշտը, եւ երբ կավարտվի այս քաոսը: Ցավալին սա է: Ես զգում եմ, որ վաղվա օրվա վրա ոչ մի դիրքորոշում չկա, կարծես թե մենք օդում կախված լինենք: Ինձ համար սարսափելի մեղք են երեխաները, ովքեր պետք է հաճախեին նախակրթարաններ, զարգացման կենտրոններ, խթանեին էվոլյուցիան.. Ընդհանրապես այս դարի, ժամանակաշրջանի երեխաները շատ ակտիվ են, ինչքա՞ն կարելի է մուլտֆիլմեր դիտել, ծնողների հետ խաղալ, որը որ չգիտի՝ երեխաներով զբաղվի, տան կենցաղով, խոհանոցով, թե բազմաթիվ այլ գործեր հասցնի»,-սրտնեղած նշում է երգչուհին:
Հասմիկ Կարապետյանի համոզմամբ` այս ժամանակահատվածում ամբողջ աշխարհում ինչ-որ գլոբալ փոփոխություն է կատարվում, եւ ինչ-ինչ մարդկանց պետք է, որ ժողովուրդը նստի տանը, իսկ երեխաները չկրթվեն եւ չզարգանան:
«Ինձ թվում է՝ փոքր տարիքից երեխաներին վարժեցնում են ռոբոտացմանը: Ինչքան էլ որ փորձում ենք թեթեւ մտածել, թե մենք չեն հիվանդանա, քանի որ մենք զգույշ ենք, բոլոր կանոններին հետեւում ենք, բայց ինչպե՞ս կարելի է հասկանալ, արդյոք այս ամեն ինչն այսքան սարսափելի է, ինչքան որ նկարագրվում, հրամցվում է մեզ»,-նկատում է նա:
Երգչուհու հավելմամբ` հոգեբանական սարսափելի մեծ ճնշում կա եւ, այլեւս այսպես շարունակել ապրել հնարավոր չէ. «Երեխաները մեղք են, Աստված պետք է խղճա այս երեխաներին, նոր եկող սերունդը վատ վիճակի մեջ է: Չեմ կարող ասել, թե երբ կավարտվի, գուցե մյուս տարի կամ գուցե տարվա վերջ վերանա այս վիրուսը»:
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում ավելացել է 515-ով` հասնելով` 10524-ի:
Նյութերը՝ ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ
ԿՎԵՐԱԴԱՌՆԱ
Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի 19-ամյա պաշտպան Էրիկ Գարսիան կարող է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում վերադառնալ իր նախկին ակումբ՝ կատալոնական «Բարսելոնա»:
«Բարսելոնան» ցանկանում է էրիկ Գարսիային ընդգրկել Նելսոն Սեմեդուի՝ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխության գործարքում: Մանչեսթերյան ակումբը չի պատրաստվում հրաժարվել իսպանացի պաշտպանի ծառայություններից: Էրիկ Գարսիան «Բարսելոնայի» ակումբային ակադեմիայի՝ «Լա Մասիայի» սան է, «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2017 թվականին, իսկ 2019 թվականին նորամուտն է նշել Պրեմիեր լիգայում: Ընթացիկ մրցաշրջանում Էրիկ Գարսիան «Մանչեսթեր Սիթիի» կազմում մասնակցել է 6 հանդիպման:
ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ԿՐՃԱՏՈՒՄԻՑ
Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստները հրաժարվել են ընդունել երկրորդ անգամ աշխատավարձերի կրճատման ակումբի ղեկավարության առաջարկը: Sport.es-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն կրկին դիմել է թիմի ֆուտբոլիստներին եւ առաջարկել ընդունել աշխատավարձերի կրճատման առաջարկը, որպեսզի ակումբը խուսափի հետագա ֆինանսական խնդիրներից: Իսպանիայի չեմպիոնի ֆուտբոլիստները մերժել են առաջարկը: Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարի ընթացքում «Բարսելոնայի» ֆուտբոլիստները համաձայնել էին հրաժարվել իրենց աշխատավարձերի 70 տոկոսից: Իսպանիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 11-ին «Սեւիլիա» – «Բետիս» խաղով: «Բարսելոնան» հունիսի 13-ին կհյուրընկալվի «Մալյորկային», «Ռեալը» հունիսի 14-ին կընդունի «Էյբարին»:
ՉԻ ՀԱՆԴԻՊԵԼ
Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Հարվի Էլիոտը 2018 թվականին Մադրիդի «Ռեալի» մարզաբազա այցելության ընթացքում հրաժարվել է հանդիպել Արքայական ակումբի ավագ Սերխիո Ռամոսի հետ: 2018 թվականին, երբ Էլիոտը հանդես էր գալիս անգլիական «Ֆուլհեմում», Մադրիդի «Ռեալի» մարզաբազայում էքսկուրսիայի հրավեր է ստացել: Այդ ընթացքում, երբ ֆուտբոլիստին առաջարկել են հանդիպել Սերխիո Ռամոսի հետ, նա հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ Ռամոսը Չեմպիոնների լիգայի եզրափակչում ճիշտ պահվածք չի ցուցաբերել Մոհամեդ Սալահի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 2017/18 մրցաշրջանի եզրափակչում Սերխիո Ռամոսը միտումնավոր վնասվածք էր հասցրել «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահին, որը չէր կարողացել շարունակել հանդիպումը: «Ռեալը» հաղթանակ էր տարել 3:1 հաշվով: