Ինչու են ոստիկաններն ուղեկցում Իոաննիսյանի խմբին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է՝ «Իրազեկ քաղաքացիներ» միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն այլ քաղաքացիների հետ միասին  հակահամաճարակային կանոնների հսկման ու աջակցման ակցիաներ է իրականացնում Երևանում։ Դրանցից մեկի ժամանակ, երեկ միջադեպ գրանցվեց նրա և իր ավտոտնակում գտնվող ոստիկանության լրատվական ծառայության նախկին պետ, գնդապետ Սայաթ Շիրինյանի միջև, երբ Իոաննիսյանը վերջինիս հորդորեց դիմակ կրել:

Ակցիաների և միջադեպի ընթացքում շատերի ուշադրությունը գրավեց այն հանգամանքը, որ աջակցման խմբերին ուղեկցում են ոստիկաններ: ArmLur.am-ը մեկնաբանության համար դիմեց Դանիել Իոաննիսյանին՝ հասկանալու համար, թե ինչու են նրանց ոստիկաններ ուղարկում: Ի պատասխան Իոաննիսյանը նշեց. «Մենք աջակցում ենք ոստիկանությանը, ոստիկանությունն աջակցում է մեզ: Ոստիկանությանը մեր աջակցությունը կայանում է նրանում, որ մենք հորդորում ենք, առաջարկում ենք, խնդրում ենք, բացատրում ենք մարդկանց կրել դիմակներ և պահպանել հակահամաճարակային կանոնները: Մեր աջակցությունը կայանում է նաև նրանում, որ մենք ոստիկանությանը մատնացույց ենք անում այն քաղաքացիներին, որոնք հրաժարվում են դիմակ կրել, կատարում են իրավախախտում: Եվ ոստիկանությունը մեզ աջակցում է նրանում, որ այդպիսի մարդկանց տուգանում են»:

Մեկնաբանության համար դիմեցինք  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին, որ մեզ հետ զրույցում նշեց, թե ոստիկաններն իրազեկող խմբին ուղեկցում են միայն հասարակական կարգ ապահովելու համար:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս